Մինչ ԱՄՆ պետդեպարտամենտը հույս է հայտնում, որ Ռուսաստանը և Ուկրաինան կհամաձայնեն և հունիսի 2-ին Ստամբուլում կվերսկսեն բանակցությունները, հայտնի է դարձել, որ Մոսկվան ծրագրում է առաջիկա սեպտեմբերին Բելառուսի սահմանին «Արևմուտք-2025» անվանված լայնածավալ զորավարժություններ անցկացնել:
Այդ առթիվ գերմանական Bild-ը հիշեցնում է կանցլեր Մերցի հայտարարությունը. «Նա, ով լրջորեն հավատում է, որ Ռուսաստանը կբավարարվի Ուկրաինայի դեմ հաղթանակով կամ նրա տարածքի մի մասի բռնակցմամբ, սխալվում է»:
Գերմանիայի կանցլերն այդ տեսակետն արտահայտել է վերջերս, երբ այցելել է Վիլնյուս, որտեղ ներկա է գտնվել գերմանական զրահատանկային զորամասի տեղաբաշխման արարողությանը: Bild-ի թղթակիցը փոխանցում է, որ այսպես կոչված՝ «Սուվալսկիի միջանցքում» բնակչություն ապրում է մշտական տագնապով, մարդկանց առօրյա մտահոգությունը մեկն է. «Ռուսները կհարձակվե՞ն, ե՞րբ, հնարավո՞ր է պաշտպանվել»:
Խոսքը մի տարածքի մասին է, որ Բելառուսը բաժանում է Մերձբալթիկայի երկրներից և Ռուսաստանի էքսկլավ Կալինինգրադի մարզից: Իրավաբանորեն այդ տարածքը պատկանում է Լիտվային, որ ՆԱՏՕ-ի անդամ է, բայց միչև Ռուսաստանում բոլշևիկյան հեղաշրջումը գտնվել է Լեհաստանի թագավորության կազմում, որն էլ իր հերթին Ռուսական կայսրության մաս էր կազմում:
Ռուսաստանյան մամուլը վերջին շրջանում սևեռված է Կալինինգրադին «սպառնացող վտանգի» թեմայի վրա: Բանն այն է, որ Կալինինգրադի մարզի հետ Ռուսաստանի հաղորդակցությունն անցնում է «Սուվալսկիի միջանցքով»:
Ուկրաինայի դեմ պատերազմի սկզբից ի վեր Լիտվան որոշակի սահմանափակումներ է մտցրել: Խոսքը, ընդսմին, վերաբերում է միայն բեռանփոխադրումներին, մարդկանց տեղաշարժի ռեժիմի խստացում տեղի չի ունեցել:
Ռուսաստանը, բնականաբար, Բելառուսի տարածք- «Սուվալսկիի միջանցք» հաղորդակցության սահմանափակումները գնահատում է Լիտվայի կողմից «թշնամական քայլ»: Այդ «խոչընդոտը վերացնելու» մասին, ինչպես աղբյուրներն են հիշեցնում, դեռևս 2013 թվականին խոսել է ՌԴ փոխվարչապետի պաշտոնն զբաղեցնող Դմիտրի Ռոգոզինը:
Որքանո՞վ է հավանական «Սուվալսկիի միջանցքի» դեմ Ռուսաստանի հարձակումը: Bild- ի հրապարակումից, որ թարգմանաբար ներկայացրել է inosmi.ru-ն, հասկացվում է, որ Գերմանիայի կանցլեր Մերցը Լիտվա է այցելել, որպեսզի հավաստիացնի, որ «Սուվալսկիի միջանցքը» գտնվում է Բեռլինի անվտանգության երաշխիքների ներքո:
Ժամանակային առումով այդ քայլը համընկնում է Ուկրաինային հեռահար հրթիռներ մատակարարելու և դրանց կիրառման սահմանափակումները չեղյալ ճանաչելու մասին Մերցի հայտարարությանը: Ընդ որում, նա ասել է, որ նման որոշում կայացրել են նաև ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը, սակայն, քննադատության սլաքներն ուղղել է միայն Բեռլինի դեմ: Նա ասել է, որ Գերմանիան, ինչպես պատմության մեջ մի քանի անգամ արդեն եղել է, «կանգնում է կործանման սպառնալիքի շեմին»:
Գերմանական պարբերականը հիշեցնում է, որ Բելառուսի սահմանին Ռուսաստանը լայնածավալ զորավարժություններ անցկացրել է նաև 2021 թվականի հոկտեմբերին: «Այն ժամանակ դրանք անվանվել էին «Հարավա- 2021», իսկ կարճ ժամանակ անց Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա»,- սեպտեմբերին անոնսավորված զորավարժությունների հետ զուգահեռ է անցկացնում Bild-ի հեղինակը:
Ուշագրավ է, որ օրերս Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելաուսովը խոսել է Սյունիքի շուրջ լարվածության պահպանման մասին: Այդ հայտարարության հաջորդ օրն ադրբեջանական զինուժը գնդակոծել է Խոզնավար գյուղը, վնասվել է բնակելի տուն: Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մեկնաբանությամբ՝ Ադրբեջանը զինված միջադեպի պատասխանատվությունից հրաժարվել է:
«Սուվալսկիի միջանցքի» շուրջ լարվածությունն ուշադրության է արժանի նաև այն առումով, որ Սյունիքում հաղորդուղիների բացման հարցում արվել է Ռուսաստան-Լիտվա պայմանավորվածությունների նախադեպն ուսումնասիրելու առաջարկություն: Ըստ էության, Արևմուտքն այսօր մտահոգ է, որ Պուտինը կարող է գրավել «Սուվալսկիի միջանցքը»:
Բաց մի թողեք
Քաղաքական ցինիզմի աննախադեպ օրինակ Ալիևի կողմից
«Ապահով վայրն» Ռուսաստա՞նն է, Արաղչին Մոսկվա է մեկնել, որ քննարկի «ի պահ հանձնելու» իրավական պայմաննե՞րը
ՌԴ համար Հայաստանի «բնակչությունը հայ-լուսավորչական համայնք է, ոչ թե՝ քաղաքականապես ինքնակազմակերպված հանրություն