Ստամբուլում անոնսավորված բանակցությունների նախօրերին Ռուսաստանը լայնածավալ հարձակման է անցել: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Նեբեզնյան հայտարարել է, որ ոչ ոք չպետք է երազի առանց նախապայմանների հրադադարի հաստատման մասին: Մոսկվայի պահանջը մնում է անփոփոխ, կամ Կիևն ընդունում է անվերապահ կապիտուլյացիան, կամ պատերազմը կշարունակվի:
Այս ֆոնին հայտնի է դարձել, որ թեև Ղազախստանը ԲՐԻԿՍ-ին անդամակցելու առաջարկ է ստացել, բայց նախագահ Տոկաևը «նախապատվությունը տալիս է Միավորված ազգերի կազմակերպությանը՝ որպես ունիվերսալ կառույցի, որտեղ պետք է քննարկվեն և լուծում ստանան միջազգային քաղաքականության բոլոր ակտուալ խնդիրները»:
Tengrinews-ը փոխանցել է Ղազախստանի նախագահի խորհրդական Բերիկ Ուալիի տեսակետը, որ ԲՐԻԿՍ-ը «ոչ քարտուղարություն ունի, ոչ կանոնադրություն, մի տեսակ ֆանտոմ է, ոչ թե միջազգային կառույց»:
Մամուլը տեղեկացնում է, որ Ղազախստանը նախընտրել է երկու ատոմակայանի կառուցման պատվերը վերապահել չինական ընկերություններին, որ գրեթե կրկնակի էժան գին են առաջարկում, քան՝ «Ռոսատոմը»:
Ոչ պաշտոնական աղբյուրների տեղեկացվածությամբ՝ Չինաստանը «խոստացել է Ղազախստանին փոխանցել ուրանի հարստացման տեխնոլոգիաներ, որպեսզի ատոմային էլեկտրակայանների վառելիքի խնդիրը լուծվի տեղում»:
Եթե այդ տեղեկությունը մոտ է իրականությանը, ապա հասկանալի է դառնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Ղազախստանի նախագահ Կասիմ – Ժոմարտ Տոկաևի վերջին հայտարարությունների աշխարհաքաղաքական ենթատեքստը, որ կարելի է որակել որպես Չինաստան- Թուրքական պետությունների կազմակերպություն դե-ֆակտո դաշինք, որ ակնհայտորեն ուղղված է Հնդկաստանի դեմ:
ՄԱԿ-ի ԱԽ վեցերորդ մշտական անդամի հավանական թեկնածուներից մեկը Հնդկաստանն է, որի դեմ Չինաստանը պրոքսի պատերազմ է վարում Պակիստանի միջոցով, իսկ վերջինս Թուրքիայի ռազմավարական դաշնակիցն է: Այս առումով մայիսի 28-ի «Լաչինի պակտի» իրական հովանավորը, հավանաբար, Չինաստանն է:
Քաղաքական և իրավական ի՞նչ ձեւակերպում կունենա ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը՝ արդեն աշխարհաքաղաքական կարևորություն չունի, եթե Ռուսաստանը «կորցնում է» Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը, որովհետև Պուտինի խնդիրն ուկրաինական չորս մարզերի գրավումը չէ, այլ՝ «Մեծ Եվրասիայի» կառուցումը:
Իսկ առանց Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի ամբողջական «ինտեգրման» այդ ծրագիրը ոչ միայն իրականություն չի դառնա, այլև, հնարավոր է, փլուզվի ԵԱՏՄ-ն, Շանհայի համագործակցության կազմակերպությունը, ԲՐԻԿՍ-ը:
Ռուս-չինական հարաբերությունները ֆորմալ առումով «ռազմավարական-դաշնակցային» են, բայց նույնիսկ մայիսի 9-ի Պուտին-Սի Ծինփին համատեղ հայտարարության տեքստում ուկրաինական կարգավորման իրավական հիմք է ճանաչված ՄԱԿ-ի Կանոնադրությունը:
Իսկ Վլադիմիր Պուտինը փաստացի ձգտում է հասնել «Յալթա-2» նոր աշխարհակարգի, բայց այսօր 1945 թվականը չէ, և անգամ Թուրքիան է հավակնում «խաղի կանոններ սահմանողի» կարգավիճակի:
Ռուս-ուկրաինական պատերազմը, կարծես, չի լուծում հետխորհրդային ամբողջ տարածքի նկատմամբ Ռուսաստանի «իրավունքի» հարցը, և դիմադրության էպիկենտրոն է դառնում Կենտրոնական Ասիան, ինչպես նաև՝ Ադրբեջանը: Խաղաղ-բանակցային ճանապարհով, ինչպես հասկացվում է Աստանայից, Տաշքենդից և Բաքվից Մոսկվայի հասցեին արվող դիվանագիտական ազդակներից, Պուտինին չի հաջողվում ակտուալացնել «Մեծ Եվրասիայի» անխուսափելիությունը: Հաջորդ պատերազմի թատերաբեմը Կենտրոնական Ասիա՞ն է:
Բաց մի թողեք
Քաղաքական ցինիզմի աննախադեպ օրինակ Ալիևի կողմից
«Ապահով վայրն» Ռուսաստա՞նն է, Արաղչին Մոսկվա է մեկնել, որ քննարկի «ի պահ հանձնելու» իրավական պայմաննե՞րը
ՌԴ համար Հայաստանի «բնակչությունը հայ-լուսավորչական համայնք է, ոչ թե՝ քաղաքականապես ինքնակազմակերպված հանրություն