Կառավարության դեկտեմբերի 18-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով կանխիկ և անկանխիկ վճարումների տարբեր գների խնդրին։
Դիմելով ՊԵԿ նախագահ Էդվարդ Հակոբյանին՝ վարչապետը նշել է, որ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները վերջերս Երևանում առևտուր անելիս բախվել են իրավիճակի, երբ նույն ապրանքի համար կանխիկ և քարտային վճարման դեպքում տարբեր գներ են առաջարկվել։
Փաշինյանը շեշտել է, որ կանխիկ շրջանառության խնդիրը պետք է արմատապես լուծվի՝ հարց բարձրացնելով, թե արդյոք գոյություն ունի որևէ օրինական և դրական գործողություն, որը հնարավոր չէ իրականացնել անկանխիկ եղանակով։
Նրա խոսքով՝ անգամ նվերներ տալու կամ առօրյա փոխանցումներ կատարելու համար այսօր առկա են տեխնիկական բոլոր հնարավորությունները՝ բջջային հավելվածների և բանկային քարտերի միջոցով։
Վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել և հստակ ներկայացնել այն գործողությունների ցանկը, որոնք հնարավոր չէ իրականացնել անկանխիկ ձևով՝ ընդգծելով, որ եթե նման բաներ գրեթե չկան, ապա կանխիկի գերակշռությունը որևէ հիմնավորում չունի։
Նա հատկապես անընդունելի է համարել, որ նման երևույթներ տեղի են ունենում մայրաքաղաքի կենտրոնում՝ պետական կառույցների անմիջական ներկայության պայմաններում։
Փաշինյանը պահանջել է համապատասխան քայլեր ձեռնարկել տվյալ խանութի գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ՝ հայտարարելով, որ անձամբ է ստանձնում պատասխանատվությունը և հետևելու է, որպեսզի առանց իր թույլտվության այդ առևտրային կետը չվերսկսի գործունեությունը։

Բաց մի թողեք
«Երևան» երկաթուղային կայարանում բացվել է Tour Expo 2026 ցուցահանդեսը. Լուսանկարներ
ԱՄՆ–ն համոզել է Հայաստանին․ ուշագրավ մանրամասներ
Ի՞նչ է պատմում «Cipriani»-ի սեփականատիրոջ այցը Երևան. Լուսանկար