Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը դասախոսությամբ է հանդես եկել Եվրոպական հանրային իրավունքի կազմակերպության (EPLO) դպրոցում՝ «Հայաստանի արտաքին քաղաքականության ճարտարապետությունը․ հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով, որը հեռարձակվել է նաև առցանց ձևաչափով։
Դեսպանը մասնավորապես անդրադարձել է հետևյալ ուղղություններով արձանագրված զարգացումներին։

Նախ, ներկայացվել են օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը, ինչի համատեքստում ընդգծվել է «Հանուն խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու» կարևորությունը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հետ համադրությամբ, ինչպես նաև վերջինիս իրավական ամրագրումն ու ԱՄՆ կողմից աջակցությունը։
Քննարկվել են նաև Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հեռանկարները և դրանից բխող տարածաշրջանային զարգացման հնարավորությունները։
Այնուհետև դեսպան Մկրտչյանն անդրադարձել է 2025 թ․ հունվարին Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթին, որը ներառում է տնտեսական համագործակցության, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության և միջանձնային հարաբերությունների բաղադրիչներ։
Դեսպանը հավելել է, որ ռազմավարական հարաբերությունների ինստիտուցիոնալ բնույթը վերահաստատվել է ԱՄՆ նոր վարչակազմի կողմից՝ ինչպես ԱՄՆ նախագահի մակարդակով, այնպես էլ Վաշինգտոնում ստորագրված երկկողմ փաստաթղթերով։ Մանրամասն ներկայացվել է նաև Եվրոպական միության հետ հարաբերություններում արձանագրված աննախադեպ առաջընթացը, որի առանցքային բաղադրիչն էր դեկտեմբերին Բրյուսելում ստորագրված Հայաստան–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթը։
Ընդգծվել է ԵՄ-ի հետ բազմաշերտ համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա։

Դեսպանն անդրադարձել է նաև Հայաստան–Հունաստան բազմաոլորտ համագործակցությանը, այստեղ առկա հնարավորություններին և այդ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հրամայականին։
Մանրամասն քննարկվել են նաև Հայաստան–Թուրքիա և Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացները, ինչպես նաև Հայաստան–Ռուսաստան և Հայաստան–Իրան հարաբերություններին։

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է ասիական տարածաշրջանի հետ Հայաստանի փոխշահավետ հարաբերությունները, ինչպես նաև տարբեր ուղղություններով Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնումը։
Ելույթին հաջորդել է հրցուպատասխան, որի ընթացքում դեսպան Տիգրան Մկրտչյանը պատասխանել է ուղղված բոլոր հարցերին։
Դասախոսությանը ներկա են եղել Հունաստանում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, Եվրոպական հանրային իրավունքի կազմակերպության (EPLO) դպրոցի ուսանողներ, պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ։



Բաց մի թողեք
ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի ընթացքում կբարձրացվեն վիզաների տրամադրման գործընթացում առկա խնդիրները
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ