16/04/2026

EU – Armenia

Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը

Արդեն առիթ ունեցել ենք ոչ մեկ անգամ նկատելու, որ առաջիկա ընտրությունների հետ կապված՝ ընդդիմադիր ուժերի հիմնական խնդիրներից մեկը իշխանական օրակարգին արձագանքողի դիրքից օրակարգ ձևավորողի, թելադրողի դիրքին անցնելն է:

«Փաստ» օրաթերթը գրում է. Տեսեք, նույնիսկ եթե ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, տարբեր գործիչներ, մեդիա շրջանակներ թեկուզ ծաղրանքով անդրադառնում են Փաշինյանի որևէ քայլին, թեկուզ «պերաշկի» ուտելուն, միևնույնն է՝ փաստացի արձագանքում են իշխանական օրակարգին:

Ճիշտ է, բովանդակային առումով «ցիլոն» կամ ինչ-որ բան ուտելը օրակարգ չես համարի, բայց դրա մասին խոսելով, ցանկացած պարագայում, անդրադառնում ես իշխանության գործողություններին կամ ցուցադրություններին, ինչին էլ հենց Փաշինյանը ձգտում է:

Իսկ թե ինչու է Փաշինյանը «պերաշկի», կարտոֆիլ կամ եգիպտացորենի կողրիկ ուտում և դա ցուցադրում, առանձին անդրադարձի նյութ է: Հակիրճ կարելի է արձանագրել ակնհայտը. նա չունի ասելիք: Նա չունի հանրությանն առաջարկելու բան, բացի պատերազմով սպառնալուց և շոուներ սարքելուց:

Իսկ վերջին շրջանում էլ, և սա էական պահ է, Փաշինյանի օրն սկսվում է ընդդիմադիր հիմնական ուժերի հասցեին սպառնալիքներով ու անվանարկումներով, ինչի հերթական դրսևորմանն ականատես եղանք երեկ:

Եվ այստեղ շատ կարևոր պահ կա. արդեն Փաշինյանն է սկսում արձագանքել ընդդիմադիր հիմնական ուժերի ներկայացուցիչներին, վերջիններիս հայտարարություններին, առաջադրած թեզերին կամ բնորոշումներին:

Փոքր-ինչ «տնավարի» կամ «խոհանոցային» նկարագրելու պարագայում կարելի է ասել, որ Փաշինյանը ամբողջ գիշեր աչք չի կպցրել, սպասել է, թե երբ լույսը կբացվի, որպեսզի բորբոքված մտնի ֆեյսբուքներն ու խոսի… ընդդիմադիր ուժերի և այդ ուժերի լիդերների մասին: Այսինքն, նրա ուշքն ու միտքն ընդդիմադիրներն են, այլ ոչ թե, ասենք, իր եղած կամ չեղած ծրագրերը, քայլերը:

Մյուս կողմից՝ չի կարելի ընկնել մեկ այլ ծայրահեղության մեջ ու ասել, թե ընդդիմությունն է օրակարգ թելադրում: Առայժմ, թերևս, տեղին է դիտարկումը օրակարգ ձևավորելու մասին: Ու այդ գիծը պետք է շարունակել:

Առավել ևս, որ ընդդիմադիր բոլոր հիմնական ուժերը հասարակությանն առաջարկելու շատ բաներ ունեն՝ ի տարբերություն պատերազմաբեր ու պատերազմով սպառնացող իշխանության:

Ընդդիմադիրները առաջարկում են երաշխավորված խաղաղություն, կայուն անվտանգություն, հավասարակշռված արտաքին քաղաքականություն, սոցիալական ապահովության և աշխատատեղերի ձևավորման, տնտեսական առաջընթացի ծրագրեր:

Ամեն մեկը՝ իր ձևով: Կարծում ենք՝ ընդդիմադիր ուժերը պետք է կարողանան սահուն կերպով լրահոսում ծանրության նժարը թեքել իրենց առաջարկությունների, ծրագրերի, դրանց հետ կապված քննարկումների կողմը:

Իսկ Փաշինյանի «գիշերհանա» հակաընդդիմադիր բորբոքումները լավագույնս բնութագրում են այն, որ նա էլի անհարիր, անթույլատրելի բառապաշարի է անցել: Չնայած, կներեք, ինչո՞ւ «էլի»:

Այսինքն, այդ ե՞րբ էր այդ բառապաշարից հեռու գնացել: Նա, որ իրեն էթիկայի ու էսթետիկայի նվիրյալի տեղ էր դրել, մշտապես անտեսել է թե՛ մեկը, թե՛ մյուսը: Այս դեպքում բնորոշն այն է, որ Փաշինյանն իսկապես էլ չունի ասելիք: Դրա համար էլ անցնում է ցածրակարգ վիրավորանքների:

Նրան մնացել է մեկ էլ պետական բյուջեի միջոցներով յուրօրինակ «ընտրակաշառքներ» բաժանելը, թոշակառուների մասին «հանկարծակի» հիշելը, գյուղացիներին անտոկոս վարկեր խոստանալը կամ տալը:

Գյուղացիներին, որոնք այդ վարկերից պատրաստվում են օգտվել, պետք է բացատրել, որ դա պետությունն է տալիս, եթե Փաշինյանն ասում է՝ անտոկոս, ապա երբ քվեարկությամբ ու համատեղ ուժերով Փաշինյանը հեռացվի իշխանությունից, ապա գյուղացիների համար կարվի ավելին, քան անտոկոսը:

Օրակարգն, իհարկե, կարևոր է: Բայց ոչ պակաս էական է երկրում, հասարակության մեջ տրամադրության փոփոխությունը: Ներկայում մեր հանրությունը մի տեսակ «ավտոմատացված» ռեժիմի անցած դատապարտյալ է հիշեցնում իր վարքով:

Այդ հոգեվիճակն ու տրամադրությունը պետք է փոխվի, ու դա, ամենից առաջ, ընդդիմադիր հիմնական ուժերի խնդիրն է: Հասկանալի է, որ ընտրություններին ավելի մոտ հանրության մեջ համապատասխան տրամադրությունները ավելի նկատելի կլինեն, բայց ընդդիմության խնդիրը արդեն հիմիկվանից այդ ուղղությամբ աշխատելն է:

Առանց տրամադրությունների փոփոխության, դժվար կլինի հասնել իշխանափոխության: Թեպետ, եթե իրերն իրենց անուններով կոչենք, դա սոսկական իշխանափոխություն չի լինի, այլ փաշինյանական աղետաբեր իշխանությունից երկիրը, պետության ու ժողովրդի ապագան փրկելու համատեղ ջանք…