20/04/2026

EU – Armenia

Ադրբեջանը «այլևս արտաքին ազդակներով չի կողմնորոշվո՞ւմ»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկա է գտնվել Անթալայի դիվանագիտական համաժողովի հանդիսավոր բացմանը, բայց պանելային քննարկումներին միջազգային և տարածաշրջանային քաղաքականության հարցերի շուրջ պաշտոնական Բաքվի տեսակետը ներկայացրել է արտաքին քաղաքականության հարցերով նրա օգնական Հիքմեթ Հաջիևը:

Անթալիայում Իլհամ Ալիևը հանդիպումներ է ունեցել Սիրիայի անցումային կառավարության ղեկավարի և «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահի», այնուհետև՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Տեսախցիկները նաև ֆիքսել են նրա, Էրդողանի և Պակիստանի վարչապետ Շահբազի ոչ պաշտոնական «առանձնազրույցը»: Ալիևի այլ հանդիպումների մասին տեղեկություն առ այս պահը չկա:

Փոխարենը հայտնի է դարձել, որ Անթալիայի դիվանագիտական համաժողովի կենտրոնական դեմք է դարձել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևը: Ընդ որում, պանելային քննարկումը, որտեղ Տոկաևը հանդես է եկել որպես արդեն «միջին կարգի երկրի» առաջնորդ, վարել է Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար Մեւլութ Չավուշօղլուն:

Նա Տոկաևին ներկայացրել է որպես ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի նախկին տեղակալի, «ով խորքից գիտի այդ կազմակերպությունը»: Ղազախստանի նախագահի ելույթը նվիրված է «միջազգային իրավունքի ճգնաժամին» և հիմնականում հանգում է նրան, որ աշխարհում առկա հակամարտությունները պետք է կարգավորվեն «ՄԱԿ-ի պատերի ներսում», բայց դրա համար ամենից առաջ «պետք է բարեփոխել ՄԱԿ-ը»:

Միավորված ազգերի կազմակերպության կառուցվածքային բարեփոխման գաղափարը ավելի վաղ ձևակերպել է Թուրքիայի նախագահ Էրդողանը. «Աշխարհը միայն հինգը» չէ՝ նկատի ունենալով ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ հինգ երկրներին, որ օգտվում են «վետո»-ի իրավունքից: Ավելի վաղ Տոկաևը հերքել է այս տարեվերջին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ընտրվելու մասին տեղեկությունը:

Անթալիայում նրա ելույթից դատելով՝ Տոկաևին, կարծես, վերապահվել է «թուրքական աշխարհի ծագող աստղի» դերակատարություն, որ ակնհայտորեն ստվերում է Իլհամ Ալիևի հեղինակությունը:

Դիվանագիտական համաժողովում Հիքմեթ Հաջիևի ելույթի առթիվ Բաքվի իշխանական մամուլը գրել է, որ Ադրբեջանը «այլևս արտաքին ազդակներով չի կողմնորոշվում, այլ ինքնուրույն է կառուցում Հարավային Կովկասի ճարտարապետությունը և ունի չորս՝ Կասպից, Սև, Միջերկրական և Ադրիատիկ ծովերը փոխկապակցելու նպատակ»:

Անթալիայում Ղազախստանի նախագահի՝ որպես միջազգային քաղաքականության «միջին դերակատարի շնորհանդեսը», որ կազմակերպել է Թուրքիան, վկայում է, որ «թուրքական աշխարհում Իլհամ Ալիևի աստղը խամրում» է: