«Որեւէ մեկը թող մեզ չվախեցնի փախստականների վերադարձի թեմայով, որովհետեւ ես ասում եմ՝ այո՛, մենք պետք է փակենք Ղարաբաղի փախստականների վերադարձի իրավունքը, այդ թվում՝ Ղարաբաղի փախստականների շահերից ելնելով»,- ապրիլի 21-ին՝ ֆեյսբուքյան եթերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչքա՞ն պետք ա մենք Ղարաբաղի ժողովրդին պահենք պատանդի կարգավիճակում»,- նշել է նա՝ ընդգծելով, որ ավելի քան 30 տարի Ղարաբաղի ժողովուրդը լիարժեք կյանքով չի ապրել։ «Անընդհատ էդ անորոշության մեջ, ինչ-որ առումով քաղաքական պատանդի կարգավիճակում: Մենք ուզում ենք, որ նրանք տնավորվեն ՀՀ-ում, պանդխտության տրամաբանությունից դուրս գան, որովհետեւ ՀՀ-ն նաեւ նրանց հայրենիքն է»,- հավելեց նա:
Ավելի վաղ՝ հունվարին էլ հայտարարել էր, որ Ադրբեջանը պետք է հրաժարվի «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթից։ «Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը քննարկի փախստականների իրավունքների հարցը՝ «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթի ներքո: Երբ Ադրբեջանն օգտագործում է «Արեւմտյան Ադրբեջանի փախստականների վերադարձի հարց» խոսույթը, այս ձեւակերպման բերումով հենց ինքը փակում է որեւէ քննարկման հնարավորություն, որովհետեւ ակնհայտ է դարձնում, որ փախստականների հարցը փորձում է օգտագործել միջազգային իրավունքի սուբյեկտ, ինքնիշխան պետություն ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու, Հայաստանից տարածքային պահանջներ ձեւակերպելու համար: Հարցի քննարկման համար Ադրբեջանը նախ պետք է հրաժարվի «Արեւմտյան Ադրբեջանի» եւ այդ կարգի խոսույթներից»,- ասել էր ՀՀ կառավարության ղեկավարը։
Առաջին հայացքից թվում է, թե Փաշինյանն արտահայտում է այն մտքերն ու մտավախությունները, որոնք հայ ժողովուրդը միշտ խուսափել է բարձրաձայնելուց, բայց միայն՝ առաջին հայացքից։ Փաշինյանական այդ «անկեղծությունն» իրականում ծխածածկույթ է՝ գուցե ադրբեջանական «վերեւների» հետ պայմանավորվածության արդյունք, որպեսզի մի քանի ամիս անց ու հենց նախընտրական շրջանում ուղիղ տեքստով վիրավորի արցախցիներին, ոտնահարի նրանց՝ հայրենի Արցախ ապահով եւ անվտանգ վերադառնալու անվիճելի իրավունքը, անարգի նրանց պատմությունն ու ապագան նաեւ։ Եվ ահա այստեղ է փաշինյանական հայտնի իրարամերժությունը՝ խփել ե՛ւ գամին, ե՛ւ մեխին, բայց իրականում՝ աղետներից, կորուստներից ամեն կերպ «վիրավորված» արցախցու «սրտին»։
Համադրելով Փաշինյանի այս երկու հայտարարությունը, որոնցով նա կարծես առաջարկում է երկուստեք հրաժարվել արցախցիների եւ ադրբեջանցիների վերադարձի թեման քաղաքական շփումների եւ բանակցությունների օրակարգ բերելուց, Բաքվում, ինչպեսեւ սպասվում էր, այլ ռակուրսով են նայել։ «Փաշինյանը փորձում է ներկայացնել բացարձակապես անհամեմատելի փաստեր՝ որպես համարժեք։ Ոչ ոք չի ժխտում, որ Ադրբեջանի կողմից իր տարածքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելուց հետո Ղարաբաղի հայ բնակչությունն իսկապես լքել է տարածաշրջանը։ Սակայն ոչ մի անձ կամ կազմակերպություն չի փաստաթղթավորել խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացման որեւէ արշավ կամ նույնիսկ ակնարկ, որը սովորաբար ուղեկցում է էթնիկ զտումներին։ Ավելին, Բաքուն հրապարակավ հայտարարել է վերաինտեգրման իր պատրաստակամության մասին՝ տրամադրելով իրավունքներ եւ անվտանգության երաշխիքներ՝ Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելու պայմանով, ինչը տրամաբանական եւ բնական է»,-ալիեւյան ցեղասպան ռեժիմի հին ձայնապնակն են վերահնչեցրել Ադրբեջանի իշխանական քարոզչահարթակները։
«Մինվալ»-ը, օրինակ, ոչ միայն բարոյախրատական դասեր է տալիս Փաշինյանին, այլեւ կշտամբում է․ «Եթե Փաշինյանը եւ նրա թիմը չեն տեսնում ակնհայտը, մենք նրանց հիշեցնում ենք, որ արեւմտյան ադրբեջանցիների պատմությունն «իրավասության փոփոխության» մասին չէ, այլ՝ վտարման, ավերված տների, տասնամյակներ շարունակ վերադարձի իրավունքից զուրկ լինելու մասին է։ Վարչապետի «եկեք փակենք թեման» թեզը գրեթե թերապեւտիկ է հնչում, կարծես խոսքը հարյուր հազարավոր մարդկանց ճակատագրի մասին չէ։ Ի դեպ, Հայաստանի ղեկավարության հայտարարությունները մեծապես արտացոլում են ներքին իրավիճակը, քանի որ ռեւանշիստական շրջանակների ճնշումը մնում է նկատելի, եւ հենց այս ճնշումն է, որը մեծապես ձեւավորում է նման հռետորաբանությունը»։ Ադրբեջանում պնդում են՝ «կարծես խոսքը հարյուր հազարավոր մարդկանց ճակատագրի մասին չէ»։
Այո՛, խոսքը հարյուր հազարավոր արցախցիների վերադարձի անխախտ իրավունքի մասին է, Բաքվի էթնիկ զտման ու ցեղասպան քաղաքականության հետեւանքով տարագիր ու բնավեր դարձած արցախահայության ճակատագրի, նրանց արդար պահանջի, որ համահավաք հայության ցավն ու պայքարն է նաեւ։ Եվ եթե ձեր մտացածին «Արեւմտյան Ադրբեջան» խոսույթը դարձրել եք Փաշինյանին առաջադրված նոր սեւեռուն պահանջ, Հայաստանին սպառնացող օրակարգ, ապա ակնհայտ է դառնում, որ նույն՝ ՀՀ վարչապետի հայտնի գնահատականներն են այդ օրակարգը հասունացրել եւ դամոկլյան սրի նման կախել մեր գլխավերեւում։ Նա է հասունացրել «հայաստանցիներ եւ արցախցիներ, պատրաստվեք ապրել, շփվել, առեւտուր անել ադրբեջանցիների հետ» թեզը եւ լեզու դրել ադրբեջանական քարոզչամեքենայի բերանում։ Ադրբեջանական արձագանքը ՀՀ իշխանությունների հետ իրենց պայմանավորվածությունների ուղիղ ցուցիչն է, երկկողմանի վտանգավոր ու աղետաբեր խաղի հայելային խոստովանություն։ Որովհետեւ իրականում ոչ թե տարակուսած կամ վրդովված եք Փաշինյանի՝ արցախցի փախստականների վերադարձի մասին արած վերջին, իբր, անընդունելի հայտարարություններից, այլ ավելի եք ամրապնդում նրա՝ մեզ համար վտանգավոր ու հանցավոր միտքը, նաեւ արդարացնելով նրան։ Հուշում եք նաեւ՝ ասա «փակ» է, որ «ազատորեն բացվենք»։ Եվ բացառված չէ, որ սա նաեւ Փաշինյանին՝ նախընտրական շրջանում տրված նոր հանձնարարություն է, վերջնագիր․ «Եթե ուզում ես, որ օգնենք, եթե ուզում ես վերարտադրվել, փակիր արցախցիների ու Արցախի թեման»։

Բաց մի թողեք
Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է. Լուսանկար
Ադրբեջանն առաջիկայում ավելի կխորացնի այս քաղաքականությունը. Արշակ Աբրահամյան
«Արդյոք սա կաշառք չէ ընտրությունների նախաշեմին»