15/05/2026

EU – Armenia

ԼՂ դեմ պատերազմը և հայ բնակչության բռնատեղահանությունը Ռուսաստանի թույլտվությամբ է եղել

Զելենսկու հայտարարությունից հետո Հայաստանը պարտավոր էր արձագանքել… Հայաստանը մեր դաշնակից երկիրն է․․․ Ադրբեջանը բավական պայմանական դաշնակից է և կարող է Ռուսաստանի հանդեպ նման բաներ թույլ տալ,- ասել է ռուսաստանցի քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը։

Այդպիսով նա Ուկրաինայի նախագահի Երեւանում «հակառուսական հայտարարությունները» համեմատել է նրա Ադրբեջան այցի և Իլհամ Ալիևի հետ համատեղ ռազմաարդյունաբերական ձեռնարկություն ստեղծելու ծրագրի հետ։

Թուրքիայի նախագահը Ղազախստան է այցելել ԵԱՏՄ գագաթաժողովի գումարումից ուղիղ երկու շաբաթ առաջ։ ԵԱՏՄ գագաթաժողովի նիստում կամ Ղազախստանի նախագահի հետ բանակցություններում Պուտինը Տոկաևին հարցնելո՞ւ է, թե «թուրքական ԱԹՍ-երը ո՞ւմ են հետախուզելու, որպեսզի հարվածեն»։

Թուրքիան նաև ծրագրում է Ղազախստանում լեռնա-հարստացուցիչ ձեռնարկություն կառուցել։ Ղազախստանը հազվագյուտ մետաղների, ինչպես նաև ուրանի հարուստ պաշարներ ունի, և Թուրքիան, հաստատ, այնտեղ երկաթի հանքանյութ չի մշակելու։

Կենտրոնական Ասիայի «սիրտ» հանդիսացող Ղազախստանում, տարածաշրջանի մյուս երկրներում և Ադրբեջանում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ռազմական, տնտեսական, կոմունիկացիոն նախագծումները Ռուսաստանի շահերին չե՞ն հակասում։ Հակասում են, ընդ որում՝ արմատապես։

Բայց Մոսկվան լռում է, որովհետև թուրքական հետախուզության պետ Քալընը, երբ զբաղեցնում էր Էրդողանի գլխավոր խորհրդականի պաշտոնը, բացեիբաց հայտարարել է, որ Թուրքիան «կարող է ներսից պայթեցնել Ռուսաստանը»։

Այդ սպառնալիքի դեմ, արդեն կարելի է վստահաբար ասել, Ռուսաստանը հակազդեցություն չունի և փորձում է «գործարքի գնալ»։ Քառասունչորսօրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում Թուրքիայի հետ «սիներգիայի սկզբունքով հավասար ազդեցություն հաստատելու և Լեռնային Ղարաբաղում բարդ օպերացիայի» մասին Լավրովի, և Շոյգուի հայտարարությունները դրա վկայությունն են։ Մեկ գործարք չի ստացվել։

Միխայիլ Ալեքսանդրովը «վստահեցրել» է, որ Փաշինյանի «պարտության դեպքում Ադրբեջանը Հայաստանի դեմ պատերազմ չի սկսի, Ռուսաստանը թույլ չի տա»։ Սա ուղղակի վկայություն է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմը և հայ բնակչության բռանտեղահանությունը Ռուսաստանի թույլտվությամբ է տեղի ունեցել։