Իշխանական թիմը, պարզվում է, Հայաստանում կազմակերպված հակառուսական գագաթնաժողովներից եւ մեր երկրում Զելենսկի խաղացնելուց առաջ արդեն կանխատեսել էր Ռուսաստանից սպասվող արգելանքները, սակայն ոչ թե փորձել են դրանց դեմն առնել, այլ միայն անել ամեն ինչ, որ իրենց քարոզարշավը հարամ չլինի։
ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանության ներսում նախապես քննարկել են հավանական սցենարները եւ որոշել, որ պետք է սկզբում՝ մինչ ռուսական սանկցիաներն իրենց ազդեցությունը կթողնեն, այցելել Արարատյան դաշտավայր, որի բնակչությունն առաջինն է տուժելու լոլիկի, ելակի, կանաչեղենի, պտուղ-բանջարեղենի արտահանման արգելքից։
Որպեսզի քարոզարշավի թեժ շրջանում այլեւս տուժած գյուղացիների երեսը չտեսնեն։ Իսկ արդեն տոտալ սահմանափակումների ժամանակ ՔՊ-ն փակած կլինի Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերը` քարոզարշավն ու այցերն ավարտած կլինի եւ անցում կկատարի այն մարզեր, որտեղ բերքը հասնում է հուլիս-օգոստոս ամիսներին, երբ ռուսական սանկցիաները դեռ որեւէ ազդեցություն գործած չեն լինի, ուստի բողոքի ալիք էլ դեռ չի լինի։
Այս օրերին Փաշինյանը կոկորդ է պատռում Գեղարքունիքում, որտեղ արդեն անցկացնում է երկու օր։ Դրանից առաջ երկու օր Տավուշում էր, Շիրակի մարզում, մինչ այդ՝ Երեւանում՝ բերքը ստացած եւ դրա իրացման ձեռքը կրակն ընկած գյուղացիների աղմուկից ու դժգոհությունից հեռու։
Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ այս մարդիկ պարզապես թքած ունեն գյուղացիներին հասցրած աղետի վրա, կարեւորը՝ ինչ-որ մի ձեւով ընտրվեն։ Իսկ գյուղատնտեսությամբ զբաղվողները, բերքն արտադրողներն ու արտահանողները ոնց ցանել-մշակել-հավաքել են, թող նույնկերպ էլ տակից դուրս գան կամ ուղղակի բերքը ջուրը գցեն։
Սակայն իշխանության մեր աղբյուրի խոստովանությամբ, նրանց հաշվարկն իրեն այնքան էլ չի արդարացրել, նրանց թվացել է, որ այս փուլում եթե գլուխները պրծացնեն տուժած գյուղացիներից, շրջանցեն նաեւ խնդիրը` կմարի, կգնա։
Բանն այն է, որ այս օրերին գյուղատնտեսությամբ զբաղվող մարզերում ապրող քաղաքացիները, որոնք մինչեւ վերջերս իշխանության աջակիցներն էին, սկսել են բացահայտ դժգոհություն հայտնել համայնքների ղեկավարների, մարզպետների հետ հանդիպումների ժամանակ եւ սպառնալ, որ նման իրավիճակում ՔՊ-ին չեն ընտրելու։
Այս լուրերը բերել հասցրել են Նիկոլ Փաշինյանին, որն էլ երեկվա քարոզարշավի ժամանակ ընդդիմադիր մրցակիցներին ուղղված «կզացնելու, ոչնչացնելու, բանտերը լցնելու» մասին հայտարարությունների փոխարեն ստիպված անդրադառնում էր այդ խնդիրներին։
Ինչպես հայտնի է, մայիսի 22-ից Ռուսաստանն արգելել է ծաղկի ներմուծումը, հետո արդեն գյուղմթերքի` պտուղ-բանջարեղենի։ Ռուսական շուկան կորցնելը սնանկացում է սպառնում ոչ միայն ծաղկագործներին, այլեւ ընդհանրապես բոլոր ջերմոցատերերին, գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներին, բեռնափոխադրողներին, ֆուռերի վարորդներին, որոնք մեծ մասամբ վարկերի տակ են ու վարկերը մարելու խնդիրներ ունեն։
Եթե անգամ հաջողացնեն ներքին շուկայում ինչ-որ կերպ, էժան գներով իրացնել իրենց արտադրանքը, դա այլեւս այն օգուտները չի բերի, ինչը սպասում էին արտահանման պարագայում։ Հայաստանից արտահանվող գյուղմթերքի 90-95 տոկոսը մինչեւ հիմա գնացել է ռուսական շուկա, որն այժմ փաստացի փակ է նրանց առջեւ։ Երեկ Գեղարքունիքում Նիկոլ Փաշինյանն անորոշ հայտարարել է, թե Հայաստանից վարդերի եւ բանջարեղենի առաջին խմբաքանակներն արդեն ուղարկվել են նոր շուկաներ։
Հարցին՝ խոսքը Եվրամիությա՞ն, թե՞ այլ շուկաների մասին է, Փաշինյանն առանց կոնկրետացնելու պատասխանել է. «Եվրամիության եւ այլ»։ Ավելի ուշ գրում էին, որ ծաղիկն արտահանվում է Ուկրաինա, որտեղ հիմա ծաղիկի պահանջարկ կա, հատկապես` սգո ծաղիկների: Փաշինյանը նաեւ խոստացել է պղպեղ արտադրողների վնասները փոխհատուցել. նախընտրական կաշառք է խոստացել, թե փող կտամ կորուստներ ունեցողներին:
Նա ասել է, որ արդեն մի քանի պատվիրակություն աշխատում է նոր շուկաներ գտնելու ուղղությամբ։ «Այսօր մեր մի քանի գործարար պատվիրակություններ արդեն աշխատում են, եւ արդեն վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակները դուրս են եկել, տեղ կհասնեն, նոր կասեմ, թե որ երկրներ»,- նշել է նա եւ վստահեցրել, որ հայկական արտադրանքի իրացման խնդիր չի լինի։
«Եվ ոչ մի ապրանք չի մնալու։ Հիմա արդեն արտահանվում են ուրիշ ուղղություններով»։ Ասել է նաեւ, որ ընտրություններից հետո մեկնելու է Մոսկվա, ՌԴ-ի հետ լեզվակռվի մեջ չի մտնելու, հանգիստ պաշտպանելու է Հայաստանի դիրքորոշումները։ «Մենք չենք գործելու ՌԴ շահերի դեմ, բայց նաեւ չենք գործելու մեր շահերի դեմ»,- ասել է նա` ակնհայտորեն հույս փայփայելով, որ այս անգամ էլ կհաջողվի լարախաղացություն անել երկու բեւեռների միջեւ, այն է` երկուսին էլ խաբել, թե ես ձեզ հետ եմ։
Փաշինյանի երեկվա հայտարարությունից հետո սոցցանցերում ակտիվ արձագանքներից հասկանալի դարձավ, որ իրականում խնդիրը լուծված չէ․ այլընտրանքային շուկա գտնելը հեշտ չէ եւ օրերի ու շաբաթների հարց էլ չէ, ավելի շուտ՝ տարիների հարց է, որի ընթացքում հայկական գյուղատնտեսությունը կարող է հողին հավասարվել:
Ակնհայտ է, որ Փաշինյանը ստում է` փորձելով հանգստացնել մարդկանց, որ հունիսի 7-ին իրեն քվե տան: Իսկ կատարվածի իրական հետեւանքները կերեւան առաջիկա ամիսներին։

Բաց մի թողեք
Փաշինյանի հույսը վարորդականից զրկվածներն են
ՄԱՊ-ի Ալիկի որդու ՍՊԸ-ից 103.5 մլն դրամի գնում
Կորցրել է մեր վստահությունը