Ադրբեջանը 2027 թվականին կստանձնի Իսլամական համագործակցության կազմակերպության նախագահությունը։ Այդ տեղեկությունը հայտնել է իշխանամետ minval politika-ն։
Նախօրեին հրապարակվել է այդ կառույցի Խորհրդարանական միության նստաշրջանի մասնակիցներին Իլհամ Ալիևի ուղերձը, որ աչքի է ընկնում Եվրոպական խորհրդարանի և ԵԽԽՎ հասցեին չափազանց կոշտ քննադատությամբ։
Բավական է նկատել, որ Ադրբեջանի նախագահը եվրոպական այդ կառույցներին մեղադրել է «իսլամատյացություն հովանավորելու» և «իսլամը ահաբեկչության հետ նույնականացնելու փորձերի» մեջ։
Մինչ եվրոպական կառույցները Ադրբեջանի հետ խոսում են պարտադրանքի լեզվով, իսլամական աշխարհում նրան լսում են, ընդունում նրա փաստարկները,- գրել է minval-ի մեկնաբանը և հիշեցրել, որ Իսլամական համերաշխության կազմակերպությունը ղարաբաղյան կարգավորման տասնամյակներին մշտապես պաշտպանել է Բաքվի դիրքորոշումը և «պահանջել, որ Հայաստանը զորքերը դուրս բերի ադրբեջանական օկուպացված տարածքներից»։
Ի՞նչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանը, կարելի է եզրակացնել Իլհամ Ալիևի հայտարարություններից։ Ընդհանուր առմամբ դրանք հանգում են մի տեսլականի՝ Հարավային Կովկասում «նոր ստատուս-քվոն ձևավորել է Ադրբեջանը», ինչից հասկացվում է, որ նա ձգտում է տարածաշրջանի «առաջնորդության»։ Ենթատեքստով դա նշանակում է, որ Ալիևի ընկալմամբ Հայաստանը «չի կարող իրավահավասար գործընկեր և սուբյեկտային դերակատար լինել»։
Ըստ երևույթին, այդ նպատակը Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից աջակցություն չի գտնում, ուստի Ալիևը ընտրում է ԻՀԿ հարթակը։ ԻՀԿ Խորհրդարանական միության նստաշրջանին Ալիևի ուղերձը, բայց հատկապես Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆի հանդիպման ընթացքում նրա կողմից Իսլամական հանրապետության հասցեին արված «հաճոյախոսությունները» վկայում են, որ այդ ընտրությունը սկզբունքային է։
Ամենայն հավանականությամբ, Ալիեւի դիրքորոշման վրա ազդեցություն է թողել Իսրայելի հանդեպ ԱՄՆ նախագահի մոտեցումների «փոփոխությունը»։ Որքանո՞վ է դա գործնական հաշվարկ, ցույց կտա ժամանակը։ Մի բան, սակայն, պետք է հաշվի առնել, Ալիևը իսլամական աշխարհի հետ հարաբերություններում ձգտելու է հնարավորինս սահմանափակել Իրանի, Թուրքիայի և արաբական երկրների հետ Հայաստանի առևտրատնտեսական և այլ բնագավառներում կապերը։
Ալիևը, գուցե, Հայաստանի հետ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման մասին հայտարարություններում «անկեղծ» է, բայց խաղաղության նրա տեսլականը, շատ մեղմ ասած, շարունակում է խնդրահարույց մնալ բոլոր առումներով։

Բաց մի թողեք
Լուկաշենկոն ասել է, որ Մինսկում հանդիպել է Զելենսկու ներկայացուցիչների հետ
Մոսկվան սպասում է Երևանի պաշտոնական որոշմանը ՀԱՊԿ-ի վերաբերյալ. Վասիլեւ. Լուսանկար
Ռուսաստանը՝ Պուտինի թեթև ձեռքով, գնում է ինքնասպանության