25/06/2026

EU – Armenia

Հետախույզ Կանդազի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Հետախույզ Արթուր Ավանեսյանի (Կանդազ) կալանքը փոխարինվեց տնային կալանքով։

Արթուր Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2 դեպքով «տվել է ընտրակաշառք»:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Արթուր Նիկոլայի Ավանեսյանը, հանդիսանալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավարը, 2026 թվականի հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը մասնակցելու և «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով թիվ 8 ընտրատեղամասում ընտրողների ցուցակում ընդգրկված՝ ՀՀ քաղաքացի Արթուր Իսկանդարյանին, վարույթով դեռևս չպարզված ժամանակ անձամբ առաջարկել է առավելություն, այն է՝ ընտրություններում հաղթելու դեպքում վերջինիս ՀՀ Զինված ուժերում խոստացել է պաշտոն, որպիսի առաջարկը և խոստումը Արթուր Ավանեսյանը վերահաստատել է 2026 թվականի մարտի 18-ին՝ ժամը 20:37-ի սահմաններում, Արթուր Իսկանդարյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

«Վերոգրյալ գործողություններով Արթուր Ավանեսյանն Արթուր Իսկանդարյանին առաջարկել և խոստացել է ընտրակաշառք, ինչն ընդունվել է վերջինիս կողմից: Բացի այդ, Արթուր Ավանեսյանը, 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը ընտանիքի անդամների հետ մասնակցելու և «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, 2026 թվականի մարտի 18-ին՝ ժամը 21:03-ի սահմաններում, թիվ 27 ընտրատեղամասում ընտրողների ցուցակում ընդգրկված՝ ՀՀ քաղաքացի Գեղամ Զաքարյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, վերջինիս առաջարկել է գույք և այլ առավելություն, այն է՝ Գեղամ Զաքարյանին խոստացել է ապահովել աշխատանքով, տրամադրել հողամաս և տուն»,- նշված է մեղադրանքում։

Ընդդիմությունը սա որակում է քաղաքական հետապնդում։