13/07/2026

EU – Armenia

ՆԱՏՕ-ի Անկարայում կայացած գագաթաժողովին Վրաստանը որպես «գործընկեր երկիր» չի հրավիրվել

Հարցին, թե ինչո՞ւ Թբիլիսին հրավեր չի ստացել, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Իրակլի Կիրցխալիան խորհուրդ է տվել «հարցնել կազմակերպիչներին»։ Քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլիի գնահատմամբ՝ դա վկայում է, որ Վրաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները «վատթարացել» են:

Այսօր Վրաստանի պատմական եզակի հնարավորություն ունի, որպեսզի իրականացնի այն, ինչ մենք բոլորս երազել ենք՝ ուղղակի ռազմական գործարք կնքել Միացյալ Նահանգների հետ, Վրաստանի տարածքում ամերիկյան ռազմական ներկայություն հաստատել և երաշխավորել երկրի ներկա և ապագա անվտանգությունը,- «Ֆորմուլա» հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է գլխավոր դատախազի նախկին տեղակալ Դավիթ Սաքվարելիձեն։

Վերջինս Միխեիլ Սաակաշվիլի պաշտոնաթողությունից հետո նրա օրինակով Ուկրաինայի քաղաքացիություն է ձեռք բերել և մի քանի տարի զբաղեցրել գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։ Ներկայումս հանդես է գալիս որպես ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ։

Անդրադառնալով Վրաստանի տարածքում ամերիկյան ռազմական ներկայության հարցին, saqinform պաշտոնական գործակալության տնօրեն, քաղաքագետ Առնո Ղիդիրբեգաշվիլին ներկայացրել է Անակլիա նավահանգստի վերաբերյալ Վրաստանի կառավարության վերջին որոշմանը։

Ինչպես հայտնի է, Վրաստանի կառավարությունը չեղյալ է հայտարարել չինական ընկերության հետ պայմանագիրը և կառուցման ֆինանսական պատասխանատվությունը ամբողջովին վերցրել իր վրա։

Խիդիրբեգաշվիլին այդ առթիվ դիտարկել է, որ վրացական ընդդիմության ընկալումը,, որ եթե Ռուսաստանը Հայաստանի տարածքում TRIPP նախագծին «հանդուրժողական է վերաբերվում», ապա նույնը «կլինի նաև Անակլիայի դեպքում»,- իրատեսական չէ։

Նրա տեղեկություններով՝ ամերիկյան կողմը այդ նավահանգստին «տիրապետելու» հարցում Վրաստանի իշխանությունների հետ բանակցել է դեռևս 2009թ․-ին, երբ փոխնախագահ Բայդենը այցելել է Թբիլիսի։ Խոսքը այնպիսի ենթակառուցվածքների մասին է, որ թույլ կտան «ընդունել ամերիկյան ռազմանավեր, անգամ սուզանավեր»։

Անցյալ ամիս ԱՄՆ պետական դեպարտամենտի պատվիրակությունը եռօրյա այցով գտնվել է Թբիլիսիում, բանակցություններ վարել վարչապետ Կոբախիձեի հետ։ Քննարկվե՞լ է, արդյոք, Անակլիայի հարցը, կարելի է դատել ըստ Վրաստանի կառավարության որոշման։

Այն չի լինի Չինաստանի ազդեցության գոտի։ Saqinform-ի գլխավոր խմբագրի նկատառումներից հասկացվում է, որ Անակլիան ֆորմալ առումով նաև ամերիկյան ռազմածովային հենակետ չի լինի։

Իսկ Վրաստանի կառավարությունը որտեղի՞ց է մի քանի միլիարդ դոլար ազատ միջոցներ գտնելու, որպեսզի նավահանգիստ և բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներ կառուցի։ Բայց շատ կարևոր է, որ փաստացի իշխող կուսակցության և կառավարության տեսակետները ներկայացնող քաղաքագետը Անակլիա նավահանգստի և TRIPP նախագծի միջև որոշակի կապակցվածություն է դիտարկել։