18/07/2026

EU – Armenia

Մունդիալ – 2026. Ո՞ր դեպքում Իսպանիան եզրափակիչում կհաղթի Արգենտինային. Գվարդիոլան նշել է հաղթանակի պայմանը

«Բարսելոնայի», «Բավարիայի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչում Արգենտինայի նկատմամբ Իսպանիայի հավաքականի հաղթանակի պայմանը։ 

Նրա կարծիքով՝ առանցքային դեր կխաղա Ռոդրիի մարզավիճակը, ում մասնագետը համարում է «Ֆուրիա Ռոխայի» առաջատարը։

«Ամեն ինչ կախված է երիտասարդ տաղանդներից և այն մարդուց, որն ավելացնում է խաղից խաղ՝ Ռոդրիից։ Եթե նրան հաջողվի Պեդրիի հետ միասին պարտադրել իր խաղը դաշտի կենտրոնում, իսկ Լամինը խաղա ճշգրիտ և արդյունավետ, ապա Իսպանիան կկարողանա տարբերություն ստեղծել»,- Գվարդիոլայի մտքերն է մեջբերում As պարբերականը։

Նա հավելել է, որ ուրախ կլինի նաև արգենտինացիների հաղթանակի համար, քանի որ նրանց կազմում կան ֆուտբոլիստներ, որոնց հետ մարզիչն աշխատել է և առանձնահատուկ երկրպագում է նրանց։

Աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը կսպասարկեն Սլովենիան ներկայացնող մրցավարներ, հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Սլավկո Վինչիչը, որին եզրերում կօգնեն Թոմաժ Կլանչնիկն ու Անդրաժ Կովաչիչը։ Չորրորդ պաշտոնյան հորդանանցի Ադհամ Մահադմեն է։

ԱԱ-2026-ի չեմպիոնի կոչումը կվիճարկեն Արգենտինայի ու Իսպանիայի հավաքականները։ Եզրափակիչը կկայանա հուլիսի 19-ին Նյու Ջերսիի «Մետլայֆ Սթեդիում» ստադիոնում։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել է, որ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում կկազմակերպի ՖԻՖԱ-ի պատվին ընդունելություն և ներկա կլինի Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին։