18/07/2026

EU – Armenia

Թրամփը խոստացել է հետախուզական տվյալներ հրապարակել

Մոսկվան երբեք ԱՄՆ ընտրություններին չի միջամտել։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսպես է արձագանքել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, ըստ որի Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան ամերիկյան ընտրական համակարգի համար «սպառնալիք» են։

Թրամփը, ընդսմին, խոստացել է հետախուզական տվյալներ հրապարակել։

Ռուսաստանը ԱՄՆ ընտրություններին «ոչ մի կերպ չի ազդել, մենք ցանկացած մեղադրանք մերժում ենք, վճռականորեն ենք մերժում»,- լրագրողներին ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը և հույս հայտնել, որ «ոչ ոք Ռուսաստանի ներքին գործերին չի միջամտի, քանի որ Ռուսաստանը ոչ մի երկրի ներքին գործերին չի միջամտում»։

Վաշինգտոնի և Մոսկվայի միջև տեղեկատվական այս «փոխհրաձգությունը» ուշագրավ է երկու առումով։ Նախ, հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռացրել է այսպես կոչված «Ընտրություններին աջակցող» հանձնաժողովի անդամներին։ Երկրորդ, ավելի վաղ արևմտյան մամուլում տեսակետ է շրջանառվել, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը «Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում կարող է աջակցել Թրամփին՝ Ուկրաինայի հարցում նրա ռուսամետ դիրքորոշման դիմաց»։

Կոնգերսի միջանկյալ ընտրություններից երեքուկես ամիս առաջ հրապարակայնացնելով ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի «միջամտության սպառնալիքի» թեման, Դոնալդ Թրամփը, կարծես, Վլադիմիր Պուտինից «աջակցության» խնդիրը փակել է։

Իր հերթին ՌԴ նախագահը իր մամուլի քարտուղարի անունից հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը պետդումայի առաջիկա ընտրություններին չի միջամտի»։

Որքանո՞վ է իրական գործընթացներին համապատասխանում այս «փոխադարձ հրաժարումը», էականը դա է։ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները Դոնալդ Թրամփի համար կարևոր են։ Նա պետք է լուծի Ներկայացուցիչների պալատում հանրապետական մեծամասնությունը չկորցնելու հարցը։

Բայց դա էական նշանակություն ունի նաև Ռուսաստանի համար։ Եթե Ներկայացուցիչների պալատում մեծամասնությունը անցնի դեմոկրատներին, ապա Ուկրաինայի հարցում Վաշինգտոնի «երկդիմի» դիրքորոշումը կարող է փոխվել հօգուտ Կիևի։

Բաց է մնում մի հարց․ Թրամփին կհաջողվի՞ միայն իր հնարավորություններով ստանալ ամերիկյան ընտրողների մեծամասնության աջակցությունը։ Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելուց հինգ օր հետո նա ԱՄՆ քաղաքացիներին վստահեցրել է, որ «շուտով, շատ շուտով ուրախալի լուր կստանան»։