Ադրբեջանական մամուլում և սոցիալական հարթակներում վերջին օրերին պետական կառավարման համակարգում էթնիկ քրդերի «գերիշխանության» թեմայով բավական սուր քննարկումներ են ծավալվել։
Առիթը տվել է Դեմոկրատական կուսակցության նախագահ Սարդար Ջալալօղլուն։ Նա YouTube-յան ալիքներից մեկին տված հարցազրույցում սուր հայտարարություններ է արել Ադրբեջանում քուրդ ժողովրդի պատմության, ազգային ինքնության և ներկայության մասին:
Ճիշտ է, Ջալալօղլուն քրդերի հասցեին թույլ տված վիրավորական արտահայտությունների համար «ներողություն» է խնդրել, բայց թեման զարգացրել է «Մուսավաթ» կուսակցության գործադիր քարտուղար Արիֆ Հաջիլին։
Վերջինս ֆեյսբուքյան գրառմամբ հարցադրում է արել․ «Ինչ-որ մեկը կբացատրի, թե ինչո՞ւ Ադրբեջանի բնակչության անգամ մեկ տոկոսը չկազմող ազգի ներկայացուցիչները Միլլի մեջլիսի պատգամավորների քսան տոկոսն են կազմում, իսկ կառավարությունում գուցե ավելի մեծ ներկայացվածություն ունեն»։
Ի պատասխան, ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր անդրադարձել են Հաջիլիի կենսագրությանը և հրապարակայնացրել, որ նա ծնունդով Զաքաթալայի Ներքին թալա գյուղից է, որի «բնակչության մեծամասնությունը ինգոլոյցի» է։ Խոսքը պատմական Սաինգոլո տարածաշրջանի էթնիկ վրացիների մասին է, որոնց մի մասը մահմեդականություն է ընդունել։
Սարդար Ջալալօղլուն փորձառու գործիչ է և չէր կարող չիմանալ, որ էթնիկ անհանդուրժողականության թեման Ադրբեջանում կարող է հանրային և անգամ քաղաքական նոր իրավիճակ ստեղծել։ Մ
անավանդ որ բազմաթիվ աղբյուրներ իշխող ընտանիքին վերագրում են քրդական ծագում։ Այդ առումով «Մուսավաթի» գործադիր քարտուղարի «հռետորական հարցադրումը» ենթատեքստային է։
Փաստացի նա ակնարկել է, որ Ադրբեջանում «իշխանությունը գտնվում է բնակչության անգամ մեկ տոկոսը չկազմող ազգի ներկայացուցիչների ձեռքում»։ Վերջին մի քանի տարիներին, ըստ իրազեկ աղբյուրների, Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային հաջողվել է զգալիորեն թուլացնել նախիջևանյան կլանի ազդեցությունը։ Ադրբեջանական վտարանդիության աղբյուրները ծագումով նախիջևանցիներին «ազգությամբ քուրդ» են ամվանում։
Ադրբեջանի պաշտոնական և իշխանամետ լրատվամիջոցները դեռևս «քրդական թեմային» չեն անդրադարձել։ Բացառված չէ, որ Դեմոկրատական կուսակցության նախագահը և «Մուսավաթի» գործադիր քարտուղարը ներկայացրել են իշխանական վերնախավի ինչ-որ խմբավորման տեսակետը կամ նրանք «հրահանգավորվել են Թուրքիայից», որտեղ քրդերի հանդեպ վերաբերմունքը խիստ անհանդուրժողական է։

Բաց մի թողեք
Թրամփը խոստացել է հետախուզական տվյալներ հրապարակել
Պուտինի վարկանիշային անկումը նրան վերածում է դիակի
Եթե Բայրամովը իրոք մեկնի Կիև, ուրեմն Ալիևը «ընդունել է Պուտինի մարտահրավերը»