04/08/2026

EU – Armenia

Ի՞նչ կտա Հայաստանին սուտ TRIPP-ը

Վրացական «դարի նախագիծը», երևում է, մտնում է գործնականացման փուլ։ Հուլիսին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվիրիշվիլին հայտարարել է, որ կառավարությունը ստանձնում է Անակլիա նավահանգստի կառուցման ֆինանսական պատասխանատվությունը։

Պետությունը, ըստ այդմ, կպահպանի վերահսկիչ փաթեթը, նրա տնօրինությանը կմնան առանցքային ենթակառուցվածքները և հողատարածքը, իսկ մասնավոր ներդրողները և միջազգային գործընկերները կկառավարեն առանձին թերմինալները։

Վրացական լրատվամիջոցները հայտնել են, որ օգոստոսի 1-ին բելգիական «Jan De Nuil» ընկերության հատուկ նավը մտել է Անակլիայի ջրային տարածք, որպեսզի «մաքրի ծովի հատակը»։

Ըստ նախագծի, ապագա նավահանգիստը պետք է ունենա առնվազն 17,5 մետր խորության ջրատարած, որպեսզի կարողանա ընդունել մեծ բեռնատարողության նավեր։ Այնուհետև պետք է կառուցվի 1380 մետր երկարության պաշտպանիչ «պատ»՝ նավակառանները ալեկոծությունից պաշտպանելու համար։

Նախատեսվում է առաջին փուլի աշխատանքները, որ գնահատվում են շուրջ 600 միլիոն դոլար, ավարտել 2029թ․-ին։ Նավահանգիստը տարեկան կընդունի 600 հազար կոնտեյներ։ Մինչ այդ Վրաստանի կառավարությունը պետք է հասցնի կառուցել նավահանգիստ տանող երկաթգիծ և ավտոմոբիլային ճանապարհ։

«Անակլիա» նավահանգստի կամ վրացական «դարի նախագծի» գաղափարը շրջանառվել է 2000թ․-ին, բայց գործնական քայլեր, ինչպես տեսնում ենք, նոր են կատարվում։ Անկասկած, Վրաստանի կառավարության ձեռնարկումները պայմանավորված են Եվրոպա-Հարավային Կովկաս-Կենտրոնական Ասիա հաղորդակցությունը բարելավելու և արդիականացնելու հարցում Եվրամիության ակտիվացմամբ։

Ուշագրավ է, որ Անակլիայում բելգիական ընկերության կողմից աշխատանքների մեկնարկի մասին տեղեկությունը հաջորդել է Ղրղըզստանի Չոլպան Աթա քաղաքում Կենտրոնական Ասիա+Ադրբեջան ոչ պաշտոնական գագաթաժողովին։

Այդ ձևաչափով պաշտոնական գագաթաժողովը կգումարվի առաջիկա հոկտեմբերին՝ Թուրքմենստանում։ Մասնակիցների կողմից քննարկվում է տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման և այդ ոլորտում ինտեգրացիոն ծրագրերի մշակման հարցը։ Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն այցել է Տաջիկստան և Ղրղըզստան, իսկ Ուզբեկստանի և Թուրքմենստանի նախագահները՝ Թբիլիսի։

Գործընթացների մեկնարկը, ամենայն հավանականությամբ, տրվել է Ադրբեջանի նախագահի ապրիլին Թբիլիսի այցի ժամանակ, որը նա ավարտել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության պատվավոր նախագահ, Վրաստանի փաստացի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հետ փակ բանակցություններով։

Չոլպան Աթային ոչ պաշտոնական հանդիպման ելույթում Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Կենտրոնական Ասիան և Ադրբեջանը արդեն «աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական միասնական տարածաշրջան» են։ Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդները, մինչդեռ, կապակցվածության տարածք են նշել Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը։ Անակլիայի նավահանգստի նախագծի մեկնարկով Վրաստանը, կարծես, առաջին հերթին Եվրոպա-Հարավային Կովկաս-Կենտրոնական Ասիա կապակցվածության նախագծում իր սուբյեկտությունն է ընդգծում։

Ի՞նչ կտա Հայաստանին TRIPP-ը, ե՞րբ է տրվելու այդ սուտ նախագծի գործնականացման մեկնարկը։