11/08/2026

EU – Armenia

Ադրբեջանա-իրանական «եղբայրությունը» ԻՀՊԿ-ն հաստատե՞լ է արդյոք

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Մոհսեն Ռեզայիին նշանաակել է Ազգային անվտանգության խորհրդում իր ներկայացուցիչ։

Ժամեր անց Mehr գործակալությունը հայտնել է, որ Ռեզային նախագահ Փեզեշքիանի հրամանագրով նշանակվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար։ Այդ պաշտոնը Ալի Լարիջանիի սպանությունից հետո թափուր էր։

Նույն օրը Իրանի նախագահ Փեզեշքիանը խոսել է հարևան երկրների հետ հարաբերությունների մասին։ Ուշադրություն է գրավում Ադրբեջանի մասին Փեզեշքիանի հայտարարությունը։ Ըստ այդմ, Ադրբեջանը նախկինում «որոշ երթուղիներ փակել էր, ինչպես նաև դադարեցրել իրանական բանկի գործունեությունը», բայց «երկժամյա հեռախոսազրույցից հետո ամեն ինչ կրկին բացվել» է։

Փեզեշքիանը հատուկ ընդգծել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի ցուցաբերած օգնությունը: «Նրանք մեզ օգնել են տարբեր երթուղիներով՝ լինեն դրանք Ռուսաստանից, թե իրենց սեփական մատակարարումները, նրանք մեզ անհրաժեշտ ամեն ինչում աջակցել» են։

Օգոստոսի 10-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայյքը տարածել է սոցիալական X հարթակում Իլհամ Ալիևի պատասխան գրառումը: «Պարոն նախագահ Մասուդ Փեզեշքիան, շնորհակալ եմ ձեզ Ադրբեջանի մասին անկեղծ և բարի խոսքերի համար։ Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները ծանր ժամանակներում մշտապես աջակցել են մեկը մյուսին։

Մեր տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ֆոնին Ադրբեջանը կրկին ցույց է տվել, որ կանգնած է իր եղբայրական իրանական ժողովրդի կողքին»։

Օգոստոսի 9-ին Իրանի պետական հեռուստատեսությունը տասնչորս վայրկյան տեւողության տեսանյութ է տարածել, որտեղ Մոջթաբա Խամենեին պատկերված է մի քանի կրոնական գործիչների հետ, իսկ ավելի վաղ Irna պետական գործակալությունը հայտնել է «գերագույն հոգևոր առաջնորդի եւ նախագահի հանդիպման» մասին։

Իրանի ներքաղաքական կյանքում ի՞նչ զարգացումներ են սպասվում կամ արդեն իսկ տեղի են ունեցել, դժվար է ասել։

Չափազանց կարևոր է, որ Իրանի և Ադրբեջանի նախագահները, չնայած կողմերի միջև շարունակվող «տեղեկատվական պատերազմին», հանդես են եկել «եղբայրական հարաբերությունների պահպանման» խոսույթով։

Հարց է, թե Մասուդ Փեզեշքիանը որքանո՞վ է արտահայտում Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության դիրքորոշումը։ ԱՄՆ-ի հետ «գործարքի» հարցում նա ասել է, որ «պետք է հաշվի առնել զինվորական հրամանատարության տեսակետը»։