12/08/2026

EU – Armenia

Մահապատի՛ժ․ Ասադի վճիռը կայացված է

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը հեռակա կարգով դատապարտվել է մահապատժի։ Որոշումը կայացրել է Դամասկոսի քրեական դատարանը, հաղորդում է «Ալ Արաբիա»-ն։

Դատարանը Ասադին մեղավոր է ճանաչել մեկից ավելի անձանց, այդ թվում՝ երեխաների, կանխամտածված սպանության, ինչպես նաև կտտանքների մեջ։

Դատավճիռը կայացվել է հեռակա կարգով, քանի որ Ասադը փախել է Սիրիայից իր տապալումից հետո և ներկայումս գտնվում է Ռուսաստանում, որտեղ նա ապաստան է ստացել։

Դամասկոսի չորրորդ քրեական դատարանը Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի նկատմամբ մահապատժի վճիռ է կայացրել։ Այդ մասին հայտնել է Sana պետական գործակալությունը։

Ըստ այդմ, Ասադը մեղավոր է ճանաչվել «մարդկության դեմ հանցագործություն կատարելու»՝ տասնյակ հազարավոր անձանց սպանությունը կազմակերպելու և իրականացնելու մեջ։ Դատարանը նույն մեղադրանքով առավելագույն պատժաչափի դատավճիռ է կայացրել նաև Մահեր Ասադի՝ նախկին նախագահի հարազատ եղբոր, նկատմամբ։

Բաշար Ասադի դեմ քրեական գործը հարուցվել է 2025թ․-ին։ Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը։

Բաշար Ասադը գտնվում է Ռուսաստանում, որտեղ, ըստ տեղեկությունների, ստացել է «քաղաքական ապաստան»։ Նախկին նախագահի նկատմամբ դատարանի վճիռը հրապարակվել է Սիրիայում ՌԴ երկու ռազմահենակայանների շուրջ «փոխըմբռնման հուշագրի» ստորագրումից ընդամենը երեք օր հետո։ Կարելի է ենթադրել, որ Տարտուսի նավահանգստի և Հմեյմիմ օդանավակայանի փաստացի ազգայնացումը, որ իրականացվել է Դամասկոսի կողմից, կապված է Ասադին սիրիական դատարանին չհանձնելու Ռուսաստանի իշխանությունների դիրքորոշման հետ։

Բաշար Ասադի և նրա հարազատ եղբոր նկատմամբ մահապատժի դատավճիռը, անկախ Բաշար Ասադի հետագա ճակատագրից, անուղղակի մեղադրանք է նաև Ռուսաստանի հասցեին։ Սիրիայի նախագահի պաշտոնում նա «ընտրվել» է 2000թ․-ին և 24 տարվա պաշտոնավարման ընթաացքում մշտապես վայելել է Ռուսաստանի ինչպես քաղաքական, այնպես էլ ուղղակի ռազմական աջակցությունը։

Սիրիական դատարանի վճիռը, ամենայն հավանականությամբ, ի կատար չի ածվի, Ռուսաստանը Ասադ եղբայրներին չի արտահանձնի։ Կարելի է միայն ենթադրել, թե ինչ գաղտնիքների է տիրապետում Բաշար Ասադը, եթե Վլադիմիր Պուտինը նույնիսկ երկու կարեւորագույն ռազմակայանների գնով անգամ նրան պահում է անմիջական վերահսկողության տակ։