12/08/2026

EU – Armenia

«Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները կարող են հաղթահարվել նաև այլ մեխանիզմներով»

Մինչև տարեվերջ կհրապարակվի նոր Սահմանադրության նախագիծը, և կսկսվի հանրային լայն քննարկում։

Ինչպես փոխանցել է «Ազատությունը», այդ մասին Ազգային ժողովում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Արուսյակ Ջուլհակյանը։ Նույն աղբյուրը տեղեկացրել է, որ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին պատասխանելով՝ Ջուլհակյանը հանրայնացրել է, որ նոր Սահմանադրության նախաբանում «Անկախության հռչակագրին հղում չի լինելու»։

Արուսյակ Ջուլհակյանը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ է և, հավանաբար, հանրայնացրել է այս պահի դրությամբ ունեցած տեղեկատվությունը։ Ուշագրավ է, որ «Ազատությունը» Հայաստանում սահմանադրական բարեփոխումների կամ նոր Սահմանադրության ընդունման մասին այս տեղեկատվությանը իր կողմից հավելել է, որ «Բաքուն հստակ նախապայման է առաջադրել՝ խաղաղության պայմանագիրը կստորագրվի միայն Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և դրանից Անկախության հռչակագրի հղումը հեռացնելու դեպքում»։

Պաշտոնական Բաքուն ոչ մի պաշտոնյայի մակարդակով երբեք չի պնդել, որ Հայաստանի Սահմանադրությունից «Անկախության հռչակագրին հղումը պետք է հեռացվի»։ Ադրբեջանի նախագահը, նրա օգնական և արտաքին գործերի նախարարը մշտապես օգտագործել են նույն ձևակերպումը․ «Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող դրույթները»։

Ադրբեջանի «մտահոգությունը» կամ «պահանջը», այսպիսով վերաբերում է ոչ թե ամբողջությամբ Անկախության հռչակագրին, այլ դրա այն ձևակերպմանը, որտեղ հղում է արվում «ՀԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին» 1989թ․ դեեկտեմբերի 1-ի որոշմանը։

Այլ և չափազանց սզբունքային հարց է, թե իշխող քաղաքական ուժը նոր Սահմանադրության նախաբանից ինչո՞ւ է «հանել» Անկախության հռչակագրին հղումը և Հայաստանի անկախության հիմք իրավական ի՞նչ ակտ է նախատեսում, բայց դա կապել Ադրբեջանի «նախապայմանը կատարելու» հետ, ճիշտ չէ։

Մանավանդ որ վերջին հարցազրույցում Ալիևի օգնական Հաջիևը հասկանալ է տվել, որ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները կարող են հաղթահարվել նաև այլ մեխանիզմներով»։