Ադրբեջանի դատախազությունը ՌԴ քաղաքացիներ Երմոլովի, Կնյազևի և Չադաևի դեմ քրեական գործ է հարուցել։ Նրանք մեղադրվում են «ահաբեկչության հրապարակային կոչեր հնչեցնելու» և «ազգամիջյան թշնամանք և ատելություն հրահրելու» մեջ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նրանցից Չադաևը ՌԴ «տրանսպորտի նախարարի խորհրդականն է և գործում է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրենկոյի ուղղակի հսկողությամբ»։
Հաջորդ օրը Բաքվում ՌԴ ատակարգ և լիազոր դեսպան Եվդոկիմովը «հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան վճռական բողոք է հայտնվել»։ Ընդգծվել է, որ ռուսաստանյան մամուլում, թելեգրամյան ալիքներում և youtube-յան հարթակում «Ադրբեջանական պետության ներքաղաքական գործընթացներին Ռուսաստանի Դաշնության հնարավոր միջամտության մասին քննարկումները, ինչպես նաև ադրբեջանական ժողովրդի և Ադրբեջանի ղեկավարության դեմ ֆիզիկական բռնության կոչերը անընդունելի» են։
Ադրբեջանի ԱԳՆ-ում ընդգծել են, որ «չնայած ադրբեջանական կողմի բազմաթիվ կոչերին, որպեսզի նման գործունեությանը վերջ տրվի և քաղաքական տարբեր մակարդակներում խնդրի քննարկմանը, այդ հռետորաբանությունը շարունակվում է ավելի կոշտ ձևով, ինչը լուրջ անհանգստություն է առաջացնում»։
Ադրբեջանի դատախազությունը ՌԴ երեք քաղաքացիների նկատմամբ խափանկան միջոց է ընտրել «կալանավորումը» և միջազգային հետախուզում հայտարարել։ Անցել է մեկ օր, բայց պաշտոնական Մոսկվան այդ առթիվ որևէ տեսակետ դեռևս չի հնչեցրել։
Ռուսաստանի ԱԳՆ-ն դեսպան Եվդոկիմովին Ադրբեջանի արտգործնախարարություն հրավիրելուն և նրան «վճռական բողոք» հայտնելուն չի արձագանքել։
Հուլիսի 13-ին Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ «հարաբերությունների լարվածությունը լիովին հաղթահարված» է, նույն ամսվա 17-18-ին նա արտաքին գործերի նախարար Բայրամովին եռամյա ընդմիջումից հետո պաշտոնական այցով գործուղել է Մոսկվա։
Բանակցություններին ընդառաջ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան ասել է, որ «բարեկամական մթնոլորտում կհաջողվի լուծել նաև Ադրբեջանում դատապարտված ՌԴ քաղաքացիների հարցը»։
Ինչպես փաստերն են վկայում, ոչ միայն այդ վստահությունն է ի դերև եղել, այլև պաշտոնական Բաքուն արդեն քրեական հետապնդում է նախաձեռնել Ռուսաստանի պաշտոնյայի և իշխանական երկու լրագրողի դեմ։
Խնդիրը տվյալ դեպքում այդ գործի վերջնարդյունքը չէ։ Բաքվում գերազանց գիտեն, որ ալիևյան «արդարադատության ձեռքերը» Մոսկվա չեն հասնելու։
Կարևոր է, որ Ալիևը հրապարակայնացնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ վերաբերմունքը, միջազգայնորեն «կոտրում» նրա հեղինակությունը։
Նա քաղաքական բեկռաո՞ւնդ է փոխում։ Իսկ ի՞նչ «ստույգ հաշվարկ ունի»։ Սա կարևոր հարց է ոչ միայն Ադրբեջանի, այլև Հարավային Կովկասի համար։

Բաց մի թողեք
Թուրքիան «կմտնի՞» Ղրիմ, որը Ռուսաստանը օկուպացրել և անեքսիայի է ենթարկել
Ուկրաինայի վերականգմանը Ալիևի մասնակցությունը
Մոսկվա-Բաքու հարաբերությունները կրկին լարված են․ լրագրողներ են հետախուզվում