10/09/2026

EU – Armenia

Աննա Հակոբյանը կհանդիպի ՔՊ ֆրակցիայի հետ

Ընտանեկան բռնության դեմ պայքարի դրոշակակիր դարձած Աննա Հակոբյանը, որ շաբաթներ առաջ հայտարարեց, թե պատրաստվում է փոփոխություններ մտցնել մի շարք օրենքներում` խստացնելով ընտանիքում բռնության դեպքերի համար սահմանված պատիժները, մեր տեղեկություններով, մինչեւ ԱԺ հաջորդ նիստերը՝ սեպտեմբերի 14-ը, հանդիպելու է ՔՊ խմբակցության հետ։

«Հրապարակ» թերթը գրում է. Օրենքի նախագիծը ներկայացրած ՔՊ-ական կանանց հետ քննարկելու են մանրամասները, հնարավոր է՝ որոշ խմբագրումներ արվեն: Իսկ թե կոնկրետ որ օրն է կայանալու հանդիպումը, ՔՊ-ից ասացին` օրը դեռ վերջնական հաստատված չէ, հնարավոր է՝ փոփոխվի։

Ասացին նաեւ, որ տիկինը հույսը չի կտրել, որ ընդդիմադիր խմբակցությունները կհանդիպեն իր հետ, չնայած շաբաթներ առաջ մերժել էին հրավերը:

Ի դեպ, ոչ միայն ընդդիմադիրները, ՔՊ-ում էլ շատերը կարծում են, որ տիկինն արհեստական օրակարգ է բերել դաշտ, որի տակ ինչ-որ թաքնված նպատակ կա։