16/09/2026

EU – Armenia

Իրական շրջադարձը տեղի կունենա այն ժամանակ, երբ …

Երևանում ՄԱԿ-ի ESCAP-ի հետ մեկնարկած տրանսպորտային միջանցքների աշխատաժողովը առաջին հայացքից տեխնիկական միջոցառում է։ Իրականում դրա բառապաշարն արդեն քաղաքական է՝ Արևելք – Արևմուտք կապակցվածություն, միջազգային միջանցքներ, Չինաստան, Թուրքիա, Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա։

Երեսուն տարի Հայաստանը միջազգային տրանսպորտային քարտեզներում հիմնականում ներկայացվել է իր բացակայությամբ։ Երկու փակ սահման, չգործող երկաթուղիներ և աշխարհագրություն, որը առավելություն լինելու փոխարեն վերածվել էր մեկուսացման մեխանիզմի։

Այժմ խնդիրը հակառակն է՝ աշխարհագրությունը վերադարձնել տնտեսությանը։ Եվրասիայի քարտեզն արագ փոխվում է։ Ուկրաինական պատերազմը խաթարել է հյուսիսային ճանապարհները, Կարմիր ծովի ճգնաժամերը ցույց են տվել ծովային երթուղիների խոցելիությունը, իսկ Չինաստան-Եվրոպա առևտրի համար այլընտրանքային ցամաքային կապերը դարձել են ռազմավարական ակտիվ։ Միջանցքներն այլևս պարզապես ճանապարհներ չեն՝ դրանք մատակարարման շղթաներ են, քաղաքական ազդեցություն և տնտեսական անվտանգություն։

Այս պայմաններում Հայաստանի «Խաղաղության խաչմերուկը» կարող է արժեք ունենալ միայն այն դեպքում, երբ կարգախոսից վերածվի միջազգային համակարգի մասի։

Հենց այստեղ է երևանյան հանդիպման նշանակությունը։ Հայաստանը սեփական հաղորդակցությունների բացման գաղափարը տեղափոխում է ՄԱԿ-ի ինստիտուցիոնալ լեզու՝ կայուն միջանցքներ, միասնական չափորոշիչներ, թվային մաքսային համակարգեր, դիմակայուն ենթակառուցվածքներ։ ESCAP-ի ծրագիրն ինքնին կենտրոնացած է ցածրածխածնային և կլիմայակայուն ենթակառուցվածքների, թվայնացման և սահմանային գործընթացների պարզեցման վրա։

Սա կարևոր փոփոխություն է։ Տարիներ շարունակ տարածաշրջանային հաղորդակցությունների մասին խոսակցությունը կենտրոնացած էր այն հարցի շուրջ, թե ով ում ճանապարհ կտա։ Հայաստանը պետք է այն տեղափոխի բոլորովին այլ հարթություն՝ ինչպիսի՞ միջազգային կանոններով են աշխատելու այդ ճանապարհները, ո՞վ է ներդրում կատարելու դրանցում, ինչպե՞ս են դրանք կապվելու եվրոպական և ասիական ցանցերին։

Այդտեղ է նաև ինքնիշխանության հարցը։ Ճանապարհ ունենալը դեռ միջանցք ունենալ չէ։ Միջանցքը պահանջում է սահմանային անցակետեր, երկաթուղի, լոգիստիկ կենտրոններ, ապահովագրություն, թվային փաստաթղթաշրջանառություն և կանխատեսելի մաքսային ռեժիմ։ Հայաստանի կառավարության 2026–2031 ծրագիրն արդեն նախատեսում է Մեղրիի ու Բագրատաշենի անցակետերի արդիականացում, Մարգարայի ընդլայնում, Ախուրիկի ու Երասխի ենթակառուցվածքներ և Սյունիքի ու Երևանի լոգիստիկ կենտրոններ։

Եթե դրանք միացվեն եվրոպական ֆինանսավորմանը, ՄԱԿ-ի չափորոշիչներին և Ասիա–Եվրոպա տրանսպորտային ցանցերին, Հայաստանի աշխարհագրական դիրքը կարող է առաջին անգամ դառնալ տնտեսական ակտիվ։

Պատմության մեջ փոքր պետությունների կշիռը հաճախ որոշել է ոչ այնքան նրանց տարածքը, որքան նրանց աշխարհագրության պահանջվածությունը։ Մետաքսի ճանապարհի քաղաքները կարևոր էին, որովհետև աշխարհը դրանց միջով էր անցնում։ Այսօր նույն դերը կատարում են երկաթուղիները, մայրուղիները, էներգետիկ, լոգիստիկ և թվային ցանցերը։

Հայաստանի ռազմավարական խնդիրը, հետևաբար, շրջափակումից պարզապես դուրս գալը չէ։ Պետք է փոխել երկրի աշխարհագրության նշանակությունը՝ սահմանագծից այն վերածելով կապի տարածքի, փակուղուց՝ հանգույցի։

Իսկ իրական շրջադարձը տեղի կունենա այն ժամանակ, երբ միջազգային քարտեզների վրա Հայաստանի վրայով անցնող գիծը այլևս չի ընկալվի որպես աշխարհաքաղաքական վեճ, այլ՝ որպես Եվրոպան և Ասիան կապող բնական ու պահանջված ճանապարհ։