24/09/2026

EU – Armenia

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույց

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը հրապարակում է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։

Զեկույցի պատրաստումը բխում  է ՀՀ Կառավարության 2026–2031 թթ. ծրագրից եւ պատրաստվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ։

Զեկույցը պատրաստվել է ՀՀ ՎԱ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից՝ կենտրոնի գործունեության կանոնադրական նպատակներին և գործառույթներին համապատասխան։

Զեկույցի նպատակն է բաց աղբյուրների ուսումնասիրության հիման վրա փաստագրել ՀԱՍԵ-ում առաջացած ճգնաժամը եւ առաջարկել լուծման ուղիներ։

Սույն զեկույցը չի վիճարկում Եկեղեցու դավանաբանական հիմքերը, Սրբազան Ավանդությունը և կանոնական կարգը։ Հակառակը՝ այն փաստագրում է հենց այդ հիմքերի խախտումները՝ ի պաշտպանություն Եկեղեցու ինքնության և ինքնավարության։

Զեկույցում ընդգծված է, որ բարենորոգումն իրականացնում է ինքը՝ Եկեղեցին՝ իր նվիրապետության և հավատավոր ժողովրդի խորհրդակցային մասնակցությամբ, իսկ պետությունը գործում է իր օրենսդրական իրավասությունների շրջանակում։

Զեկույցում օգտագործվել են բացառապես բաց աղբյուրներում առկա և օրինական ճանապարհով հասանելի տեղեկություններ՝ ավելի քան 250 հղումով։

Յուրաքանչյուր ուղղությամբ փաստերն ու վկայությունները համադրվել են ՀԱՍԵ Կանոնագրքի, Առաքելական կանոնների, Ազգային-Եկեղեցական ժողով գումարելու 1945թ. Կանոնադրության, կանոնական այլ փաստաթղթերի և ՀՀ օրենսդրության համապատասխան դրույթների հետ։

Զեկույցում փաստագրված է 16 արձանագրում, որոնցով արտահայտվում է ճգնաժամը։

Դրանց թվում են՝

•        կուսակրոնության ուխտի խախտումը և բարեվարքության խախտումների անպատժելիությունը,

•        հոգևորականների կամայական հետապնդումները և կարգալուծությունները,

•        ֆինանսական անթափանցիկությունը և եկեղեցապատկան գույքի ոչ նպատակային օգտագործումը,

•        ազգակցական ձեռնադրությունները և կլանային կառավարումը,

•        Սուրբ Խորանի քաղաքականացումը և արտաքին ազդեցությունների տարածումը,

•        Ազգային-եկեղեցական ժողովի 27-ամյա խափանումը և միասնական Սահմանադրության բացակայությունը,

•        պառակտումները Սփյուռքի թեմերում։

Զեկույցն առաջարկում է ճգնաժամի հաղթահարման հինգ քայլից բաղկացած ճանապարհային քարտեզ։

Զեկույցի ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ։