26/09/2026

EU – Armenia

ՌԴ ՆԳՆ-ն առաջարկել է չեղարկել 180-օրյա արտոնությունը, այդ թվում՝ հայ վարորդների

Ռուսաստանի ՆԳՆ-ն առաջարկում է վերացնել ԱՊՀ երկրների և Վրաստանի պրոֆեսիոնալ վարորդների համար Ռուսաստանում գտնվելու ժամկետը մինչև 180 օր երկարացնելու արտոնությունը, եթե այդ երկրները որոշեն անդամակցել Եվրամիությանը։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ կառավարության որոշման նախագծին։

2026 թվականի ապրիլին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի որոշմամբ ԱՊՀ երկրների և Վրաստանի այն քաղաքացիների համար, որոնք պրոֆեսիոնալ վարորդներ են և իրականացնում են միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ, Ռուսաստանում ժամանակավոր գտնվելու ժամկետը 90 օրից երկարացվել էր մինչև 180 օր։ Կարգավորումը վերաբերում է առանց վիզայի Ռուսաստան մուտք գործող վարորդներին։

ՆԳՆ-ի նոր առաջարկով՝ եթե ԱՊՀ անդամ որևէ երկիր կամ Վրաստանը որոշում ընդունի Եվրամիությանն անդամակցելու մասին, այդ երկրի քաղաքացիների համար 180-օրյա արտոնությունը կդադարի գործել։

Նախագծի ընդունման դեպքում այդ երկրների պրոֆեսիոնալ վարորդները Ռուսաստանում կրկին կկարողանան գտնվել առավելագույնը 90 օր՝ մեկ տարվա ընթացքում։

Նախագծի բացատրական գրության մեջ նշվում է, որ նախաձեռնությունը մշակվել է Ռուսաստանի շահերի և անվտանգության ապահովման նպատակով։ ՌԴ ՆԳՆ-ի գնահատմամբ՝ ԱՊՀ երկրների և Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հնարավոր որոշումը չի համապատասխանում Եվրասիական տնտեսական միության նպատակներին և կարող է սպառնալիք ստեղծել Ռուսաստանի ազգային անվտանգության համար։

ՌԻԱ Նովոստին հիշեցնում է նաև, որ 2025 թվականի մարտին Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը։