TRIPP-ը վերջին ամիսներին Սյունիքի շուրջ քաղաքական օրակարգի կենտրոնում է, սակայն մարզում արդեն ձևավորվել է նաև զգալի եվրոպական ներկայություն։ «Դիմակայուն Սյունիք» Team Europe նախաձեռնության շրջանակում ներգրավված միջոցները հասել են 258 միլիոն եվրոյի։
Դրանք ուղղվում են ենթակառուցվածքների, բիզնեսի, կրթության, սոցիալական ծառայությունների և բնական պաշարների կառավարման ծրագրերին։ Փաթեթը համատեղ ֆինանսական գործիք է՝ ԵՄ կառույցների, եվրոպական ֆինանսական հաստատությունների, անդամ պետությունների և Շվեյցարիայի մասնակցությամբ, վարկային ու դրամաշնորհային բաղադրիչներով։ Այս ամբողջ ներգրավվածությունն ունի մի նպատակ՝ Սյունիքը դիտարկվում է որպես Հայաստանի դիմակայունության, տարածքային ամբողջականության և պետության կենսունակության առանցքային տարածք։
Սիսիան–Քաջարան ճանապարհ, Հայաստան–Իրան սահմանային նոր անցակետ, տեղական բիզնեսի ֆինանսավորում, մասնագիտական կրթություն, համայնքային ենթակառուցվածքներ և էներգետիկ կապեր։ Սրանք առանձին ծրագրերի ցանկ չեն։ Դրանց համադրությունից ձևավորվում է սահմանային մարզի տնտեսական և պետական ամրությունը։
Սյունիքի անվտանգությունը կախված է նաև երկրի մյուս հատվածների, արտաքին շուկաների և հարևան Իրանի հետ հուսալի կապից, բնակչության զբաղվածությունից ու համայնքների կենսունակությունից։ Ճանապարհը, սահմանային անցակետը, ներդրումը և տեղում ստեղծվող տնտեսական հնարավորությունը պետական ներկայության նյութական արտահայտություններ են։
Այդ իմաստով դիմակայունությունը շատ ավելի լայն հասկացություն է, քան ռազմական պաշտպանությունը․ այն պետության կարողությունն է Սյունիքում պահպանելու բնակչություն, տնտեսություն, հաղորդակցություն և արդյունավետ կառավարում։
Այստեղ Ռուսաստանի հետ համեմատությունը օրինաչափ ու բնական է։ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Մոսկվան ստանձնեց հետպատերազմական անվտանգության հիմնական գործառույթներից մի քանիսը։ Ռուս խաղաղապահները տեղակայվեցին Արցախում, նրանց վերահսկողության տակ անցավ Լաչինի միջանցքը, իսկ ռուսական ներկայությունը կապվեց մարդկանց անվտանգության, տեղաշարժի և հաղորդակցությունների պահպանման հետ։ Այս պահից հայ–ռուսական դաշնակցային հարաբերությունների արժեքը Հայաստանի համար այլևս չէր կարող չափվել միայն պայմանագրերի լեզվով։
Չափանիշը դարձավ ստանձնած պատասխանատվության կատարումը՝ այն գործառույթների, որոնք Ռուսաստանը վերցրել էր անվտանգության, տեղաշարժի և հաղորդակցությունների ոլորտներում։ Դաշնակցային հարաբերությունը պետք է հաստատվեր արդեն ոչ թե ձևակերպումներով, այլ տեղում ստեղծված արդյունքով։
2022 թվականի սեպտեմբերին Հայաստանը, ադրբեջանական հարվածներից հետո, պաշտոնապես դիմեց Ռուսաստանին երկկողմ դաշնակցային պայմանագրի դրույթները գործադրելու խնդրանքով և նույն հարցով դիմեց ՀԱՊԿ-ին։ ՀԱՊԿ-ը աջակցության, օգնության փոխարեն Հայաստան ուղարկեց գնահատման առաքելություն։ Մի քանի ամիս անց Հայաստանի դիմումի համաձայն ԵՄ-ն ստեղծեց քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանի տարածքում։ Այն այսօր ունի ավելի քան 200 աշխատակից, իսկ մանդատը երկարաձգված է մինչև 2027 թվականի փետրվարը։
Ռուսաստանի և Եվրամիության ներկայությունը Հայաստանում ձևավորվել է տարբեր քաղաքական նպատակներով։ Մոսկվայի ազդեցությունը հենվում էր դաշնակցային անվտանգության համակարգի, ռազմաբազայի, սահմանապահների և խաղաղապահ առաքելության վրա։ ԵՄ-ն Հայաստանի դաշնակիցը չէ, սակայն իր ներկայությունը կառուցեց այլ գործիքներով՝ քաղաքացիական դիտորդական առաքելություն, սահմանային համայնքների աջակցություն, ենթակառուցվածքային ներդրումներ, տնտեսական դիմակայունություն և ինստիտուցիոնալ կապեր։
2023-ին, ռուս խաղաղապահների ներկայությամբ, Ադրբեջանը վերահսկողություն հաստատեց ամբողջ Արցախի նկատմամբ, ավելի քան 120 հազար հայ տեղահանվեց պատմական հայրենիքից, իսկ մեկ տարի անց ռուսական խաղաղապահ առաքելությունն ավարտվեց նախատեսված ժամկետից շուտ։ Այս զարգացումները Հայաստանում փոխեցին անվտանգության մասին պատկերացումները։ Քննարկման կենտրոնում հայտնվեց Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերության գործնական արժեքը՝ ինչ է ապահովում գործընկերը ճգնաժամի պահին։
Այս հաջորդականությունը ցույց է տալիս, որ Հայաստանի եվրոպական ընտրությունը ձևավորվել է աստիճանաբար՝ անվտանգության ու դիմակայունության պահանջներից հասնելով քաղաքական որոշման։ «Դիմակայուն Սյունիք» նախաձեռնությունն ու ԵՄ քաղաքացիական առաքելությունը գործում էին դեռ 2023-ից, իսկ 2024-ի ապրիլի 5-ի ԱՄՆ-ԵՄ-Հայաստան գագաթնաժողովն արդեն Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սոցիալ-տնտեսական դիմակայունությունը դրել էր արևմտյան աջակցության առանցքում։ Այդ պահին ԵՄ անդամակցության գործընթացի մասին օրենք դեռ չկար։ Հետագա ստորագրահավաքը և 2025-ի մարտին ընդունված օրենքը արդեն ձևակերպեցին հասունացած քաղաքական ընտրությունը։
Այս ժամանակագրությունն էական է նաև այլ պատճառով։ Եվրոպական ներգրավվածությունը նախորդել էր Հայաստանի ԵՄ անդամակցության օրակարգի իրավական ամրագրմանը և ձևավորվել էր երկրի անվտանգության, Սյունիքի խոցելիության ու պետական դիմակայունության գնահատման հիման վրա։ Հետևաբար Բրյուսելի աջակցությունը ավելի ճիշտ է դիտարկել որպես Հայաստանի կառուցվածքային խնդիրներին վաղ արձագանք։ Հետագայում այդ գործնական ներգրավվածությունն ու Հայաստանի եվրոպական ուղղությունը աստիճանաբար մտան նույն ռազմավարական դաշտ՝ ձևավորելով ավելի լայն շահերի համընկնում։
Սյունիքի շուրջ ԵՄ քաղաքականության իմաստը հենց այստեղ է բացվում։ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մասին հայտարարությունները աստիճանաբար վերածվեցին գործնական ներկայության՝ սահմանային դիտորդություն, համայնքային ծրագրեր, ճանապարհներ, ջրային ենթակառուցվածքներ, տնտեսություն։ 2026-ի առաջին Հայաստան–ԵՄ գագաթնաժողովն այս մոտեցումը բարձրացրեց նոր մակարդակի՝ կապակցվածության գործընկերությամբ, որը ներառում է տրանսպորտը, էներգետիկան և թվային կապերը։ Նույն փաստաթղթերում կրկին ամրագրվեց աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և դիմակայունությանը։ Սյունիքի դեպքում սա արդեն միայն քաղաքական համերաշխություն չէ, այլ երկարաժամկետ ներկայության և պետական կարողությունների ամրապնդման հստակ ռազմավարություն։
Այժմ այս ճարտարապետությանը միանում է նաև TRIPP-ը։ ԱՄՆ-ը մտնում է Սյունիքի ենթակառուցվածքային վերափոխման դաշտ, մինչդեռ ԵՄ-ն արդեն տարիներ շարունակ ներդրում է անում մարզի տնտեսական և սոցիալական հիմքի մեջ։ Հուլիսին Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց նաև մինչև 200 միլիոն եվրոյի նոր Global Gateway փաթեթի մասին՝ Հարավային Կովկասի տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերը զարգացնելու համար, որը նախատեսված է հետագայում մոբիլիզացնելու մինչև 2 միլիարդ եվրոյի հանրային և մասնավոր ներդրում։ Հայաստանի դեպքում խոսքը նաև սահմանային անցակետերի և ճանապարհային ենթակառուցվածքների արդիականացման մասին է։
Այսպիսով Սյունիքը աստիճանաբար դառնում է միջազգային կապակցվածության հանգույց։ Այստեղ արդեն հատվում են ամերիկյան և եվրոպական ներդրումային օրակարգերը, և հենց այդ խաչմերուկում է ձևավորվում Հայաստանի նոր աշխարհատնտեսական արժեքը։
Սյունիքը այս իմաստով դառնում է Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակոնկրետ չափման վայրերից մեկը։ Այստեղ մեծ խոսքերը արագ վերածվում են պարզ չափանիշների՝ ճանապարհ, ջուր, անվտանգ սահման, աշխատանք, կապ, բնակչության բարեկեցիկ ապրելու հնարավորություն։ Դաշնակցային պայմանագրերի, ռազմավարական գործընկերությունների ու քաղաքական հայտարարությունների արժեքը վերջում երևում է հենց այս մակարդակում։
Համեմատությունն էլ պետք է անել արդյունքով։ Ռուսաստանի հետ հետպատերազմական հարաբերությունների ընթացքն ու ԵՄ-ի վերջին տարիների ներգրավվածությունը տարբեր ազդեցություն են թողել Հայաստանի անվտանգության, սահմանային դիմակայունության և պետական կարողությունների վրա։ Հայաստանի համար առանցքային հարցը պարզ է՝ ով ինչ է ստանձնել, ինչ է կատարել և ինչ է փոխվել դրա հետևանքով։
Սյունիքի երկարաժամկետ ամրությունը կախված է հայկական պետության կարողությունից՝ արտաքին աջակցությունը վերածելու սեփական ենթակառուցվածքի, տնտեսական ակտիվության, կենսունակ համայնքների և արդյունավետ կառավարման։ Գործընկերության քաղաքական արժեքն էլ չափվում է հենց այստեղ՝ որքանով է այն մեծացնում Հայաստանի ինքնուրույնությունը, ամրացնում պետական ներկայությունը և նվազեցնում մարզի խոցելիությունը։

Բաց մի թողեք
Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. Տեսանյութ
Բոլորս էլ ուրախ ենք Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակով ու հաջողությամբ, բայց ․․․
Իր ինքնությունը պահպանելու համար հայ մարդը պետք է պայքարի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների դեմ՝ միաժամանակ․ Սաղաթելյան