Հայաստանի Ազգային ժողովում սեպտեմբերի 15-ի բանավեճը առաջին հայացքից կարող էր թվալ հերթական կոշտ քաղաքական հակադրություն, սակայն իշխանական պատգամավոր Արման Եղոյանի ձևակերպումները հարցը տեղափոխեցին ավելի լայն հարթություն՝ ինչպիսի՞ սահմաններ պետք է ունենա քաղաքական պայքարը ժողովրդավարական պետությունում։
Եղոյանը հայտարարեց, որ «Դաշնակցականությունը պետք է մինչև արմատները արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից», իսկ ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը պետք է լինի «վերջին դաշնակցականը»։
Ի՞նչ է, ըստ էության, ենթադրվում «դաշնակցականություն» ասելով, որը, Եղոյանի ձևակերպմամբ, պետք է «արմատախիլ արվի» հայ քաղաքական մտքից։
Դաշնակցության քաղաքական ինքնության հիմքում ազգային գաղափարն է՝ հայրենիքը որպես բարձրագույն արժեք, ազգային ինքնորոշումը, անկախ պետականությունը և ազգային նպատակների իրագործումը։ Այդ պատկերացման մեջ կարևոր տեղ ունի նաև Հայ Առաքելական Եկեղեցին՝ որպես ազգային ինքնության և արժեքների պահպանման ու փոխանցման առանցքային ինստիտուտ։
Կուսակցության ծրագրում ամրագրված են նաև «Հայ Դատի» լուծման և «Ազատ, Անկախ ու Միացյալ Հայաստանի» կերտման նպատակները։
Այս գաղափարները ՀՅԴ-ի համար միայն տեսական չեն եղել․ 1918 թվականին Դաշնակցությունը կարևոր դեր է ունեցել Հայաստանի Առաջին Հանրապետության կերտման գործում՝ անկախ պետականության գաղափարը վերածելով քաղաքական իրականության։
Հետագայում այդ ազգային օրակարգի կարևոր ուղղություններից են դարձել Արցախի ինքնորոշման, այսօր արդեն՝ վերադարձի իրավունքի, Հայոց ցեղասպանության ճանաչման ու հետևանքների հաղթահարման, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու պահպանման և նրա ազգային դերակատարության պաշտպանության հարցերը։
Հետեւաբար, ազգային գաղափարի գոյությունը ինքնին ինչո՞ւ պետք է դիտարկվի որպես Հայաստանի պետականության և ինքնիշխանության համար խոչընդոտ։ Ինչո՞ւ է հենց ազգային գաղափարն ու դրա վրա կառուցված քաղաքական ավանդույթը ներկայացվում որպես այն, ինչը պետք է «արմատախիլ արվի» Հայաստանի քաղաքական մտքից։ Եվ եթե ազգային գաղափարը դիտարկվում է որպես Հայաստանի պետականության և ինքնիշխանության համար խոչընդոտ, ապա ո՞րն է դրա հիմքում ընկած պատճառաբանությունը։
Արդյո՞ք Հայաստանի ներկայիս իշխանությանը խանգարում են ազգային գաղափարները։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ պետք է այդ գաղափարները կրող՝ ավելի քան մեկդարյա քաղաքական ավանդույթը «արմատախիլ արվի»։ Իսկ եթե այո, ապա ո՞րն է այդ գաղափարների հակասությունը ներկայիս իշխանության քաղաքական օրակարգին։
Հենց այս համատեքստում «արմատախիլ անել» ձևակերպումը ստանում է առանձնահատուկ նշանակություն։ Խոսքը պարզապես քաղաքական քննադատության մասին չէ, այն քաղաքական ուժի և գաղափարախոսության՝ քաղաքական դաշտում գոյության իրավունքի մասին։ Առավել կարևոր է, որ այս խոսքերը հնչեցին ոչ թե քաղաքական հանրահավաքի կամ կուսակցական միջոցառման, այլ Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից՝ իշխանական պատգամավորի կողմից։
Առանձնահատուկ ուշադրության է արժանի Եղոյանի մեկ այլ ձևակերպում, ըստ որի՝ Քրիստինե Վարդանյանը պետք է լինի «հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը»։ Նա նաև հայտարարեց. «Ձեր քաղաքական ուժը պետք է վերջանա։ Ձեր գաղափարական ուղղությունը պետք է վերանա։ Դուք չպետք է ունենաք շարունակություն»։
Քրիստինե Վարդանյանը պարզապես մասնավոր անձ չէ։ Նա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ընտրված Ազգային ժողովի պատգամավոր է, իսկ նրա քաղաքական պատկանելությունը բացահայտ և օրինական քաղաքական գործունեության մաս է։
Ուստի, երբ գործող իշխանության ներկայացուցիչը երկրի բարձրագույն ամբիոնից հայտարարում է, որ գործող քաղաքական ուժի ներկայացուցիչը պետք է լինի «վերջին դաշնակցականը», այդ ձևակերպումը դժվար է դիտարկել միայն որպես կոշտ քաղաքական քննադատություն։ Նման հայտարարությունը տվյալ քաղաքական ուժի և նրա անդամների նկատմամբ ուղղակիորեն սպառնացող և ահաբեկող բնույթ ունի՝ պարունակելով քաղաքական հետապնդման, ճնշման և վերացման վտանգի վերաբերյալ հանցավոր բնույթի տարրեր։
Եթե այսօր իշխանությունն իրեն իրավունք է վերապահում որոշելու, թե ո՞ր քաղաքական գաղափարախոսությունը և դրա կրողները պետք է վերանան քաղաքական կյանքից, պարզապես այն պատճառով, որ իրենց քաղաքական քիմքին հարմար չեն, ապա ո՞ր չափանիշով է որոշվելու, թե հաջորդը որն է լինելու։
Այս հարցն ունի նաև հստակ սահմանադրական հիմք։ ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածը ամրագրում է. «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը»։
Սա քաղաքական ցանկություն չէ, սա սահմանադրական սկզբունք է։ Իշխանության ներկայացուցիչի կողմից որեւէ քաղաքական գաղափարախոսություն կամ քաղաքական ուժ քաղաքական դաշտից վերացնելու մասին հայտարարությունը չի կարող դիտարկվել այս սահմանադրական երաշխիքից անջատ։Այն պետք է դիտարկվի հենց այդ սահմանադրական երաշխիքի լույսի ներքո։
Իսկ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները հստակորեն պաշտպանում են արտահայտվելու ազատությունը, միավորման իրավունքը, քաղաքական մասնակցությունը, քաղաքական կուսակցությունների ազատ գործունեությունը և քաղաքական բազմակարծությունը։
Ժողովրդավարական հասարակությունում իշխանությունը չի կարող քաղաքական մրցակցությունը փոխարինել քաղաքական բացառման կամ որևէ գաղափարախոսության վերացման տրամաբանությամբ։
Այս մտահոգությունն առավել լուրջ է դառնում՝ հաշվի առնելով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի արձագանքը։ Նա հայտարարեց, որ համաձայն է ոչ միայն Եղոյանի ընդհանուր քաղաքական դիրքորոշմանը, այլև նրա արտահայտած մտքի բովանդակությանը։ Սա նշանակում է, որ այդ հայտարարությունն առնվազն արտացոլում է իշխող ուժի բարձրաստիճան ներկայացուցչների դիրքորոշումը։
Ի վերջո, հարցը միայն ՀՅԴ-ի մասին չէ։ Եթե ազգային գաղափարախոսությունը պետք է վերանա, ապա ի՞նչ է գալիս դրա փոխարեն, և արդյո՞ք ձևավորվում է ազգային գաղափարից հրաժարված՝ բռնապետական Հայաստան։
Արմինե Մուքոյան; Մանկավարժ, սփյուռքագետ

Բաց մի թողեք
«Դիխլոֆոս»-ի դեպքը․ նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ
Ռուսական տեխնոլոգիական հսկողության ընկերությունը ներթափանցել է Եվրոպայի իրավապահ մարմիններ
Ինչպե՞ս բարեփոխել Առաջին ալիքը. Հովհաննես Իշխանյան. Լուսանկար