28/09/2026

EU – Armenia

Տավուշում հերթափոխից հետո նոր զորք չի տեղակայվե՞լ

Մինչ հանրության ուշադրությունը շեղում են Տիգրանաշենով, Տավուշի մարզի Բերդավան գյուղի հատվածում սահմանագծման արդյունքում Ադրբեջանին է հանձնվում 4-ից 5 մարտական դիրք․ այսինքն, 1600-ից 1700 մետր՝ ադրբեջանական կողմը առաջխաղացում է ունենալու։

Սահմանագծին է հայտնվել բերդավանցիների սրբատեղին՝ միջնադարյան եռանավ եկեղեցու ավերակները, ինչպես նաև 12-13-րդ դարերին թվագրվող խաչքարերը։

«Խոսքը միայն Բերդավան գյուղին հարակից 5 դիրքերի մասին չէ, այլ խոսքը գնում է նաև Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի եռանկյունում գտնվող Դեբեդավան գյուղի մասին, որը, ըստ էության, պետք է ներառվի այսպես կոչված սահմանագծման, իսկ ավելի կոնկրետ՝ հայրենահանձնման գործընթացում»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց տավուշցի ակտիվիստ և ընդդիմադիր գործիչ Կարեն Ղազարյանը։

Սահմանազատման գործընթացը կարող է հասնել մինչև Վերին Ոսկեպար։ Վերին Ոսկեպարի անկլավային տարածքը, որը նույնպես սահմանակից է Լոռու մարզին, սահմանազատումից հետո անգամ Լոռին դարձնում է ադրբեջանական անմիջական թիրախ։

«Ըստ այս պնդումների, հայրենահանձնումը կշարունակվի Ազատամուտի շրջակայքում՝ Բարխուդարլու և Սոֆուլու կոչվող՝ նախկին Խորհրդային Միության տարիներին ադրբեջանական բնակավայրերի տարածքներով։ Դրանք հանձնելու պարագայում Ազատամուտը կարող է հայտնվել խիստ սահմանային իրավիճակում, ինչպես Կիրանցը։ Եվ ոչ միայն․ Ազատամուտից այն կողմ գտնվող տարածքները նույնպես կարող են դառնալ սահմանային։ Այս դեպքում Այգեհովիտ, Վազաշեն և հարակից գյուղերը, այդ թվում՝ Կայանավանը, կարող են հայտնվել շրջափակման մեջ»,- ասաց Ղազարյանը։

Շրջկենտրոն Իջևանի և Իջևան համայնքի հետ անմիջական կապը կարող է պահպանվել միայն Բերդ–Իծաքար–Գանձաքար ճանապարհի միջոցով։ Սակայն մեր զրուցակցի խոսքով, այդ գյուղերը Իջևանին կապելու նպատակով ճանապարհաշինական, այդ թվում՝ նախապատրաստական աշխատանքներ չեն մեկնարկել։

«Միաժամանակ Ենոքավանի բարձունքներով՝ սարային հատվածով, Իջևանի հարակից գյուղերից դեպի Նոյեմբերյան գնացող շրջանցիկ ճանապարհ է կառուցվում։ Այդ մասին, սակայն, ըստ այս պնդումների, չի խոսվում։ Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ իշխանությունները, նախարարները և իշխանամերձ հանրային գործիչները հերքում են ստեղծված իրավիճակի վերաբերյալ պնդումները։ն Հնարավոր է՝ այս պահի դրությամբ զորքերի հետքաշում դեռ չի իրականացվել։ Ես անձամբ հստակ չեմ տեսել այդ գործընթացը։ Սակայն Տավուշում խոսում են, որ հերթափոխ է իրականացվել, հերթափոխն իջեցվել է, իսկ դրա փոխարեն նշված տարածքներում նոր զորք չի տեղակայվել»։

Կարեն Ղազարյանը նաև ընդգծեց, որ այս գործընթացների մասով իշխանության, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից լռություն է պահպանվում։

«Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը նույնպես հերքում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ այս պնդումները։ Նա հերքում էր նաև նախորդ տարվա այն իրավիճակը, երբ մարդիկ որոշ գործիքներով չափագրումներ էին իրականացնում Վերին Ոսկեպարի ադրբեջանական գերեզմանոցներում։ Այդ գործընթացը տեսանելի էր տեղի բնակիչների, այդ թվում՝ նաև իմ կողմից։ Այդուհանդերձ, Արսեն Աղաբաբյանը մեծ ջանասիրությամբ հերքում էր այդ ամենը։ Թե ինչու է նա դա անում՝ չեմ կարող պատկերացնել»,- եզրափակեց մեր զրուցակիցը։