Սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններում փոփոխություններ են տեղի ունեցել։
Մասնավորապես՝ A, B կամ C կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար դիմորդները պատասխանում են A, B, C խմբի ընդհանուր հարցաշարի հարցերին։ Օրինակ՝ B կարգի մարդատար ավտոմեքենա վարելու իրավունք ստանալու համար կիրառվում է այս խմբի հարցաշարը։
D կամ T կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար դիմորդները պատասխանում են D, T խմբի ընդհանուր հարցաշարի հարցերին։ Օրինակ՝ D կարգի ավտոբուս վարելու իրավունք ստանալու համար կիրառվում է այս խմբի հարցաշարը։
Բարելավվել է նաև հարցերին կից պատկերների որակը։
Տեղեկացնում ենք նաև, որ քննական հարցաշարերում նոր հարցեր չեն ավելացվել․ կարգավորմամբ փոխվել է միայն դրանց խմբավորումը։
Սակայն դեռ գարնան ամիսներից նշվում էր, որ հնարավոր է՝ փոխվի վարորդական իրավունքի ստացման կարգը, և վարորդական իրավունք ստանալու գործընթացում կրթությունը դառնա պարտադիր։
ՆԳՆ-ից տեղեկացրին, որ առաջարկվող կարգավորումների համաձայն՝ վարորդական իրավունքի տեսական քննությանը հնարավոր կլինի մասնակցել միայն համապատասխան ուսուցում անցնելուց հետո։ Այսպիսով, կրթությունը վարորդական իրավունք ստանալու գործընթացում կդառնա առաջին պարտադիր քայլը։
Նախատեսվում է նաև վարորդների պատրաստման գործընթացում լիցենզավորման համակարգի ներդրում։ Վարորդներ պատրաստելու իրավունք կունենան միայն սահմանված պահանջներին համապատասխանող և լիցենզավորված կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։
Սակայն ՆԳՆ-ից նշեցին, որ սա դեռ քննարկման փուլում է։
Նշվում էր նաև, որ ավագ դասարանների աշակերտների համար կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ։ Նախաձեռնության նպատակն է բարձրացնել սովորողների իրազեկվածությունը ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ և նպաստել անվտանգ երթևեկության մշակույթի ձևավորմանը։
Ծրագրի շրջանակում աշակերտները կսովորեն ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհային նշաններն ու գծանշումները, լուսացույցի և կարգավորողի ազդանշանները, հետիոտնի և ուղևորի վարքականոնները, ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև կստանան վարորդական գործնական հմտություններ։
Այժմ ՆԳՆ կրթահամալիրում կրթություն են ստանում այն ուսուցիչները, ովքեր ավագ դպրոցներում վարելու են երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակները։

Բաց մի թողեք
Երկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելու
Ինչ են գնելու 148,5 միլիոն դրամով
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը. Լուսանկար