«Հայաստանի դպրոցներում չպետք է հնչեն «իրական Հայաստանի» գաղափարախոսությանը հակասող մտքեր»,- սեպտեմբերի 17-ին «Համապարփակ անվտանգություն եւ դիմակայունություն 2026» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի դրա դեմ, քանի որ տեղի ունեցողը սպառնալիք է ստեղծում Հայաստանի համար։
«Երբ 2024 թվականի գարնանը խորհրդարանում խոսեցի «իրական Հայաստանի» գաղափարի մասին, ինձ մի պատմություն փոխանցեցին, որն ինձ պարզապես ապշեցրեց։ Պատգամավորներից մեկն արձագանքել էր․ «Այսինքն՝ ինքն ուզում է ասել, որ Մուշն ու Վանը մերը չե՞ն»։ Սա թերեւս տարօրինակ արձագանք թվա, բայց իրականում տալիս է բազմաթիվ հարցերի պատասխաններ, որովհետեւ անվտանգային շատ խնդիրներ սկսվում են հենց մեր մտքում՝ իրականության եւ միջավայրի ընկալումից։ Քաղաքացիների հետ վերջերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ նրանցից մեկն ասաց, թե «Պատմություն» առարկայի ժամին ուսուցիչն իր երեխային ասել է, որ մեծանան, պետք է ազատագրեն Մուշն ու Վանը»,- ասել է նա եւ հայտարարել, որ, իր գնահատմամբ, սրանք այնպիսի երեւույթներ են, որոնք վտանգում են մեր երկիրը: Իսկ ամենախայտառակ թեզը, ըստ նրա, այն է, երբ ասում են. «Պետք է հզորանանք, որ ազատագրենք Արցախի Հանրապետությունը»։
Պատմաբան, պատմության բազմաթիվ դասագրքերի հեղինակ Աշոտ Ղուկասյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով երկրի վարչապետի այս տարօրինակ, անգամ` բռնապետական պահանջներին, նկատեց. «Նախ սկսենք զրույցը նրանից, որ վերջին շրջանում ինչ-որ կրթական բարեփոխումներից են խոսում, բայց իրենք ուղղակի ոչնչացնում ու ապականում են կրթությունը` իրենց վատ դասագրքերով ու ծրագրերով: Բերաններն են գցել այդ «չափորոշիչ» բառը եւ շարունակ նոր չափորոշիչներից են խոսում, բայց ի՞նչ չափորոշիչների մասին են խոսում` այն, ինչ այս տարիներին մեր ուսուցիչներն արել են, շատ ժամանակ՝ անգամ ինքնաբերաբար, սրանք այդ ամենի անունը որոշել են դնել չափորոշիչ, իբր հայտնագործություն են կատարել: Սրանց գրած դասագրքերը ոչ մի բանի մասին են: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությանը, ապա բնական երեւույթ է, պարզ է, մի երկրի վարչապետը եթե «իրական Հայաստան» կեղծ օրակարգ ստեղծի, պարզ է, որ պետք է նման անգիտություններ արտաբերի: Մուշն էլ, Սասունն էլ, Արցախն էլ, ամեն ինչն էլ պետք է արգելեն ներառել դասագրքերում»:
Նրա խոսքով` անգամ ԽՍՀՄ տարիներին սովետական իշխանության կողմից նման արգելքներ չեն եղել: Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Սովետի տարիներին դասագրքեր գրում էին գրագետ ու բանիմաց մասնագետները, այսօր դասագրքերը գրում են տգետները, իսկ նախապայմանը միայն իրենց ծառայելն է: PISA-ի հետազոտությունը վառ ապացույցն է նրա, թե ինչ է կատարվում այժմ կրթության համակարգում: Երեխաներն ի՞նչ պետք է սովորեն մերօրյա դասագրքերից, որտեղ հաճախ անգամ կարդալու նյութ չկա: Սովետական Միության տարիներին ես նախարարությունում եմ աշխատել, երբեք նման բան չի եղել, որ մեր պատմությունը խեղաթյուրեն: Ի տարբերություն այսօրվա, այն ժամանակ համակարգն էր հանձնաժողով ընտրում, ոչ թե անձերը, հատուկ հանձնաժողով էր ստեղծվում, որը հանձնարարում էր դասագրքեր գրել: Որպեսզի հայրենասիրական ոգին բարձր չմնա, մի անգամ մեկն ինձ ասաց` Մոսկվայից են հրահանգել: Ես պահանջեցի այդ հրահանգը, որպեսզի համոզվեմ, բայց էդպես էլ ոչինչ ցույց չտվեցին ինձ, հավանաբար, ոչ մի բան էլ չէր եղել, ուղղակի ինչ-որ մեկն իր աշխատանքն ապահովագրելու համար որոշել էր նման բան անել»:

Բաց մի թողեք
14 դպրոցում վարչատնտեսական համակարգողի պաշտոն թափուր է
Պարտության խորհրդանիշ անձի վարչապետության օրոք Անկախություն տոնելը տոնը ձեռ առնել է նշանակում
Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը