22/09/2026

EU – Armenia

Ղարաբաղից տեղահանվածները՝ «թրիգերի մատերիա՞լ»

Գաղտնիք չէ, որ Լեռնային Ղարաբաղին առնչվող ցանկացած հարց՝ 44-օրյա պատերազմից մինչև ԼՂ բլոկադա, բռնի տեղահանում, այս ընթացքում լիուլի շահարկվել ու շարունակում է ճղճիմ կերպով շահարկվել հայրենի ընդդիմության կողմից՝ ծառայեցվելով վերջինիս քաղաքական այսրոպեական օրակարգին։

Մասնավորապես Բաքվի բանտում գտնվող գերիների՝ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման ուղղությամբ ՀՀ իշխանության կողմից «քայլեր չանելու», նրանց «անտերության մատնելու» թեման ընդդիմության սիրելի մտավարժանքներից է։ Նախորդ գումարման խորհրդարանի ընդդիմությունը, հիշեցնենք, քաղաքական օրակարգի դատարկությունը ինչ-որ բանով լցնելու համար մերթընդմերթ հիշում էր գերիներին՝ մեկ ակցիա էր կազմակերպում արտաքին գործերի նախարարության շենքի առաջ ու նախարարին խարազանում, մեղադրում «ձեռքերը լվանալու մեջ», մեկ էլ գերիների վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծ երկնում՝ խնդրին իբրև թե միջազգային ռեզոնանս հաղորդելու համար։

Նույն վարքագիծը ցուցադրվում է նաև այսօր, մասնավորապես Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային, սոցիալական խնդիրները շահարկելու ուղղությամբ։ Հենց հայրենի ընդդիմադիրները քաղաքական ասելիքի տեսանկյունից «նեղն են ընկնում», հիշում են արցախցիների կոմունալ խնդիրների մասին ու տեղահանված մեր քույրերի ու եղբայրների սոցիալ-հոգեբանական խոցելի վիճակը դարձնում քաղաքական ակտիվության ստիմուլ, ցույց տալու, թե՝ իրենց դարդով տապակվող խումբ-խմբակցություն կա ԱԺ-ում։

Հիշեցնենք՝ ընտրությունների նախընթաց շրջանում ընդդիմադիր եռագլուխ բևեռը հնարավոր բոլոր միջոցներով փորձեց կորզել Ղարաբաղից տեղահանվածների քվեն՝ երեստվանքի ժանրում հիշեցնելով, թե այս ընթացքում նրանից որն ի՜նչ բարեգործություններ է արել։ Այս հարցում իրար հերթ չէին տալիս հատկապես «Ուժեղ Հայաստան»-ն ու ԲՀԿ-ն։

Օրերս ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ բարձր ամբիոնից նզովք հնչեցրած Արեգա Հովսեփյանը որոշեց արծարծել Ղարաբաղից տեղահանվածների (մասնավորապես նշելով մի քանի անուն) բնակարանային՝ բնակարանների վարձերի թանկացման, «առանց տանիքի մնալու» խնդիրը։ Նա նախ հայտարարեց, թե՝ «Նիկոլ Փաշինյանը կապ չունի հայ ժողովրդի հետ», ապա հարց հղեց ՀՀ վարչապետին՝ «ո՞վ է պատասխանատու այս կարևորագույն հարցի համար»։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Եթե ես կապ չունեմ, ուրեմն դուք կրկնակի ավելի կապ չունեք հայ ժողովրդի հետ։ Եվ ես սա ասում եմ՝ ընտրությունների արդյունքների վրա հիմնվելով։ ․․․Երկրորդ՝ դուք վատ ծառայություն եք մատուցում Ղարաբաղի մեր ժողովրդին։ Ձեզ ի՞նչ է թվում՝ Հայաստանում մարդ չկա՞ ուրիշ, որ տուն չունի»։ Վարչապետը միաժամանակ նշեց, որ ՀՀ-ում երկու պետություն, երկու կառավարություն լինել չի կարող։ «Չի կարող լինել ձեր կողմից նշված անունով կառույց (Երևանում ԼՀՂ ներկայացուցչություն, որտեղ էլ, ըստ Հովսեփյանի, պատրաստվում է տեղափոխվել ղարաբաղցի ընտանիքներից մեկը-խմբ․), և այն միանշանակ պետք է անցնի ՀՀ տնօրինությանը»։ Ինչ վերաբերում է բնակվարձերի հետ կապված խնդրին, ապա վարչապետը նախ նշեց, որ 800 միլիարդ է Կառավարությունը հատկացրել Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային խնդիրները հոգալու համար, ապա հավելեց՝ միայն Երևանի Կենտրոնում ու Արաբկիրում չէ, որ վարձով բնակարաններ կան։ ՀՀ-ում կան տասնյակ այլ բնակավայրեր, որտեղ կան ազատ տներ։ «Եվ մենք պատրաստ ենք աջակցել ու աջակցում ենք, ու հազարավոր ընտանիքներ՝ 8 հազար ընտանիք, որոնք ստացել են վկայագիր, 4 հազարն արդեն իսկ իրենց տունն առել է»,- նկատեց Կառավարության ղեկավարը։

Հետաքրքիր զուգադիպությամբ տիկին Հովսեփյանի խորհրդարանական ելույթի հաջորդ օրը ականատես եղանք ԱԺ դիմաց արցախցիների կողմից իրականացվող ակցիայի։ Ակցիան, բնականաբար, ինքնաբուխ չէր և ուներ կազմակերպիչ՝ ՀՀ վարչապետի հասցեին տարբեր տաղավարներից կեղտ լցնող ու վիրավորող «Վերածնվող Արցախ» ՀԿ-ի ղեկավար Անաստաս Իսրայելյան։ «Совпадение»? ԱԺ դիմաց հավաքվածներին հանդիպելու շտապեցին, բնականաբար, «Ուժեղ Հայաստան» խմբակցության գլխավոր-գերագույն հրամանատար, ներողություն՝ ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ տիկին Արեգայի ուղեկցությամբ, «Հայաստան» խմբակցությունից՝ Արթուր Խաչատրյանն ու Լիլիթ Գալստյանը՝ որպես Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Ակնհայտ էր, որ ընդդիմադիր բլոկը ահավոր ուրախ, գոհ ու բավարարված է, որ բողոքական զանգված է հավաքվել Երևանի կենտրոնում, պրոցես կա, պոտենցիալ «թրիգեր», որը կարելի է օգտագործել իշխանափոխության նպատակով։ (Խորհրդարանի առաջ հավաքված բազմությանը հանդիպեց նաև ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանը)։

Դառնանք Իսրայելյան-Կարապետյան երկխոսությանը, որի ժամանակ ՀԿ-ի ղեկավարը, անդրադառնալով 800 միլիարդ հատկացմանը, շեշտեց, թե՝ Նիկոլ Փաշինյանը այդ թիվը երեստվանքի պես անընդհատ հնչեցնում է հատուկ ՀՀ հասարակության համար, որպեսզի մարդիկ մտածեն՝ էսքան փող են հատկացնում ղարաբաղցիներին, իրենք էլ «հալա որ գոհ չեն»։ «Եթե էս մարդկանց ունեցվածքը հաշվարկես՝ իրենց ունեցվածքը՝ Արցախում ինչ են թողել, հարյուր-հազարավոր դոլարների է․․․ սրանց 800 միլիարդ էլ չի պետք։ Մարդկանց թող փոխհատուցում տան, էդ 800 միլիարդն էլ․․․»։ Կարապետյանը, որը խորամանկ կիսաժպիտի ուղեկցությամբ ունկնդրում էր Իսրայելյանին, տնավարի ոճով հոգատարություն խաղաց․ Թե․ «Այ մարդ, տնից զրկեն, հայրենիքից զրկեն, երեսո՞վ տան։ Ոչ մեկը չի կարա երեսով տա»։ ՈՒՀ խմբակցության ղեկավարի ու Իսրայելյանի երկխոսությունից ակնհայտ դարձավ, որ առաջիկայում ԱԺ-ում հնարավոր է կազմակերպվեն լսումներ (առաջարկը «Վերածնվող Արցախ» ՀԿ-ի ղեկավարինն էր), որի ժամանակ կբարձրաձայնվեն տեղահանվածներին մտահոգող բոլոր խնդիրները՝ բնակարանայինից մինչև տեղահանվածների կարգավիճակի հստակեցում։ Ակնհայտ է, որ ԼՂ շարքային քաղաքացիների թիկունքում թաքնվելով, նրանց կենցաղային խնդիրները շահարկելով որոշ շահագրգիռ սուբյեկտներ (ԼՂ-ում նախկինում տարբեր բարձր պաշտոններ զբաղեցրած) փորձում են Ղարաբաղում իրենց թողած ունեցվածքի փոխհատուցումը ստանալ, ունեցվածք, որը, այո, միլիարդների է հասնում։

Սա նշանակում է, որ ընդդիմության առաջիկա օրակարգը նորից ղարաբաղյան թեմատիկայով է լինելու՝ լսումների ժամանակ հավաքվելու են և, ինչպես նախորդող լսումների ժամանակ, Ղարաբաղին պատուհասած բոլոր արհավիրքների մեջ մեղադրելու են կառավարող ուժին, մեծ հավանականությամբ՝ արանքում նաև նզովք ու անեծք են հնչեցնելու ԱԺ ամբիոնից, լիցքաթափվելու են ու գնալու են տներով՝ սպասելով, թե երբ է համապատասխան տեղից հնչելու կոչնակը՝ նորից փողոց դուրս գալու ու կառավարության միսը ծամելու հանձնարարականով։ Չի բացառվում նաև, որ տեղահանվածների օրակարգը թեժացնելու հարցում միանա նաև կրեմլյան քարոզչամեքենան, ասենք՝ ՌԴ-ի մարդասիրական կյազմակերպությունների անունից նորից օգնություն բաժանվի:

Հ․Գ․ Մինչ ՀՀ իշխանությունն ամեն ինչ անում է ցավ ու հոգս ունեցող ղարաբաղցի մեր քույրերին ՀՀ հասարակական կյանքին ինտեգրելու, տնավորելու ուղղությամբ, որոշ շահագրգիռ ուժեր ձեռքներից եկածն անում են այդ ինտեգրումը տորպեդահարելու, նրանց որպես քաղաքական փամփուշտ օգտագործելու համար, փամփուշտ, որի թիրախը ՀՀ կառավարությունն է։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը քանիցս, ԱԺ հունիսի 7-ի ընտրությունների քարոզարշավի ժամանակ էլ հայտարարել է․ «Մենք այս պահին ԼՂ մեր քույրերին ու եղբայրներին 50 միլիարդ դրամի ֆինանսավորում ենք ապահովել, որպեսզի նրանք ՀՀ-ում տուն առնեն ու տնավորվեն։ Բայց այսօր ՀՀ-ում կան ուժեր, որոնք չեն ուզում, որ այդ մարդիկ տնավորվեն, անընդհատ ուզում են այդ մարդկանց պահել պանդուխտի ու գաղթականի տրամաբանության մեջ, որ իրենք ՀՀ-ում իրենց անընդհատ ճամփի վրա զգան՝ որպես ժամանակավոր կանգառ»։