Ռուսաստանի ՆԳՆ-ն առաջարկում է վերացնել ԱՊՀ երկրների և Վրաստանի պրոֆեսիոնալ վարորդների համար Ռուսաստանում գտնվելու ժամկետը մինչև 180 օր երկարացնելու արտոնությունը, եթե այդ երկրները որոշեն անդամակցել Եվրամիությանը։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ կառավարության որոշման նախագծին։
2026 թվականի ապրիլին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի որոշմամբ ԱՊՀ երկրների և Վրաստանի այն քաղաքացիների համար, որոնք պրոֆեսիոնալ վարորդներ են և իրականացնում են միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ, Ռուսաստանում ժամանակավոր գտնվելու ժամկետը 90 օրից երկարացվել էր մինչև 180 օր։ Կարգավորումը վերաբերում է առանց վիզայի Ռուսաստան մուտք գործող վարորդներին։
ՆԳՆ-ի նոր առաջարկով՝ եթե ԱՊՀ անդամ որևէ երկիր կամ Վրաստանը որոշում ընդունի Եվրամիությանն անդամակցելու մասին, այդ երկրի քաղաքացիների համար 180-օրյա արտոնությունը կդադարի գործել։
Նախագծի ընդունման դեպքում այդ երկրների պրոֆեսիոնալ վարորդները Ռուսաստանում կրկին կկարողանան գտնվել առավելագույնը 90 օր՝ մեկ տարվա ընթացքում։
Նախագծի բացատրական գրության մեջ նշվում է, որ նախաձեռնությունը մշակվել է Ռուսաստանի շահերի և անվտանգության ապահովման նպատակով։ ՌԴ ՆԳՆ-ի գնահատմամբ՝ ԱՊՀ երկրների և Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հնարավոր որոշումը չի համապատասխանում Եվրասիական տնտեսական միության նպատակներին և կարող է սպառնալիք ստեղծել Ռուսաստանի ազգային անվտանգության համար։
ՌԻԱ Նովոստին հիշեցնում է նաև, որ 2025 թվականի մարտին Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը։

Բաց մի թողեք
ԵՄ երկրները համաձայնել են տրամադրել Ուկրաինային նախատեսված՝ երկար ժամանակով կասեցված 6,6 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնությունը
ԵՄ երկրները համաձայնել են Ուկրաինայի համար ապասառեցնել EPF-ի 6,6 միլիարդ եվրոյի չափով միջոցները
ԵՄ-ի արհեստական բանականության գլխավոր խորհրդականը կոչ է անում հանձնակատարներին օգտագործել տեխնոլոգիան դաշինքի տնտեսությունը վերականգնելու համար