Անդրանիկ Ներսիսյանի՝ «Զոն նայող Անդուլիկ» մականունով հայտնի քրեական հեղինակության դեմ հարուցված քրեական գործը 2022 թվականից գտնվում է դատարանում։
Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ, լինելով քրեակատարողական հիմնարկում պահվող անձ, մասնակցել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը։
Գործով, բացի Ներսիսյանից, մեղադրյալի կարգավիճակ ունեին ևս երեք անձ՝ օրենքով գող Ալեքսանդր Մակարյանը՝ «Ալո Շահումյանսկի» մականունով, քրեական հեղինակություն Սմբատ Ավդալյանը և Արթուր Սեդրակյանը՝ «Տիզ» մականունով։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ քրեական հեղինակությունների վերաբերյալ գործը քննող առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Անի Դանիելյանի նախագահությամբ, բոլոր մեղադրյալներին արդարացրել է՝ ճանաչելով նրանց անմեղությունը։
Միաժամանակ, Արթուր Սեդրակյանը, որը տվյալ քրեական գործով մեղադրյալ էր, մահացել է գործի դատական քննության ընթացքում։ Սեդրակյանի նկատմամբ քրեական հետապնդումը հետագայում դադարեցվել է նրա մահվան հիմքով։ 2022 թվականին նա Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չէր հաջողվել։
«Ալո Շահումյանսկիի» փաստաբան Հունան Բաբայանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեց, որ դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ։ Նրա խոսքով՝ դատախազությունը դատավճիռը բողոքարկել է։
Ինչ վերաբերում է իր պաշտպանյալի խափանման միջոցին, փաստաբանը նշեց, որ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։


Բաց մի թողեք
Օշականցի Գեւորիկը եւս կալանավորվեց. Լուսանկար
Գողության դեպք՝ Երևանում
Աբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել