Վեց տարի առաջ այս օրը՝ դարձյալ Վարագա Սուրբ Խաչի տոնին, սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը՝ իր աղետալի հետևանքներով և հազարավոր հայորդիների նահատակությամբ։
Այսօր Մասյացոտնի թեմի եկեղեցիներում, Սուրբ Պատարագի ավարտին, կատարվեց Հոգեհանգստյան կարգ՝ պատերազմում նահատակվածների հոգիների խաղաղության համար։
Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագեց և Հոգեհանգստյան արարողությունը հանդիսապետեց Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։
Արարողության ընթացքում Սրբազան Հայրը, անդրադառնալով Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված հերոսների հիշատակին և նրանց թողած պատգամին, մասնավորապես նշեց․
«Այսօր մեր մտքի ու աղոթքի մեջ առաջին հերթին մեր նահատակներն են, որոնց անունները դաջված են մեր հիշողության մեջ, որոնց կյանքը շաղախված է հայրենի հողի հետ։ Նրանք իրենց կյանքով մտան խաչի խորհրդի մեջ և իրենց զոհողությամբ վկայեցին, որ կան արժեքներ, որոնց համար մարդը պատրաստ է տալ ամենաթանկը՝ իր կյանքը։ Նրանք խաչը չկրեցին միայն որպես նշան։ Նրանք իրենց կյանքը դարձրին խաչի զոհողության վկայություն։ Նրանց համար հավատքը, հայրենիքը, պարտքը և սերը բառեր չէին, այլ պատասխանատվություն, որի համար պատրաստ եղան զոհողության։ Աշխարհի չափանիշով նրանց կյանքը ավարտվեց զոհաբերությամբ։ Քրիստոսի խաչի լույսի ներքո նրանց զոհողությունը վկայություն է այն հաղթական սիրո, որը սեփական կյանքը կարող է նվիրել ավելի բարձր արժեքի։
Եվ նրանք մեզ այսօր հարց են տալիս․ ի՞նչ ենք պատրաստ տալ հանուն հայրենիքի ու պետության ապագայի, ի՞նչ արժեքների համար ենք պատրաստ զոհել մեր հարմարավետությունը, ժամանակը, էներգիան և անձնական շահը։ Նրանց զոհողությունը մեր ներկայի պատասխանատվությունն է։ Նրանք իրենց բաժին խաչը կրեցին արժանապատվությամբ, և այո՛, հաղթանակած են։ Մեր բաժինը հիմա ապրելն է այնպես, որ նրանց զոհողությունը չմնա միայն հուշաքարի վրա»։
Մասյացոտնի թեմ

Բաց մի թողեք
Երբե’ք Խաչի տոնի Պատարագից հետո հոգեհանգիստ չէինք անում, բայց այսօր արեցինք․ Տեր Փառեն
Իմ հերոս ընկերներ․ հավատում եմ՝ պատմությունը ամեն ինչ իր տեղը կդնի․ Մախսուդյան. Լուսանկարներ
Եկեղեցու մասին խոսում են անկենսագիր ու անդաստիարակ մարդիկ. Տեր Երեմիա. Լուսանկար