Հանրային հեռուստաընկերության ներողությունը Թաթա Սիմոնյանից եւ հանրությունից՝ 44-օրյա պատերազմի տարելիցի օրը երգչի ուրախ համերգը հեռարձակելու համար, նման էր «ճաշից հետո մանանեխն այլեւս ավելորդ է» իրավիճակին, բայց նաեւ՝ զարմանալի «մանանեխի»: Չէ՞ որ բազմաթիվ այլ դեպքերում Հանրայինը ոչ մի ներողություն էլ չի խնդրում:
Հրապարակ թերթը գրել է․ Ընդամենը 10 օր առաջ, դա սեպտեմբերի 19-ն էր՝ Արցախի հայաթափման տարելիցը, Հանրայինի եթերից այդպես էլ չհնչեց հիշատակի, ցավակցության ոչ մի պաշտոնական խոսք։ Ասես ոչինչ էլ չէր եղել, ու հազարավոր մեր հայրենակիցների բռնի տեղահանումն ընդամենը հեռավոր մի էպիզոդ էր՝ ՀՀ վերնախավի «ուրախ» կյանքից հեռու: Արդեն սովոր ենք, որ Հանրայինն է հակաեկեղեցական քարոզչության թիվ մեկ կենտրոնը, որ այստեղից են ամենօրյա ռեժիմով հակառուսական տրամադրություններ գեներացվում, որ ազգային սրբություններն արժեզրկելու օպերացիան հենց այս ալիքն է մեծագույն էնտուզիազմով իրականացնում: Ու հանկարծ ներողություն՝ պատերազմի տարելիցի օրը Թաթա երգացնելու համար: Երեւի այս անգամ հանրային թուքումուրն այնքան էր, որ Հանրայինը ստիպված էր լղոզված ինքնախոստովանություն տարածել` առանց հստակ պատճառաբանության կամ գոնե արդարացման:
Արդարացավ միայն Թաթան: Նա սեպտեմբերի 28-ի առավոտյան «դատապարտեց» Հ1-ին՝ շեշտելով, որ տեսանյութը Հ1-ի սեփականությունն է եւ ցուցադրվել է առանց իր համաձայնության, եւ տեղի ունեցածը որակեց որպես «արդարացում չունեցող կոպիտ սխալ»։ «Սխալի» մասին խոսեց նաեւ Հանրայինը, հայտնեց, որ հիմա վերանայում է ներքին աշխատանքային ընթացակարգերը՝ նման բացթողումները բացառելու համար։ «Մենք չենք փորձի տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։ Ներողություն ենք խնդրում կատարվածի համար»: Ինչպես ասում են փոքրիկները՝ ներողություն, էլ չեմ անի չարություն:
Ինչպե՞ս էր հնարավոր նման «կիքսը» Հանրայինում, որն ավանդաբար նման հիշարժան օրերի ծրագիրը քննարկում ու կազմում է առնվազն 1-2 ամիս առաջ, ո՞վ պատժվեց դրա համար: Ոչ ոք չէ՞ր նայել եթերացանցը։ Թե՞ նրանց համար մեր պատմության սեւ էջերը, հազարավոր կորսված կյանքերն ու հայրենազրկումն ընդամենը «տեխնիկական վրիպակ» են, որոնց համար կարելի է հաջորդ օրը մի չոր հայտարարությամբ ներողություն խնդրել ու անցնել առաջ։
Այս հարցերի պատասխանները Հանրայինի պաշտոնյաները՝ Հ անրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանը, Առաջին ալիքի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, ըստ տարածված լուրերի, ոչ պաշտոնական կուրատորներ Արայիկ Հարությունյանն ու Տարոն Չախոյանը չեն տալիս: Զարմանալի չէ, որ հանրային սոցցանցերում Հ1-ի հասցեին եռացող պարսավանքի դոզան ներողությունից հետո միայն բազմապատկվեց:
«Էդքան անեծք ու քֆուր, որ դուք կերաք…»,- Հ1-ին գրել է օգտատերերից մեկը: «Ավելի ծիծաղելի ներողության տեքստ չէի տեսել… Խոստովանում են՝ գիտակցված չեն արել, ներողություն են խնդրում` հասարակության ճնշման ներքո, միայն Թաթայից հետո, ոչ մի պատասխանատու էլ չի պատժվելու… Կար մի ժամանակ, երբ Հանրայինում աշխատելը պատվաբեր էր», – գրում է մեկ այլ օգտատեր։
Լրագրող, Համահայկական ճակատի անդամ Ռուզաննա Ստեփանյանը պահանջում է աշխատանքից ազատել մեղավորներին. «Հասարակությունն իրավունք ունի իմանալու՝ ով է կայացրել այդ որոշումը, ով է պատասխանատու եղել եթերի բովանդակության համար, եւ կոնկրետ ինչ հետեւանքներ են լինելու պատասխանատուների նկատմամբ։ Եթե պաշտոնյաներն ու ղեկավարները միլիոնավոր դրամների վարձատրություն են ստանում հանրային միջոցներից, ապա նրանցից պահանջվում է ոչ միայն աշխատել, այլեւ պատասխանատվություն կրել իրենց որոշումների համար»: Եվ հարյուրավոր մարդիկ միացել են պահանջին:
Մեր տեղեկություններով, սկանդալային թերացման համար Հանրայինում շատերը մեղադրում են գործադիր տնօրենի տեղակալ Լեւոն Մարգարյանին, որը ծրագրերի տնօրենն է: Նա այս պաշտոնին է 2022 թվականի հոկտեմբերից, մինչ այդ հեռուստածրագրերի վերահսկողության ծառայության պետն էր, իսկ նախկինում աշխատել է 1in.am-ում եւ ֆեյքերի ՊՈԱԿ-ում: Հանրայինում նաեւ խոսում են, որ սեպտեմբերի 27-ին ուրիշ ալիքներով էլ են երաժշտական հաղորդումներ ու կոմեդիաներ ցուցադրել, բայց, չգիտես ինչու, հայհոյում են միայն Հ1-ին: Իհարկե, համեմատությունը կոռեկտ չէ` սա հանրային փողերից սնվող TV է, մյուսները` մասնավոր:
Միջազգային մեդիադաշտում գտանք մի քանի հայտնի դեպքեր, երբ ազգային ողբերգությունների հանդեպ անհարգալից վերաբերմունքը խստորեն պատժվել է կամ ունեցել է լուրջ հետեւանքներ: 2014 թվականին՝ Լենինգրադի բլոկադայի հերթական տարելիցի օրերին, «Դոժդ» հեռուստաընկերությունն ուղիղ եթերում հարցում էր անցկացրել. «Պե՞տք էր արդյոք հանձնել Լենինգրադը նացիստներին՝ հազարավոր կյանքեր փրկելու համար»: Սա դիտարկվեց որպես ազգային տրավմայի եւ զոհերի հիշատակի պղծում: Հանրային հսկայական ցասումից հետո կաբելային բոլոր խոշոր օպերատորներն անջատեցին հեռուստաալիքի հեռարձակումը, ընկերությունը զրկվեց ֆինանսավորումից, գովազդատուներից, իսկ Գլխավոր դատախազությունը քրեական վարույթ սկսեց «Դոժդի» եմ։ Իհարկե, հեռուստաալիքի դեմ արշավը նաեւ քաղաքական պատճառներ ուներ, բայց փաստ է, որ հենց բլոկադայի մասին հարցումը դարձավ «Դոժդի» փակման սկիզբը Ռուսաստանում։
2011 թվականին փակվեց բրիտանական News of the World թերթը, որն ավելի քան 150 տարվա պատմություն ուներ: Հանուն «սկանդալի», թերթն ապօրինի գաղտնալսումներ էր կազմակերպել, այդ թվում՝ գաղտնալսել էր 2005 թ. հուլիսի 7-ի Լոնդոնի ահաբեկչության զոհերի ընտանիքների անդամներին եւ Աֆղանստանում զոհված բրիտանական զինվորների հարազատների հեռախոսները՝ հենց սգո օրերին։ Երբ դա բացահայտվեց, Մեծ Բրիտանիայում սկսվեց հանրային աննախադեպ ապստամբություն։ Թերթը փակվեց, իսկ գլխավոր խմբագիրներն ու լրագրողները ձերբակալվեցին եւ դատապարտվեցին ազատազրկման։
Շատերս հիշում ենք հարեւան Վրաստանում 2008 թվականին տեղի ունեցած դեպքը, երբ օգոստոսյան պատերազմի ֆոնին «Իմեդի» հեռուստաընկերությունը եթեր էր հեռարձակել ֆեյք ռեպորտաժ, թե իբր ռուսական տանկերը նորից հարձակվել են եւ արդեն մտնում են Թբիլիսի։ Համատարած խուճապ սկսվեց, մարդիկ սրտի կաթվածներ ստացան, դա համարվեց պետության եւ սեփական ժողովրդի զգացմունքների դաժան ոտնահարում։ Հեռուստաընկերության տնօրինությունը ստիպված եղավ խայտառակ ձեւով ներողություն խնդրել, իսկ ծրագրի հեղինակներն ու պատասխանատուներն անմիջապես հեռացվեցին աշխատանքից:
Իհարկե, նման հետեւանքներ չեն կարող լինել մի երկրում, որտեղ հանրությանը հետեւողականորեն ներարկում են «կերուխումի ու թամաշայի» օրակարգը, սովորեցնում, որ հայրենիքի կորուստը պետք է մոռանալ ուրախ ռիթմերի տակ, իսկ երբ հանրային բողոքի ալիք է բարձրանում, արագ մի տեքստ են հրապարակում՝ վայ, կներեք, ցավում ենք:

Բաց մի թողեք
Երբ սկսեցին համայնքապետեր նշանակել եւ ընտրվածներին հետապնդել, ՏԻՄ-ը քայքայվեց
Ուսանողներին տարել են Երեւանյան լիճ. Լուսանկար
Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել