21/11/2024

Աշտարակում վերակառուցվող դպրոցից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 2 աշխատակիցներ

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գտնվող Ն․ Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ բետոնե պանելը ընկել է աշխատակիցների վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկաններն ու պարեկները, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված դպրոցից իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննիսյանի գլխավորությամբ, պարզել են, որ ժամը 16։30-ի սահմաններում նշված դպրոցի նկուղում էլեկտրական մոլոտոկով բետոնե պատը քանդելու ժամանակ պատը փլուզվել է Արագածոտնի մարզի բնակիչ 40-ամյա Մկրտիչ Ղ․-ի և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Մահմադ Հ․-ի (ում տարիքը ճշտվում է) վրա։

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Մկրտիչ Ղ․-ն ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։

Գ․ Շամշյանը հայտնում է, որ նշված դպրոցի կապիտալ վերակառուցման աշխատանքների պատվիրատուն ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ն է։