27/09/2025

Դպրոցները կփակվեն միայն ուսուցիչների եւ ծնողների համաձայնությամբ

Տավուշի մարզպետի աշխատակազմից տեղեկացել եմ, որ 2025-2026 ուսումնական տարում Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների ընդհանուր թիվը 15 հազար 468 է։

Տավուշի 76 հանրակրթական դպրոցներից այժմ առաջին դասարան չունի Աճարկուտի հիմնական դպրոցը, իսկ 12-րդ դասարան չունեն Չինչինի եւ Բարեկամավանի միջնակարգ դպրոցները: Մարզի հանրակրթական դպրոցներից երկկոմպլեկտ դասարաններ են առկա Աղավնավանքի միջնակարգ, Գոշի եւ Դեղձավանի հիմնական դպրոցներում։ Երկկոմպլեկտ՝ նշանակում է, որ նույն դասասենյակում դասապրոցեսը կազմակերպվում է երկու տարբեր դասարանների համար:

Տավուշի 76 հանրակրթական դպրոցների ավելի քան մեկ երրորդը՝ 28 դպրոց, ունի 100-ից պակաս թվով աշակերտ: Աճարկուտի հիմնական դպրոցն ունի ընդամենը 13 աշակերտ, Բարեկամավանի միջնակարգ դպրոցը՝ 15, Լուսահովիտի հիմնական դպրոցը՝ 28, Իծաքարի հիմնական դպրոցը՝ 29, Գոշի հիմնական դպրոցը՝ 34, Կիրանցի հիմնական դպրոցը՝ 37, Աղավնավանքի միջնակարգ դպրոցը՝ 37, Չինչինի միջնակարգ դպրոցը՝ 41 աշակերտ։

Այս ուսումնական տարին սկսվելուց առաջ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին տեղեկատվական հարցում էի ուղարկել` ԿԳՄՍՆ-ն նախատեսո՞ւմ է աշակերտների քիչ քանակ ունեցող Տավուշի մարզի հանրակրթական դպրոցները լուծարել, մասնավորապես՝ Աճարկուտի, Բարեկամավանի, Իծաքարի, Լուսահովիտի դպրոցները 2025, 2026 թվականներին փակվելո՞ւ են։ Ելնում էի նրանից, որ հայտնի է՝ աշակերտների նվազ քանակի պատճառով Սյունիքի, Շիրակի մարզերի մեծ թվով դպրոցներ լուծարվելու են:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ստորագրությամբ պատասխան եմ ստացել, որտեղ նշված է․ «2025-2026 ուստարում դպրոցների միավորում նախատեսված չէ»: Նույն հարցն ուղղել էի նաեւ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին։ Մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «Այս պահի դրությամբ ոչ մի փակված դպրոց չունենք, Ձեր նշած դպրոցները կփակվեն միայն ուսուցիչների եւ ծնողների համաձայնությամբ»: