Ժողովուրդը չի լինում խելոք կամ հիմար, բայց ժողովրդի հավաքական խելքն օգնում է ճիշտ որոշումներ կայացնելուն և հանրային ճիշտ արձագանք ապահովելուն: Երևի խելացի բառն անգամ ճիշտ չէ, ճիշտը հասուն բառն է:
Հասուն հասարակության մեջ էլ կան, իհարկե, տգետներ, շահամոլներ, չար ու անուղեղ մարդիկ, բայց հանրության հավաքական հասունությունն անչափ կարևոր է: Ընդ որում ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլ ամեն օր:
Ասենք նրանից, թե ինչի վրա է զայրանում կամ ուրախանում ժողովուրդը, կարողանու՞մ են արդյոք «կտեր» տալ ու մանիպուլացնել նրան, խաբել ու վախեցնել, կարելի է եզրակացնել` հասու՞ն է հասարակությունը, թե ոչ:
Երբ հետևում ես մեր հանրային արձագանքներին, ասենք, ամենաակտիվ հատվածի` ֆեյսբուքահայության, հասկանում ես, որ մենք շատ հեռու ենք հասուն կոչվելու իրավունքից:
Ինչ որ անհատ ինչ որ բան է ասել և դա փոթորկել է հայ հանրությանը, իսկ որ մի խումբ եպիսկոպոսների նույն օրը խայտառակ, ամոթալի մեղադրանքներ են առաջադրվել և նրանց ելքը երկրից լկտիաբար փակել, վրդովմունքն ավելի զուսպ է:
Եկեք տեսնենք, թե մեր բոլորիս սիրելի Եվրոպայում հասարակությունն ինչից է վրդովվում և փողոց դուրս գալիս: Ամենից շատ բողոքի ակցիաներ լինում են օրենսդրական փոփոխությունների առիթով` ոչ թե արդեն փոխված օրենքների, այլ նախագծերի: Ֆրանսիայի ամենահզոր շարժումը` «դեղին բաճկոնների», սկսվել է վառելիքի հարկի չնչին բարձրացման փորձի ժամանակ, երբ ջարդուփշուր էին անում, հրկիզում ամեն ինչ` ի նշան բողոքի:
Հաջորդ ալիքը կենսաթոշակային ռեֆորմի դեմ էր` կենսաթոշակային տարիքը բարձրացնելու փորձի:
Անգամ Ռումինիայի նման ոչ շատ զարգացած երկրում 2017-19 թթ. բողոքի լուրջ ալիք ծագեց Դատական օրենսդրության փոփոխությունների և եկամտահարկի բարձրացման դեմ: 2020-21 թթ Լեհաստանում փողոցը պայքարում էր կանանց իրավունքների, մասնավորապես` աբորտների արգելքի դեմ:
Հաճախ մեկ անձի մահն է բողոք առաջացրել: Օրինակ, սլովակ լրագրող Յան Կուցյակի սպանությունը 2018-ին այնպիսի ալիք առաջացրեց, որ ի վերջո երկրի վարչապետը հրաժարական տվեց: Նման ալիք 2021-ին եղավ Մեծ Բրիտանիայում` 33-ամյա Սառա էվերարդի սպանության պատճառով:
Սառն ու անտարբեր բրիտանացիները օրեր շարունակ փողոցում էին, որովհետև մարդասպանը ոստիկան էր, արդյունքում օրենսդրական փոփոխություններ իրականացվեցին, ոստիկանության նկատմամբ վերահսկողությունն ուժեղացվեց, մարդասպանը ցմահ ազատազրկվեց:
Եվրոպան, որպես կանոն, ընդվզում է երբ վտանգ է սպառնում հանրային ազատություններին (հավաքների, խոսքի ազատություն), երբ սահմանափակվում են մարդու իրավունքները (ռեպրեսիվ օրենքներ են ընդունվում), կամ երբ փորձում են քաղաքական վերահսկողության տակ առնել ուժային ինստիտուտները, հասարակական տարբեր ոլորտներ: Այն, ինչ անպատիժ անում է Փաշինյանն արդեն 8 տարի:
Իսկ ինչի՞ց ենք մենք վրդովվում, փողոց դուրս գալիս (գոնե ֆլեշմոբեր չենք անում)…արդյո՞ք վրդովվում ենք առհասարակ և փորձո՞ւմ ենք պաշտպանել մեր իրավունքներն ու ազատությունները, մեր եկեղեցուն, մեր Արցախը, մեր Հայաստանը…
Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան էջից

Բաց մի թողեք
Դիվանագիտորեն չլռենք
Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
Բրիտանական փորձը ցույց տվեց, որ ԵՄ-ից հեռանալու իրական գինը բացվում է ժամանակի ընթացքում