Բացառիկ պաշտոնական աղբյուրներից պարզել է, որ 12.12.2025-ին «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը պայմանագիր է կնքել «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ՝ «եթերի ցուցադրման ապահովման ծառայության» համար։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պայմանագրի արժեքը՝ 2 մլն 148 հազար դրամ։
Բայց այստեղ խնդիրը միայն գումարը չէ, այլ՝ տրամաբանությունը։
Դավիթ Երեմյանի ընկերությունը հանրությանը հայտնի է որպես սննդի մատակարար և ռեստորանային ցանցի սպասարկման կազմակերպություն։ Հանրայինի եթերի «ապահովումը» ե՞րբ դարձավ ռեստորանային ծառայություն։ Հանրային հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակում, թե՞ սնունդ է մատուցում։
Եթե խոսքը տեխնիկական հեռարձակման մասին է՝ Հանրայինն ունի սեփական տեխնիկական ռեսուրս, բյուջե, աշխատակազմ։ Եթե խոսքը միջոցառման կազմակերպման մասին է՝ ինչո՞ւ է ձևակերպումը «եթերի ցուցադրման ապահովում»։ Իսկ եթե սա պարզապես հերթական ձևական ծառայությունն է՝ գեղեցիկ անվան տակ, ապա հանրությունը լիարժեք իրավունք ունի իմանալու՝ ինչի համար է վճարվել պետական միջոցներից 2 միլիոնից ավելի դրամ։ Համենայնդեպս պայմանագրի ուսումնասիրությամբ այս հարցերի պատասխանները չեն տրվում։
Հիշեցնենք, որ հանրային հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է հարկատուների հաշվին։ Այդ նույն հարկատուները իրավունք ունեն հասկանալու՝ եթերը հիմա խոհանոցում է ապահովվո՞ւմ, թե՞ մրցույթներն են հարմարեցվում արդեն հայտնի իշխանահաճո գործարար-գործընկերներին։
«Ժողովուրդ»-ը ներկայացնում է նաև պայմանագրի էկրանապատճեն՝ փաստաթղթային հիմնավորմամբ։
Հանրայինը պետք է բացատրի՝ կոնկրետ ի՞նչ ծառայություն է մատուցվել, ի՞նչ ծավալով, և ինչո՞ւ հենց ռեստորանային բիզնեսով զբաղվող ընկերությունն է ընտրվել եթերի «ապահովման» համար։
Փորձեցինք այս հարցերի շուրջ զրուցել Հովհաննես Մովսիսյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան»։

Բաց մի թողեք
2 անշարժ գույք, 3.5 մլն կանխիկ գումար. Արսեն Թորոսյանի մտերիմ ընկեր ու բարեկամ Արտյոմ Սմբատյանի հայտարարագրի հետքերով. Լուսանկար
Ով էր հարձակվել ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի վրա. դատախազի անգործության հետևանքը
Մեսրոպ Մաշտոցը վերադառնում է