17/04/2026

EU – Armenia

«Խախուտ» իրավիճակում Էրդողանի նորօսմանական և Նաթանյահուի սիոնիստական հավակնությունները

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը գումարել է Կենտրոնական գործադիր կոմիտեի նիստ: Այդ մասին հայտնել է Turkiye իշխանամետ պարբերականը և ներկայացրել կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիկի մի քանի սկզբունքային դիտարկումները:

Ավելի վաղ արտաքին գործերի նախարար Ֆիդանը պետական «Անադոլու» գործակալթյանը ասել է, որ Իսրայելը «մտադիր է Թուրքիային հայտարարել թշնամի»:

Իշխող կուսակցության մամուլի խոսնակը լրագրողների հետ ճեպազրույցում հիմնականում կանգ է առել Իսրայելի կողմից «Իրանի և Միացյալ Նահանգների միջև խաղաղության գործընթացը սաբոտաժի ենթարկելու» ուղղությամբ իրականացվող քայլերի վրա:

Նա «ապօրինի և միջազգային իրավունքին հակասող» է որակել Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմը և հայտարարել, որ «ձեռք բերված հրադադարի համաձայնությունը պետք է պահպանվի և ամրապնդվի, իսկ Իսլամաբադում սկսված բանակցությունները՝ շարունակվեն երկրորդ կամ նույնիսկ երրորդ փուլով»:

Ինչպես թուրքական աղբյուրները բազմիցս վկայել են, տարեսկզբից Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ջանքեր է գործադրել, որպեսզի կանխի Իրանի դեմ ԱՄՆ հարձակումը»: Թուրքիան Սաուդյան Արաբիայի, Կատարի և Եգիպտոսի հետ ներգրավված է Պակիստանի կողմից իրականացվող միջնորդությանը:

«Անիրատեսական էր սպասել, թե այդքան բարդ հարցերի շուրջ կողմերը մեկ օրվա ընթացքում Իսլամաբադում վերջնական համաձայնության կգան»,- ասել է Թուրքիայի իշխող կուսակցության մամուլի խոսնակը և հավելել, թե «դա չի նշանակում, որ դիվանագիտության հնարավորությունները սպառված» են:

Օմեր Չելիկի գնահատմամբ, «ցեղասպանական ցանցի (Իսրայելի կառավարության) նպատակն է անմարդաբնակ դարձնել Գազան, Լիբանանի հարավը՝ մինչև Լիթանի գետը, Հորդանանի արևմտայն ափը»:

Նա հիշեցրել է ՄԱԿ-ին անցյալ տարի Էրդողանի կողմից արված հարցումը. «Ո՞րն է Իսրայելի տարածքը»,- և կոնկրետացրել, որ Իսրայելը «աշխարհի միակ պետությունն է, որ իր սահմանները չի հայտարարել»:

Ակնհայտ է, որ Թուրքիան Իսրայելին ներկայացնում է հարեւան երկրների դեմ տարածքային հավակնություններ ունենալու մեղադրանք և ակնարկում, որ միջազգային հանրությունը դրանց դեմ ոչինչ չի ձեռնարկում:

«Թուրքիան, որպես պետություն և միասնական ազգ, այդ ցեղասպանական ցանցի ընդլայնումը կանխելու կամք և բոլոր հնարավորություններն ունի»: Փաստացի Էրդողանը Նաթանյահուին «դեղին քարտ է ցույց տվել» և զգուշացրել, որ Գազայում, Հորդանանի արեւմտյան ափին և Լիբանանի հարավում նրա «նվաճողական գործողությունները կարող են կասեցվել ուժով»:

Իսրայելա-թուրքական ռազմական դիմակայության հավանականությունը վերջին տարիներին դիտարկվել է բազմիցս, բայց փորձագիտական իշխող կարծիք կար, որ ԱՄՆ-ը «կկառավարի և կհաղթահարի լարվածությունը»:

Իրանի դեմ պատերազմին ուղղակի մասնակցությամբ Միացյալ Նահանգները, թերևս, կորցրել է «հաշտարար դատավորի» հնարավորությունը, և ինքը, գուցե, ավելի աջակցության կարիք ունի, քան կարող է այլոց ցուցաբերել:

Այս «խախուտ» իրավիճակում Էրդողանի նորօսմանական և Նաթանյահուի սիոնիստական հավակնությունները, իրոք, կարող են նոր պատերազմի առիթ հանդիսանալ: