12/05/2026

EU – Armenia

Սկսվել է Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Շիո III-ի գահակալության արարողությունը

Համայն Վրաստանի նորընտիր կաթողիկոս-պատրիարք Շիո III-ը ժամանել է Մցխեթայի Սվետիցխովելի տաճար՝ գահակալության արարողությանը մասնակցելու համար։

Միջոցառմանը ներկա են Վրաց ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսները, Սուրբ Սինոդի անդամները և հոգևորականները։ Հավաքվել են նաև Վրաստանի կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչներ։

142-րդ կաթողիկոս-պատրիարքի գահակալության արարողությանը հրավիրվել են Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Սվետիցխովելի տաճարում կմատուցվի Սուրբ Անդրեաս Առաջինի տոնի առթիվ պատարագ, որին կհաջորդի գահակալության արարողությունը։ Շիո III-ը կհագնի կարմիր զգեստ, նրա գլխին կդնեն խաչով զարդարված հայրապետական սկուֆիա և նրան կնվիրեն հայրապետական գավազան։

Նախորդ օրը՝ երկուշաբթի, Թբիլիսիի Սուրբ Երրորդության տաճարում տեղի է ունեցել Վրաց եկեղեցու ընդլայնված ժողով, որտեղ Սինոդի 39 անդամ մասնակցել է նոր պատրիարքի ընտրության քվեարկությանը:

Եպիսկոպոս Շիոն, որը մարտի 17-ին պատրիարք Իլիա II-ի մահից հետո զբաղեցնում էր տեղապահի պաշտոնը և այժմ 57 տարեկան է, ստացել է 22 անդամների աջակցությունը և ընտրվել նոր պատրիարք։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Վրաց Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Պետ՝ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո Երրորդին։

Վեհափառ Հայրապետի շնորհավորական նամակում մասնավորապես ասվում է. «Ձեր ընտրությունը վառ վկայությունն է Վրաց Եկեղեցուն ու ժողովրդին բերած Ձեր տարիների նվիրյալ սպասավորության։ Մեր աղոթքն է, որ Ամենակալ Տերն Իր առատ շնորհներով մշտապես զորավիգ լինի Ձեզ հայրապետական բարձր առաքելության մեջ՝ խաղաղության ու օրհնության շավիղներով առաջնորդելու բարեպաշտ վրաց ժողովրդին։

Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Հայոց և Վրաց Եկեղեցիների միջև դարավոր եղբայրական կապերը՝ խարսխված մեր Տեր Հիսուս Քրիստոսի սիրո և հարուստ հոգևոր ու պատմական ժառանգության վրա, վստահ ենք, Ձեր Պատրիարքության օրոք ևս կշարունակեն ամուր հիմք ծառայել մեր Եկեղեցիների, ժողովուրդների և պետությունների գործակցության համար»։

Նորին Սրբությունը Շիո Երրորդ Կաթողիկոս-Պատրիարքին մաղթել է քաջառողջություն, երկար տարիների արգասաբեր հովվապետական ծառայություն՝ ի փառս Աստծո, և ի բարօրություն Վրաց Եկեղեցու ու հավատավոր վրաց ժողովրդի։