Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագրեր է ուղարկել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին ՊՈԱԿ-ի և Նազիկ Ամիրյանի (գեներալ Մանվել Գրիգորյանի կինը-խմբ.) միջև 2007 թվականի դեկտեմբերի 26-ին, ինչպես նաև ՊՈԱԿ-ի և Վարշամ Ղարիբյանի (Շանթի Յուրայի-խմբ.) միջև 2005 թվականի օգոստոսի 2-ին և 2006 թվականի հունվարի 19-ին կնքված Սևանա լճի ափամերձ հողամասերի վարձակալության պայմանագրերը լուծելու (դադարեցնելու) ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում ուսումնասիրել է ՊՈԱԿ-ի և Նազիկ Ամիրյանի, ինչպես նաև ՊՈԱԿ-ի և Վարշամ Ղարիբյանի միջև կնքված վարձակալության պայմանագրերը և վերաբերելի փաստաթղթերը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ կնքված երեք պայմանագրերը երեք տարի ժամկետով են, սակայն պայմանագրերը շարունակում են գործել անորոշ ժամկետով:
Ուսումնասիրության արդյունքներով պարզվել է նաև, որ վարձակալության պայմանագրերով նախատեսված են եղել հողի կադաստրային արժեքի աճի դեպքում հողատարածքների վարձավճարները փոփոխելու դրույթներ նոր կադաստրային արժեքների մասին վարձակալներին նախօրոք ծանուցելու պայմանով, մինչդեռ 2021 թվականի հունվարի 1-ին հողամասերի կադաստրային արժեքների աճի հիմքով վարձավճարների փոփոխության պայմաններում վարձավճարների փոփոխության վերաբերյալ ծանուցումները վարձակալներին ուղարկվել են 3 տարի ուշացումով:
Բացի այդ՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ հողամասերի վարձակալության մրցույթների անցկացման մասին հայտարարությունները զանգվածային լրատվության որևէ միջոցով հրապարակված լինելու վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ:
Արձանագրված խախտումների կապակցությամբ հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացվել Քննչական կոմիտե»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բաց մի թողեք
Գառնիում մեծաքանակ ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել
Բագրատ Սրբազանը դատարանում հաղթել է Հարություն Մկրտչյանին
Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու միջնորդություն ներկայացվեց