10/08/2026

EU – Armenia

ԱՄՆ – թուրք – պակիստանյան «հավասարակշռության հակակշի՞ռ» է

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը նախօրեին ստորագրված՝ թուրք-սաուդա-պակիստանյան «Մեքքային համաձայնագիրը» համեմատել է ՆԱՏՕ-ի պայմանագրի հինգերորդ հոդվածի հետ։ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը, իրոք, ֆորմալ առումով այդ հոդվածը, որով դաշինքի անդամ երկրներից մեկի դեմ հարձակումը ճանաչվում է ագրեսիա անդամ բոլոր երկրների նկատմամբ, ուղղակի պատճենել են։

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ փաստաթուղթը ստորագրման համար «եղբայրական երկրների համար բաց» է, իսկ Պակիստանի պաշտպանության նախարարը իսլամական բոլոր երկրներին կոչ է արել «Իսրայելի դեմ համախմբվել»։

Ավելի վաղ նկատել ենք, որ «Մեքքայի համաձայնագրի» գործնականում կիրառելիությունը գնահատելու համար հարկ է սպասել ՆԱՏՕ-ի և, մանավանդ, Միացյալ Նահանգների արձագանքին։ Բրյուսելից առայժմ մեկնաբանություն չի հետևել, թեև Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և ընդամենը մեկ ամիս առաջ հյուրընկալել է Դաշինքի գագաթաժողովը և կարևորագույն դերակատարություն ստանձնել հատկապես Սև ծովում անվտանգության ապահովման հարցում։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա օգոստոսի 8-ին փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։

Քննարկվել է պաշտպանության, առեւտրի, էներգետիկայի, հազվագյուտ մետաղների և առաջավոր տեխնոլոգիաների ոլորտներում «Միացյալ Նահանգների և Հնդկաստանի ռազմավարական գործընկերության հետագա խորացման հետ կապված հարցերի լայն շրջանակ»։

«Մեքքայի համաձայնագրի» կողմերից Պակիստանը Հնդկաստանի հետ փաստացի պատերազմի մեջ է։ Վերջին ռազմական բախումը, ինչպես բազմիցս հայտարարել է Դոնալդ Թրամփը, դադարել է ԱՄՆ նախագահի անձնական միջնորդությամբ, բայց կողմերի միջև տարածքային սուր հակամարտությունը մնում է չկարգավորված։

Այս առումով ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խորացումը կարելի է համարել Վաշինգտոնի կողմից Նյու-Դելիին «անվտանգության երաշխիք»։

Վերջին տարիներին շոշափելի առաջընթաց է արձանագրվել Հնդկաստան-Հայաստան հարաբերություններում, իսկ Պակիստանը և Ադրբեջանը երկարամյա ռազմավարական գործընկերներ են։

Բաքվի իշխանական մամուլը պարբերաբար ակնարկում է, որ Հայաստանի հետ «գործընկերությունը Հնդկաստանի համար Հարավային Կովկասում ազդեցության հաստատման հնարավորություն» է։

Ինչ խոսք, Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները ինստիտուցիոնալ առումով Պակիստան-Ադրբեջան ռազմավարական գործընկերությանը համարժեք չեն, բայց հեռանկարի առումով կարող են «մոտենալ կամ հասնել այդ մակարդակին»։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հավաստիացրել է, որ «Մեքքայի համաձայնագիրը» որևէ երկրի դեմ չէ, այլ կոչված է «տարածաշրջանային հավասարակշռություն ստեղծել»։ Ակնարկը, ամենայն հավանականությամբ, Իսրայելի հասցեին է։ Ոչ մի երկիր կամ ռազմական դաշինք, անշուշտ, իրական նպատակադրվածությունը ոչ միայն չի բացահայտում, այլև աշխատում է այն գաղտնի պահել։

Այս իմաստով չպետք է բացառել, որ «Մեքքայի համաձայնագրի» կողմերը, բայց հատկապես՝ Թուրքիան փորձի տարածաշրջանային նոր «հավասարակշռություն ստեղծել և ներգրավել նաև Հարավային Կովկասը»։ ԱՄՆ-Հնդակաստան ռազմավարական գործընկերության խորացումը թուրք-պակիստանյան «հավասարակշռության հակակշի՞ռ» է։