Հունիսի 10-ին Անկարայում Էրդողան-Ալիեւի բանակցությունների մասին Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածած պաշտոնական հաղորդագրությունները տեքստային ակնհայտ եւ սկզբունքային տարբերություններ ունեն։
Իլհամ Ալիեւի պաշտոնական կայքի ձեւակերպումներն ընդհանուր բնույթի են, բացառությամբ Բաքու-Կարս երկաթգծի «հնարավորությունների ընդլայնման» եւ Շուշիում Թուրքական պետությունների կազմակերպության «ոչ ֆորմալ գագաթաժողով անցկացնելու» մասին Թուրքիայի նախագահի առաջարկությունների։
Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակը, մինչդեռ, փոխանցել է շատ էական մանրամասնություններ, ինչից հստակ տպավորություն է ստեղծվում, որ շուրջ երեք ժամ տեւած բանակցությունների ընթացքում Ալիեւը եղել է լսողի դերում։ Այսպես, Թուրքիայի նախագահն ասել է, որ Պաղեստինի պետության ստեղծման հարցում «միջազգային հանրությունը պետք է Իսրայելի նկատմամբ ճնշում գործադրի»։
Եթե նկատի ունենանք, որ մեկ օր առաջ Ալիեւը Կահիրեում առաջին անգամ պաշտպանել է Պաղեստինի անկախ պետության ստեղծումն Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, ապա Էրդողանի վերոբերյալ հայտարարությունը պետք է գնահատել որպես Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունների վերանայման հստակ պահանջ։
Էրդողանն ակնհայտորեն հասկացրել է, որ պետք է խոսքից անցնել գործի։Թուրքիայի նախագահի երկրորդ կարեւոր միտքն այն է, որ Անկարան ուշադրությամբ հետեւում է Լեռնային Ղարաբաղի ռուսական զորախմբի դուրսբերմանը։ Անկարան այդպիսով փաստում է, որ քաջատեղյակ է, որ ռուսական զորախումբը լիովին չի հեռացել։ Մինչդեռ Աղդամի ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնը պաշտոնապես փակվել է։
Էրդողանը այսպիսով Ալիեւի առջեւ դրել է Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանը ռուսաստանյան ռազմական ներկայությունից լիովին մաքրելու խնդիր։ Վերջին օրերին նման տեսակետ արտահայտել են ադրբեջանցի մի քանի փորձագետներ, քաղաքական եւ հանրային գործիչներ, այդ թվում երկու ավանդական կուսակցությունները՝ «Մուսավաթը» եւ «Ժողովրդական ճակատը»։
Շատ ինտրիգային է նաեւ Էրդողանի երրորդ նկատառումը։ Նա ողջունել է Միլլի մեջլիսում «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության խորհրդարանի» հետ պատգամավորական համագործակցության խմբի ստեղծումը եւ ավելացրել, որ Շուշիում Թուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովին,-թուրքական կողմը միջոցառման «ոչ ֆորմալ բնույթը» չի ընդգծել,- հրավիրվեր նաեւ «ՀԿԹՀ նախագահը»։ Դա մեծ ներդրում կլիներ կիպրոկան խնդրի կարգավորմանը,-կոնկրետացրել է Թուրքիայի նախագահը։
«ՀԿԹՀ նախագահը» պետք է Թուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովին հրավիրվեր անցյալ նոյեմբերին,Բայց, ըստ տեղեկությունների, հյուրընկալող երկիրը՝ Ղազախստանը, ձեռնպահ է մնացել Եվրամիության եւ առհասարակ միջազգային հանրության հետ քաղաքական առճակատումից: Թուրքիայի նախագահը փաստացի Իլհամ Ալիեւին «առաջարկում է» իր վրա վերցնել «ՀԿԹՀ»-ն լեգիտիմացնելու պատասխանատվությունը եւ այդպիսով մեծ ծառայություն մատուցել կիպրական հարցի թուրքանպաստ կարգավորմանը: Ալիեւին Թուրքական նախագահի կողմից արված երեք սկզբունքային առաջարկություններն էլ դժվար իրացնելի են: Ադրբեջանում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բայց եթե Ալիեւը նման որոշում չընդունի, միեւնույն է՝ նոյեմբերին Միլլի մեջլիսի լիազորություններն սպառվում են:
Իսրայելի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայման, Կիպրոսի հյուսիսի թուրքական օկուպացիան լեգիտիմացնելու թեմաներն, անկասկած, Բաքվում ներքին քննարկումների թեմա են եւ խորհրդարանական ընտրությունների ընթացքում, որքան էլ դրանք ուժայինների եւ հատուկ ծառայությունների կողմից վերահսկվեն, քաղաքական-հանրային շրջանակների արձագանքների «ջերմաստիճանը բարձրանալու է,».Այլ բան է, որ կարող ենք գործ ունենալ Ադրբեջանին Ռուսաստանի ազդեցությունից ձերբազատելու Էրդողան-Ալիեւ աշխարհաքաղաքական նշանակության ծրագրի հետ: Այս դեպքում ռուս-թուրքական հարաբերությունների «սառցե դարաշրջան» կարող է սկսվել: Նիժնի Նովգորոդում կայացած՝ Սերգեյ Լավրով-Հաքան Ֆիդան բանակցությունների մասին ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունը նկատելիորեն «փշփշոտ է».
Բաց մի թողեք
Երևանը պաշտոնապես դուրս չի գալիս 2020 թ. եռակողմ համաձայնագրից. Օվերչուկ
Աջապահյանի սկանդալային առաջարկը՝ «նվե՞ր» Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին
Ադրբեջանը բանակը բերում է պատրաստության աստիճանի` Հայաստանի դեմ նոր դիվերսիայի համար