10/10/2024

ՀՅԴ-ի 2023թ. հաշվետվության մեջ աուդիտորը մի շարք խախտումներ է արձանագրել

134 տարեկան, բազում փորձությունների միջով անցած, «ընկած-ելած», «նստած-վեր կացած» հայ ավանդական կուսակցություն ՀՅԴ-ն, որը ՀՀ-ում պետական գրանցում է ստացել 2003-ին,  2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ  ունի 5100 անդամ (փաստորեն, մոտ 3 հազարով ավելի քիչ, քան ՀՀԿ-ն), աշխատակիցների միջին թվաքանակը 10 հոգի է և կրողն է «Հայոց ազգային գաղափարախոսության, որի հիմքում Հայկական բարձրավանդակում Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի վերականգնումն է, գլոբալացող աշխարհում սփռված հայության պահպանումը և հայրենիք վերադառնալու երազանքի փոխանցումը սերունդներին…»։  

Այս մասին է վկայում azdarar.am-ում հրապարակված կուսակցության 2023 թ. տարեկան  ֆինանսական հաշվետվությունը, որի ուսումնասիրությունից  civic.am-ը պարզեց՝ «մեր հին ընկեր Դաշնակցության» 18-հոգանոց ղեկավար կազմում (գերագույն մարմին) նախորդ տարի այս օրերին տեղի է ունեցել փոփոխություն՝ մասնավորապես հուլիսի 7-ին դադարեցվել է Սիմոն Սիմոնյանի, Բագրատ Եսայանի, Արծվիկ Մինասյանի, Քրիստինե Վարդանյանի, Արմենուհի Կյուրեղյանի պաշտոնավարումը, որոնք հիշյալ պաշտոնները ստանձնել էին 2021, 2022 թվականներին։

Կուսակցության ղեկավար կազմը գլխավորում է ԱԺ պատգամավոր, երբեմնի «ընդդիմության առաջնորդ» և թիվ մեկ դիմադրողական» Իշխան Սաղաթելյանը (պաշտոնավարել սկսել է 2019-ից), ղեկավար կազմի ցանկում են նաև ԱԺ նրա մյուս կոլեգաներ Գեղամ Մանուկյանը, Աշոտ Սիմոնյանը, Թադևոս Ավետիսյանը, ինչպես նաև  «սրբազան շարժման» կազմակերպչական աշխատանքներին վերաբերող՝ վերջերս հրապարակված սկանդալային ձայնագրությունների «գլխավոր հերոս» Գերասիմ Վարդանյանը։

Գույք ու կայք, տարածքային ստորաբաժանումներ

Կուսակցությունն, ի դեպ, իր գաղափարները միայն մայրաքաղաքի կենտրոնում չէ, որ սփռում է ու պրոպագանդում, այլ  տարածքային ստորաբաժանումներ ունի (բացի Երևանի Կենտրոնից) նաև  մի շարք մարզերում՝ Լոռու Վանաձոր, Կոտայքի Աբովյան, Վայոց ձորի Վայք, Արարատի Արտաշատ, Գեղարքունիքի Գավառ, Արագածոտնի Աշտարակ, Շիրակի Գյումրի, Տավուշի Իջևան, Սյունիքի Կապան, Արմավիրի Արմավիր համայնքներում (դրանց բոլորի գործունեությունը սկսել է 2022թ.-ին)։ Այդ տարի, հիշեցնենք, տեղի  ունեցավ «Դիմադրություն» շարժումը, սակայն «լաոն» այդպես էլ չանսաց զառամյալ կուսակցության կոչին ու չզարթնեց։

Ի դեպ, կուսակցությունը թվով 72 անշարժ գույք՝ շենք- շինություններ (բնակելի, հասարակական) ու հողամասեր է հայտարարագրել, որոնց ահռելի մասը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, մի մասն էլ՝  որպես ընդհանուր բաժնային սեփականություն։ Դրանք գտնվում են ինչպես Երևանում (15 գույք մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում), այնպես էլ Գեղարքունիքում, Սյունիքում, Կոտայքում, Վայոց ձորում, Արմավիրում, Արարատում և մյուս մարզերում։  Տավուշում, նկատենք, որտեղից էլ ՀՅԴ-ական Գառնիկ Դանիելյանը իր սիրելի «սրբազան հոր» հետ սկսեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, ՀՅԴ-ն 8 գույք ունի, որոնք գտնվում են Իջևան, Նոյեմբերյան, Բերդ համայնքներում։

Մուտք ու ելք  

Այժմ դառնանք կուսակցության ֆինանսական դրությանը՝ մուտքերին ու ելքերին։  2023-ին  ՀՀԿ-ի երբեմնի «կոալիցիոն գործընկերը» ստացել է 143 մլն 170 հազար դրամ պետական (բյուջետային) ֆինանսավորում, ինչպես նաև  2 մլն 236 հազար 737  դրամ նվիրատվություն՝ բնեղենով։ Անշարժ գույքի վաճառքից ստացած  մուտքերը կազմել են 4 մլն դրամ, կուսակցության անշարժ գույքի վարձակալության դիմաց ստացած մուտքերն էլ՝ 3 մլն 870 հազար դրամ։ Վարձակալության տրված անշարժ գույքերից երկուսը՝ շենք շինություն, Երևանում են (Թումանյանի, Նանսենի փողոցների վրա գտնվող), մյուս երկու շինություններն էլ Գյումրիում և Արմավիրում են։

Ընդհանուր մուտքերը կազմել են  153 մլն 280 հազար 587 դրամ։ Ընդհանուր ելքերն էլ կազմել են  86 մլն  190 հազար 817 դրամ, որից  83 մլն 954 հազար 80 դրամը դրամական միջոցների շարժն է։  Հաշվետու տարում  կուսակցությունն ունեցել է  2 մլն 496 հազար 988 դրամ կրեդիտային պարտքեր, այլ պարտավորություններ՝ 3 մլն 76 հազար 428 դրամ։ Երկու ֆիզիկական անձանցից (անձնական տվյալներն առկա են) ՀՅԴ-ն 1 մլն 736 հազար 737 դրամ նվիրատվություն է ստացել՝ որպես կոմունալ վճարների գծով պարտքերի մարում։  Դրամական միջոցների մնացորդը տարվա սկզբին կազմել է 48 մլն 739 հազար 500 դրամ։

Ի՞նչ նպատակով է ծախսվել  պետական՝ մոտ 145 մլն դրամ  աջակցությունը  

Հաշվետվությանը կից հավելվածում ներկայացված է  «տեղեկանք»  պետական նպատակային ֆինանսավորման միջոցների օգտագործման վերաբերյալ։ Ըստ այդմ, այդ միջոցները ծախսվել են կանանց, երիտասարդներին, հաշմանդամություն ունեցող անձանց և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին կուսակցության գործունեության մեջ ներգրավելուն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով։ Այն է՝ «երիտասարդների բանակում» և ՀՅԴ-ի ամենամյա «ջահերով երթ»-ը։  Հատկանշական է, որ «hամակիր երիտասարդության ներգրավմամբ բանակում, տպագրված միանման շապիկներ» ծրագրի վրա ծախսվել է 1 մլն 400 հազար դրամ, իսկ ջահերով երթի վրա (երիտասարդության մեջ
պահանջատիրական ոգին բարձր պահելու նպատակով Ապրիլի 23-ի ջահերով երթին ջահակիրների շապիկներ)՝ 1 մլն 770 հազար դրամ։ Երիտասարդների պահանջատիրության ոգին, փաստորեն, բարձրանում է, երբ նրանք տարին մեկ անգամ ջահերը ձեռքերն առած ուղևորվում են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, սելֆիներ անում, խրոխտ ելույթներ ունենում, սպառնալիքներ հնչեցնում Թուրքիայի ու Ադրբեջանի հասցեին, ապա… ցրվում տներով։ Ինչևէ։

Ակտիվ գործող երեսուն գրասենյակների էլէներգիայի, ջրի, ինտերնետի, գազի, գույքահարկի վրա էլ կուսակցությունը ստացած պետական աջակցությունից ծախսել է 12 մլն 239 հազար 925 դրամ։ Այս ծախսերին կից ներկայացված  է հետևյալ հիմնավորումը. «Կուսակցության գրասենյակների կոմունալ վճարումներ, որ հնարավորություն է տալիս գրասենյակներում քննարկումների, բնակչության հետ հանդիպումների կազմակերպման նվազագույն պայմանների ստեղծում»։ Նկատենք, որ իր մարզային այցերի ընթացքում ՀՅԴ-ն, ի դեմս ղեկավար անձնակազմի որոշ ներկայացուցիչների և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների, մարզային ակտիվ այցելություններ էր իրականացնում, և, այո, բնակչության հետ քննարկումների ժամանակ ներկայացնում «այս դավադիր, ՀՀ կենսական շահերը զիջող  իշխանությունից օր առաջ պրծնելու»  «դոկտրինը»։ Կուսակցությունը իր պետական նպատակային աջակցության մի մասն էլ՝ 4 մլն դրամ, ծախսել է «կուսակցության գաղափարախոսության, նպատակներին, քաղաքական գործունեությանը առնչվող նյութերի հրապարակում և տարածում yerkir.am կայքով» ծրագրի վրա։ Եվ որպես ապացույց կցել է 13 հղում, որոնցով անցնելիս հաշվետվությամբ հետաքրքրվածները կարող են ծանոթանալ «կուսակցության նպատակների» վերաբերյալ հրապարակումներին։ Հիշյալ կայքն, ի դեպ, ՀՅԴ՝ մեկ  տասնյակից ավելի քարոզչական օրգաններից մեկն է, և պետական միջոցները, փաստորեն, ուղղվել են հենց սեփակա՛ն մամուլի օրգանին՝ դրա միջոցով իրականացնելով քարոզչությունը։ «Կայքի միջոցով 2023 թ. հրապարակվել են կուսակցական գործիչների վերլուծությունները, հարցազրույցները, այլ նյութեր կուսակցության ծրագրերից բխող պատմական և ներկա քաղաքական իրավիճակում կուսակցության անելիքների, կոնկրետ իրավիճակներին վերաբերմունքի մասով։ Տարածվել են ՀՅԴ ԳՄ հայտարարությունները»,- նշված է ծրագրի հիմնավորման մեջ։

Ավանդական կուսակցությունը նախորդ տարի՝ ապրիլից մինչև դեկտեմբերի վերջ, «Օպել Աստրա» մեքենա է վարձակալել մասնավոր անձանցից մեկից՝ ամիսը 100 հազար դրամով։

Աուդիտորը մի շարք խախտումներ է հայտնաբերել

Հաշվետվությանը կից ներկայացված է աուդիտորական եզրակացությունը (աուդիտ իրականացնող՝ ՔԵՅԷՄՋԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ՍՊԸ), որում, նկատենք, վերապահումով կարծիք է ներկայացված, այսինքն՝ հաշվետվության մեջ շարադրված «հախ ու հաշվի» մասով ամեն ինչ չէ, որ կարգին է։ Աուդիտորը չորս դրվագով  խախտում  է հայտնաբերել, մասնավորապես  կուսակցության ղեկավար անձնակազմի անդամների տվյալների, նրանց՝ պաշտոնը ստանձնելու (դադարեցնելու) ամսաթվերի, քանակական թվի մասով։

Շեղում է հայտնաբերվել նաև կուսակցության մուտքերի ու ելքերի բաժնում. մասնավորապես «գույքի վարձակալության վճարներ» տողում, ըստ եզրակացության,  ներառված են նաև Դիլիջան համայնքին սեփականության իրավունքվ պատկանող և վերջինի կողմից կուսակցությանը վարձակալությամբ տրամադրված Դիլիջան համայնքի Մյասնիկյան 66 հասցեում գտնվող 5-հարկանի շենքի 5-րդ հարկում գտնվող անշարժ գույքի օգտագործման դիմաց կուսակցության կատարած վճարումները։ Այդ շենքը ծանրաբեռնված է պետական մի շարք մարմինների և կազմակերպությունների կողմից։ Վերոհիշյալ հասցեն օգտագործվում է որպես կուսակցության տարածքային ստորաբաժանման աշխատանքային տարածք, մինչդեռ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքն արգելում է մասնավորապես  պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական նախադպրոցական, դպրոցական և այլ ուսհաստատություններում կուսակցությունների ստորաբաժանումների տեղակայումը։

Հաջորդ խախտումը վերաբերում է կուսակցության՝ տարվա ընթացքում գույքի օտարման գործաքին։ Ըստ այդմ՝ Կոտայքի  մարզի Պտղնի համայնքի հասցեներից մեկում գտնվող բնակելի տունը վաճառվել է 2023 թ. փետրվարի 7-ին, սակայն հիշյալ գույքը 2019-ի մարտի 29-ին նվիրատվության ձևով սեփականության իրավունքով փոխանցվել է կուսակցությանը (գործարքից ծագած իրավունքը պետգրանցում է ստացել 2019-ի ապրիլի 4-ին)։  Մինչդեռ «Կուսակցությունների մասին» օրենքի համաձայն՝ արգելվում է կուսակցությանը նվիրատվության կարգով փոխանցված գույքը օտարել  նվիրատվության օրվանից առնվազն 5 տարվա ընթացքում։ ՀՅԴ-ում երևի չեն համբերել ժամկետը լրանա, երևի «վռազ» փող է պետք եկել։

Եվս մեկ խախտում էլ հայտնաբերվել է կուսակցության անշարժ գույքերի վարձակալության հանձնումից ստացած մուտքերի  մասով. Գյումրիի Ղորղանյան փողոցի և Երևանի Նանսենի փողոցի վրա գտնվող երկու գույքերը (ոչ բնակելի տարածք) վարձակալության տրամադրելու վերաբերյալ պայմանագրերը նոտարական վավերացում չեն ստացել,  իսկ դրանցից բխող իրավունքները՝ պետական գրանցում՝ օրենքով սահմանված կարգի համաձայն։ Այսպիսով, նման գործարքները, ինչպես աուդիտորն է եզրակացրել՝ վկայակոչելով համապատասխան օրենքները (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման» մասին օրենք), առ ոչինչ են։

Մեր հին ընկեր Դաշնակցությունը, փաստորեն, «առաջաբանում» վեհ ու վսեմ գաղափարների մասին «կպոռա», բայց չի խորշե շրջանցել օրեքի տառն ու պահանջը, երբ բանը կուսակցության ներքին հաշիվներուն կհասնե։

Հեղինե Մանուկյան