Թուրքիայի իշխանություններին մոտ կանգնած «Հյուրիեթը» գրում է, որ Ռուսաստանից ձեռք բերված C-400 զենիթա-հրթիռային միջոցները «կարող են ինտեգրվել «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգին»:
Օգոստոսի 6-ին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը գումարել է ռազմաարդյունաբերական համալիրի գործկոմի նիստ: Հայտնի է դարձել, որ Թուրքիան ստեղծում է «Երկաթե գմբեթ» անվանումն ստացած՝ հակաօդային պաշտպանության ազգային համակարգ:
C-400 զենիթա-հրթիռային միջոցները նույնպես կարող են ներգրվել այդ համակարգին, քանի որ դա մեր ազգային ՀՕՊ ծրագիրն է, – «Հյուրիեթին» ասել է անվտանգության եւ ռազմական հարցերով փորձագետ Թուրան Օղուզը: Թուրքիայի իշխանությունները հայտարարել են ՀՕՊ ազգային միջոցների ստեղծման մասին:
Ըստ տեղեկությունների, նման պատվեր ստացել է Aselsan ընկերությունը: «Հյուրիեթի» տեղեկացվածությամբ՝ արդեն «թեսթավորվում են Korkut, HisarA եւ Siper ՀՕՊ միջոցները»:
Թուրքիան ավելի վաղ հայտարարել է հինգերորդ սերնդի կործանիչ ստեղծելու ազգային ծրագրի մասին: Տեխնոլոգիական ի՞նչ հագեցվածություն ունի Թուրքիայի ռազմաարդյունաբերական համալիրը՝ դժվար է դատել, բայց իրողություն է, որ ԱԹՍ-երի արտադրությունը մեծապես կախված է արտաքին գործոններից:
Որոշ ռազմական փորձագետներ նույնիսկ պնդում են, որ Թուրքիան «ընդամենը կոմպլեկտավորում է դրանք»: Թուրքիայի «Երկաթե գմբեթ» ազգային ծրագիրը, անշուշտ, առաջին հերթին քաղաքական է: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և ՀՕՊ առանձին համակարգի ստեղծումը ենթադրում է ինքնուրույն որոշումներ ընդունելու հեռանկար:
Արդյոք ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները տեխնոլոգիական աջակցություն կցուցաբերեն, որպեսզի Թուրքիան ստեղծի հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության իր ազգային համակարգը: Չէ՞ որ այդ դեպքում Անկարան ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում կունենա շատ ազդեցիկ խաղաքարտ:
Իսկ ահա Ռուսաստանին լիովին ձեռնտու է, որ Թուրքիան սեփական ռազմաարդյունաբերությունը կատարելագործի և հասնի ՆԱՏՕ-ից շատ որոշակի անկախության: Վերլուծաբանները վաղուց են դիտարկել, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ հարաբերություններում անկյունաքարային է դիտում ՆԱՏՕ-ից նրա «անջատումը»:
Թուրքիան ռուսական C-400 զենիթա-հրթիռային չորս դիվիզիոն է գնել: Գործարքի արժեքը երկուսուկես միլիարդ դոլար է: Ոչ ոք վստահաբար չի կարող պնդել, թե իրականում Թուրքիան քանի՞ կայանք է գնել: «Հյուրիեթի» տեղեկություններով ակնարկել են «զենիթա-հրթիռային գնդի» մասին:
Գործարքից անցել է հինգ տարի, բայց Թուրքիան դեռևս C-400 կայանքները մարտական հերթապահության չի կանգնեցրել: «Երկաթե գմբեթ» ՀՕՊ ազգային համակարգի ստեղծման որոշումը կարող է ռուսաստանյան զենիթա-հրթիռային միջոցները գործարկելու տեղեկատվական ապահովում լինել: Ըստ երեւույթին, Ռուսաստանի նախագահի Թուրքիա այցը մոտ ժամանակներս կկազմակերպվի:
Բաց մի թողեք
Ո՞ր երկրները եւ ի՞նչ պատճառաբանությամբ են դեմ եղել ԲՐԻԿՍ-ին Ադրբեջանի իրավահավասար անդամակցությանը
Հայաստանը կհայտնվի՞ ռազմա-քաղաքական «աքցանում»
Միացյալ Նահանգներն ու Բրիտանիան չեն հավատում Իրանի հռետորաբանությանը