09/10/2024

Մի՛ դիմեք հեքիմներին, 6 ամիս առաջ ունեցանք երեխայի մահվան դեպք` ժողովրդական մեթոդներին դիմելու պատճառով․ Հովհաննիսյան

Այրվածքներ ստացած անձանց թիվն ամեն տարի աճում է: Այս մասին ասաց ՀՀ ԱՆ այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով կենցաղային պայմաններում այրվածքների ռիսկերին։

«Համեմատելով նախորդ տարվա հետ՝ գրեթե 30% աճ է նկատվում: Տարեկան կտրվածքով ընդհանուր դեպքերի քանակը հասնում է մոտ 600-700-ի, ու մեծ մասը կենցաղային բնույթի այրվածքներ են լինում։ Դեպքերի մոտ 35-40 տոկոսը երեխաներն են»,- նշեց Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրենը։

Ըստ մասնագետի՝ ամեն մի դեպք պարզագույն կանոնների խախտման հետևանք է. «Ավտոմեքենայի պայթյուն է՝ գազի հոտ հստակ կար, բայց չգիտես՝ ինչու որոշեցին ծխախոտ վառել, տան պայմաններում ջրով լի կաթսան տաքանում է, բայց կողքը երեխաներ են վազվզում, և շատ հեշտությամբ կաթսան կարող է շրջվել և ծանր հետևանքներ առաջացնել: Ցավոք, քիչ չեն նաև մահվան ելքով դեպքերը և երեխաների շրջանում նույնպես»:

Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ օգոստոսին (2 շաբաթվա ընթացքում) մեքենայում գազի պայթյունի 6 դեպք է գրանցվել, բոլորն էլ նույն «սցենարով»՝ գազը լիցքավորել են, սակայն մեքենայում դեռ գազի հոտ է եղել, բայց որոշել են ծխախոտ օգտագործել։

«Մենք ունենում ենք բազմակի տրավմաներ, և նույնիսկ օրեր են լինում, երբ այրվածքներով այնքան պացիենտ է դիմում, որ չենք հասցնում ամբողջ ծավալով բուժօգնություն ցույց տալ ու դիմում ենք մեր գործընկերներին»,- ասաց Հովհաննիսյանը:

Կենցաղային պայմաններում այրվածքների ռիսկերի և դրանց դեմ իրականացվող կանխարգելիչ քայլերի թեմայով ասուլիսի ժամանակ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի հրահանգիչ, փ/ծ մայոր Արթուր Վարդանյանը մանրամասնեց, թե անվտանգության ինչ կանոնների պետք է դիմել գազի արտահոսքի առկայության դեպքում։

«Կան դեպքեր, երբ անջատված է լինում արտահոսքը արձանագրող սարքը, մարդիկ պատճառաբանում են հոսանքի խնդրի կամ ձայնի համար, սակայն անվտանգության կանոնները սկսվում են այդտեղից։ Եթե գազօջախը խնդիր ունի, պետք է հրատապ դիմել մասնագիտական ծառայությունների։ Եթե անգամ արդեն տեղի է ունեցել արտակարգ պատահարը, պետք է հասկանալ, թե ինչ անել։ Կան դեպքեր, երբ մարդիկ չեն կարողանում ժամանակին առաջին օգնություն ցուցաբերել այրվածքների հաղթահարման դեպքում, և մինչև հասցնում են հիվանդանոց, լինում են խորացված»,- նշեց նա։

Վերջինիս խոսքով՝ դեպքեր են եղել, որ մարդիկ կենցաղում գազի բալոնը, որը նախատեսված է սուրճ կամ ճաշ տաքացնելու համար, օգտագործել կամ օգտագործում են պահածոներ փակելու համար, և մեկ ժամից հետո տեղի է ունենում գազի արտահոսք պայթյունով, հրդեհի բռնկումով․ «Այդ ժամանակ դեպքեր են եղել, որ մարդիկ վախից, խուճապից այդ բալոնը շպրտել են դուրս ցերեկային ժամին, որտեղ երեխաներ են խաղացել, և հրաշքով պայթյունից կամ այլ դեպքից խուսափել ենք»։

Նա հորդորեց, որ եթե լինի գազի արտահոսք, քաղաքացիներն անմիջապես ահազանգեն մասնագետներին կամ վթարային ծառայություն:

Այրվածքների դեպքում առաջին հերթին հարկավոր է հովացնել վնասված հատվածը, ազատել հագուստից ու սեղմող իրերից և անհապաղ դիմել բժշկի։

Այս մասին կենցաղային պայմաններում այրվածքների ռիսկերի և դրանց դեմ իրականացվող կանխարգելիչ քայլերի թեմայով ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը:

Հարցին՝ թեթև այրվածքների դեպքում մինչ բժշկին դիմելն առաջին բուժօգնության ի՞նչ կանոններ կան, որոնց մարդիկ կարող են հետևել, Հովհաննիսյանը պատասխանեց՝ առաջին հերթին հարկավոր է փորձել հնարավորինս հեռու մնալ բարձր ջերմաստիճանի աղբյուրից կամ այն գործոնից, որն առաջացրել է այրվածք։

«Երկրորդը ծորակի՝ ոչ սառնարանային ջերմաստիճանի ջրով մաշկի այրված հատվածը լվանալն է։ Երբեք չի կարելի օգտագործել շատ ցածր ջերմաստիճանի ջուր, քանի որ դրանով կխորացվեն սնուցման խնդիրները։ Ոչ մի դեպքում չի կարելի քսել տարբեր քսանյութեր, ձեթ, կենդանական ճարպեր, ձու, ատամի մածուկ, մածուն, թթվասեր և այլն։ Լինում են դեպքեր՝ միջին ծանրության կամ երկրորդ աստիճանի այրվածքներ, որոնք մշակվում են մածունով, և խորացված, ծանր վիճակում դիմում են մեր կենտրոն»,- հավելեց նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ այրվածքների դեպքում հարկավոր է նաև հնարավորինս արագ ազատվել հագուստից ու սեղմող իրերից, այդ թվում՝ ժամացույցից ու զարդերից, ինչպես նաև առավելագույնս արագ դիմել շտապօգնության ծառայություն, տեղափոխվել հիվանդանոց ու զերծ մնալ ժողովրդական միջոցներով բուժումներից։

«Ցավոք սրտի, բավականին ակտիվ գործում են տարատեսակ «մասնագետներ», որոնք բուժում են այրվածքներն ու մեծ արդյունքներ են խոստանում, բայց ընդամենը շուրջ վեց ամիս առաջ մենք ականատես եղանք դեպքի, երբ բավական փոքր մակերեսով այրվածքի պարագայում ունեցանք երեխայի մահվան ելքով դեպք նմանատիպ ժողովրդական մեթոդներին դիմելու պատճառով»,- նշեց Հովհաննիսյանը՝ վստահեցնելով, որ անգամ այրվածքներից բացարձակ անտեղյակ բժիշկը շատ ավելի ճիշտ բուժօգնություն կցուցաբերի, քան հեքիմներն ու ժողովրդական մեթոդներով բուժող անձինք։