12/10/2024

Պուտինի հետ սիրախաղի դիմաց՝ Թուրքիան կստանա Ղրիմը

Ռուսաստանյան մամուլը Ղրիմի մասին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հայտարարությանը վերլուծական մի ամբողջ շարք հրապարակումներ է նվիրել, որոնց տոնայնությունից պարզ նկատելի է, որ պատվիրված են կամ ԱԳՆ-ից, կամ ուղղակի՝ ՌԴ նախագահի աշխատակազմից։

Գերիշխող է այն տեսակետը, որ Էրդողանը «ղրիմյան մանտրան» կրկնում է 2014 թվականից, բայց դա չի խանգարել Սիրիայում ռուս-թուրքական համագործակցությանը, C 400 ՀՕՊ համակարգի ձեռքբերմանը և «Թուրքական հոսք» գազատարի գործմանը ու «Ակկույու» ԱԷԿ-ի կառուցման պայմանավորվածությանը:

Ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլում, ըստ մասնավորապես Regnum-ի մեկնաբանի, էականը ոչ թե Էրդողանի «ավանդականորեն ագրեսիվ հռետորաբանությունն» է, այլ՝ նրա որոշումը, որ ՆԱՏՕ-ի ռազմանավերը Բոսֆոր-Դարդանելի նեղուցից Սև ծով չեն անցնի և Ռուսաստանին «տհաճություններ չեն պատճառի»:

ՌԻԱ-Նովոստիի մեկնաբանը գնահատում է Թուրքիայի տնտեսության կարիքները և ընդունում, որ արևմտյան ներդրումների խիստ կարիք ունեցող Էրդողանը «չի կարող հակադրվել Եվրամիությանը և Միացյալ Նահանգներին»: Ավելին, հեղինակը համարում է, որ Թուրքիան «թեև սեփական ռազմաարդյունաբերության զարգացման ամբիցիոզ ծրագրեր ունի, բայց առանց արևմտյան առաջատար տեխնոլոգիաների չի կարող իրական արդյունքների հասնել»:

Դիտարկումների և եզրահանգումների այս շղթայում առանձնանում է Regnum-ի խմբագրականի այս ձևակերպումը. «Ինչպես Ռուսաստանի համար ողբերգություն չէ, որ Թուրքիան Ղրիմը համարում է ուկրաինական, այնպես էլ Թուրքիան ըմբռնումով է մոտենում, որ Ռուսաստանը չի ճանաչում Կիպրոսի հյուսիսի անկախությունը»:

Այս առումով կարևոր է արձանագրել, որ հուլիսի սկզբներին Շուշիում Թուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթաժողովին Էրդողանը չի մասնակցել, թեև նախաձեռնողն ինքն էր և հույս էր հայտնել, որ այդ հավաքին «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ԹՊԿ-ին անդամակցության հարցը կլուծվի:

Դա, սակայն, տեղի չի ունեցել: Ըստ երևույթին, դեր է խաղացել հատկապես Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի ազդեցության գործոնը: «ՀԿԹՀ»-ի հարցում, կարծես, խիստ վերապահումներ ունեն նաև Կենտրոնական Ասիայի թուրքախոս պետությունները: Այս համատեքստում նույնիսկ Ադրբեջանն է ձեռնպահ մնում «ՀԿԹՀ»-ի պաշտոնական ճանաչումից, թեև փաստացի հարաբերություններ վաղուց են հաստատված:

Խնդիրը բարդ է նաև նրանով, որ նույն թուրքախոս պետությունները, այդ թվում՝ Ադրբեջանը, անգամ Ռուսաստանի հետ Միութենական պետություն կազմավորած Բելառուսը չեն ճանաչում ոչ միայն Դոնբասի և «նոր տարածքների»՝ ինչպես Կրեմլն է անվանում ուկրաինական օկուպացված շրջանները, այլև՝ Ղրիմի ռուսաստանապատկանությունը:

Ստացվում է իրավիճակ, երբ Ռուսաստանը տեսականորեն կարող է խթանել «ՀԿԹՀ»-ի, իսկ Թուրքիան՝ գոնե Ղրիմի ռուսաստանապատկանության ճանաչման գործընթաց, բայց կողմերից ոչ մեկն առաջինը քայլ չի անում:

Խորքային առումով դա նշանակում է, որ միջազգային դերակատարության իմաստով Թուրքիան Ռուսաստանը չի ճանաչում գերտերություն, իսկ Ռուսաստանը վստահ չէ, որ Թուրքիան երբևիցե կլքի ՆԱՏՕ-ն և իսկապես ռազմավարական դաշնակից կլինի: Մոսկվան և Անկարան տակտիկական տուրքեր ցույց են տալիս, թե փոխադարձաբար «հասկանում են միմյանց»: Միաժամանակ առկա է «ով է ում ավելի լավ հասկանում» բանավեճ, որը, թեև փոխադարձ մեղադրանքների աստիճանի չի հասնում, բայց վկայում է, որ այդ «անհաշտ մտերմությունը» մի պահի կարող է վերածվել սուր դիմակայության:

Սա Հայաստանի համար վտանգաշատ իրադրություն է: Թուրքիայի դեմ Ռուսաստանի «հաղթական պատերազմի» պատմական սպասումը, կարծես, վերստին ներմուծվում է հայկական մեդիա-փորձագիտական միջավայր: