13/10/2024

Բաքուն խաղաղության պայմանագիրը չի ստորագրի Երևանի առաջարկած տարբերակով. Ադրբեջանի ԱԳՆ

Պաշտոնական Ադրբեջանն անընդունելի է համարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն այն պարագայում, երբ ներկայում համաձայնեցված է դրա տեքստի միայն 80 տոկոսը։

Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն, փոխանցում են երկրի ԶԼՄ-ները:

«Հայկական կողմն առաջարկում է կնքել խաղաղության պայմանագիր՝ հիմնվելով ներկայումս համաձայնեցված դրույթների վրա։ Ադրբեջանական կողմը, սակայն, նման մոտեցումն անընդունելի է համարում և բազմիցս հայտարարել է այդ մասին։ Կա կանոն, որ փաստաթուղթը համաձայնեցված չի համարվում, քանի դեռ դրա բոլոր կետերը համաձայնեցված չեն: Կարելի է միայն ասել, որ այս պահին փաստաթղթի դրույթների մոտ 80%-ն է համաձայնեցված։ Բայց չի լինում պարզապես բացառել չհամաձայնեցված կետերը»,- հայտարարել է Հաջիզադեն՝ հավելելով, որ խաղաղության պայմանագրի կայունության համար անհրաժեշտ է հստակեցնել խնդրահարույց հարցերը, որոնք բաց են մնում։

Հաջիզադեն մանրամասնել է և հիշեցրել նույն ծեծված միտքը, որին ՀՀ իշխանությունները ամենատարբեր մակարդակներում քանիցս արձագանքել են:

Մասնավորապես, ըստ Բաքվի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի, համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար Հայաստանը պետք է առաջին հերթին համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որը ներկայումս, իբր, տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ։

«Քանի դեռ Հայաստանն իր օրենսդրական ակտերից չի բացառել այդ պնդումները, երկու երկրների միջև խաղաղության մասին խոսք լինել չի կարող»,- եզրափակել է Հաջիզադեն։