Դավոսում փաստորեն տեղի չունեցավ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև: Չեղավ նույնիսկ խոսակցություն, որ կազմակերպիչները դիտարկել են այդպիսի հնարավորություն կամ արտահայտել այդպիսի մտադրություն: Փաշինյանի ու Ալիևի դավոսյան հանդիպման նախադեպ կա, այն 2019 թվականին էր:
Դավոսում հանդիպման «բացակայությունը» ուշադրություն է գրավում ոչ միայն ինքնին, այլ նաև այն ֆոնին, որ փաստորեն հանդիպում տեղի չունեցավ նաև 2024-ի տարեվերջին Սանկտ Պետերբուրգում, որտեղ ԱՊՀ գագաթնաժողովն էր, որին սակայն Հայաստանի վարչապետը չմասնակցեց կորոնավիրուսով վարակված լինելու պատճառաբանությամբ:
Նկատելի է, որ 2024 թվականի հոկտեմբերի 24-ին Կազանում կայացած երկկողմ հանդիպումից հետո, որը վերջինն էր Փաշինյան-Ալիև ձևաչափով մինչ այժմ, նրանց նոր հանդիպման թեմա, կարծես թե, չկա, թե չկա: Այդ հանգամանքը, ըստ ամենայնի պայմանավորված է նրանով, որ կա նոր իրավիճակ, զգալիորեն պայմանավորված այն նոր տրամաբանությամբ, որ աշխարհաքաղաքական մակարդակում առաջ է բերել ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը:
Ընդ որում՝ այստեղ հատկանշական է, որ Թրամփի ընտրությունից հետո, երբ հայտնի դարձավ, որ նա վերադառնում է Սպիտակ տուն, Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը նոյեմբերի վերջին հայտարարեց, թե իրենք զբաղված են Կլիմայի գագաթնաժողովի հարցերով և հայ-ադրբեջանական գործընթացի կվերադառնան դեկտեմբերին կամ հունվարին՝ խոսելով նոր փուլի մասին: Նոր փուլը թերևս նախանշում էր նոր տրամաբանությունը:
Ընդ որում՝ այդ հանգամանքը ընկալել, որ Ադրբեջանը հույս ունի ինչ-որ բան ստանալ Թրամփից՝ Հայաստանի հանդեպ, Հայաստանի հաշվին, թերևս չի լինի ստույգ: Խնդիրը այն չէ, որ Բաքուն ակնկալիք ունի Թրամփից:
Պարզապես, Թրամփն ակնհայտորեն բերում է միջազգային վերաձևումների շրջափուլի նոր տրամաբանություն, նոր մոտեցումներ, ինչը նշանակում է, որ մինչ այդ եղած, առավել ևս միկրոմակարդակում գոյություն ունեցած գործընթացները սկսելու են ենթակա լինել այդ տրամաբանությանը:
Հետևաբար, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար ներկայիս շրջափուլն ըստ ամենայնի «հետախուզական» է, ոչ թե իհարկե միմյանց հանդեպ, այլ այն նոր իրողությունների, որ կարող է ձևավորված լինել կամ ձևավորվել գերխաղացողների միջավայրում: Ըստ ամենայնի՝ այդ մակարդակում դեռ պետք է ձևավորվի Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացին առնչվող «նոր հողը», որի վրա արդեն կծավալվեն հետագա զարգացումները:
Հատկանշական է, որ Հայաստանի ԱԳ նախարարն օրերս հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու կետի համաձայնությունը կպահանջի երկար ժամանակ:
Բաց մի թողեք
ԵՄ դիտորդներն արձանագրե՞լ են լարվածություն
Հայաստանի ներքաղաքական կյանքի ո՞ր փուլում է Ադրբեջանի նախագահը «հուշել» այդ ինտրիգային գաղափարը
Դժվար է որևէ բնորոշում գտնել ասիմետրիկ տրանսֆորմացիային