20/05/2025

Թրամփը տապալվում է՝ ինչի՞ համար պետք է պայքարի այս դեպքում Եվրոպան

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ եկել է ժամանակը, որպեսզի Ուկրաինան և Ռուսաստանը բանակցեն միմյանց հետ:

Նա ասել է, որ ԱՄՆ կշարունակի աջակցություն ցուցաբերել ուկրաինական կարգավորմանը, աշխատել խաղաղության համար, սակայն այլևս միջնորդության նպատակով չի թռչի այստեղից այնտեղ: Պետքարտուղարության խոսնակի հայտարարությունը թողնում է բազմիմաստ տպավորություն:

Ի վերջո, Վաշինգտոնը պաշտոնապես հրաժարվու՞մ է միջնորդական դերից, թե՞ դեռևս զգուշացնում այդ մասին: Համենայն դեպս, խոսնակի հայտարարության տոնայնությունը նոր է, երբ նա ասում է, որ այլևս չեն թռչի այստեղ ու այնտեղ՝ որպես միջնորդ: Հատկանշական է, որ այս նոր տոնայնությունը հնչում է հազվագյուտ հանածոների վերաբերյալ գործարքից հետո:

Տպավորություն է, որ այդ գործարքին հասնելով, Թրամփը համարում է, որ լուծել է իրականում հուզող ամենից կարևոր խնդիրը, և ուրեմն ԱՄՆ կարող է հեռանալ միջնորդությունից: Մյուս կողմից, այստեղ իհարկե իրավիճակը կարող է ունենալ «քողարկված ոլորաններ»:

Մասնավորապես, ԱՄՆ հեռանում է ոչ այն պատճառով, որ գոհ չէ թե’ Ուկրաինայից, թե’ Ռուսաստանից, այլ որովհետև պայմանավորվել է Ռուսաստանի հետ: Եթե Ուկրաինան չի ընդունում իրեն առաջադրվող պայմանները, ապա դրանք պարտադրելու տարբերակը միջնորդական «վահանակից» ԱՄՆ հեռանալն է:

Դրանով Նահանգները լուծում է մի քանի հարց, այդ թվում Եվրոպայի հետ, զգալի բեռ թողնելով եվրոպական խաղացողների վրա, որոնք ավելի հարմարավետ էին խաղում Ուկրաինայի դիմադրության թիկունքում:

Միջնորդությունից դուրս գալով՝ Թրամփը գուցե մտածում է «բնից հանել» հենց եվրոպական խաղացողներին: Այլ կերպ ասած, ԱՄՆ ինքն է որոշում խաղալ «քողարկված», մինչ այդ ստանալով իր համար կարևորագույնը՝ Ուկրաինայի ամենաթանկ ռեսուրսների հանդեպ իրավունքը:

Ինչի՞ համար պետք է պայքարի այս դեպքում Եվրոպան: Այսինքն՝ Թրամփն էապես զրկում է Եվրոպայի մոտիվացիայից, միեւնույն ժամանակ նաև «օժտում» պատասխանատվությամբ:

Ուկրաինայում իրավիճակը այդպիսով կարող է մտնել «որակապես» նոր փուլ, որի համար գին վճարողը դարձյալ լինելու է Ուկրաինան, բայց կարող են փոխվել «բաժնետերերի» շահաբաժինները, այդ թվում՝ ավելի թեժացող պատերազմով: